17 05 2019

Էլ չեն ուզում ծառա լինել, արքա դառնալ են ուզում․ «Իրատես»

Էլ չեն ուզում ծառա լինել, արքա դառնալ են ուզում․ «Իրատես»

«Իրատես»-ը գրում է․ «Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»,- ամիսներ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, արի ու տես, Փաշինյանը չի ընդունում, որ առնվազն մեկ տարի իր իշխանությունը պետք է անտրտունջ ծառայի ժողովրդին։ Եվ ոչ միայն նա։ Բավական արտառոց նախազգուշացում-սպառնալիք հնչեցրեց նախօրեին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, թե իր բաժնի աշխատակիցներն արտաժամյա չեն աշխատի, եթե նրանց աշխատավարձը չբարձրացնեն։

Փաստորեն, էլ չեն ուզում ծառա լինել, գոնե մեկ տարով։ Փաշինյանն էլ անընդհատ վստահեցնում է, թե բարձր աշխատավարձերի քաղաքականություն է տանում ու հեգնում, թե նախկինում կա՞ր մարզպետ, որ 400 հազար դրամի հույսին էր։ Մինչդեռ Փաշինյանը լրիվ մոռացել է, որ ժողովրդից իր իշխանությունը «պարգև» է ստացել հենց այն խոստումների դիմաց, որ չի գնա նախորդների հետքով ու կվերացնի հոռի բարքերը։ Սակայն, մեկ տարին չբոլորած՝ ողջ պետական համակարգը՝ վերից վար, ինքն իրեն պարգևատրեց։ Բա սա ծառայի՞ բան է։ 

Հիմա, երբ Փաշինյանը զարմանում է մարդկանց զարմանքի վրա, չի՞ մտածում, որ Հայաստանում բազմաթիվ ընտանիքների համար 400 դրամն էլ էական գումար է, ուր մնաց 400 հազարը։

Չի՞ մտածում, որ ինքը ժառանգություն է ստացել 30 տոկոս աղքատություն ունեցող երկիր, և մարդկանց վստահեցրել է, որ ոչ մի անձնական շահ չի հետապնդում ու ծառայելու է ժողովրդին։ Իսկ հիմա փողոցներ «չափչփած» իշխանավորներին, փաստորեն, պետք է վարձահատույց լինել, իսկ 30 տոկոս աղքատությունը դեռ կսպասի։Սովորաբար երկիրը բարեկեցիկ ու զարգացած է համարվում, երբ թոշակառուները բարձր թոշակ են ստանում։ Իսկ ի՞նչ արեցին նոր իշխանությունները. սոցիալական արդարությունը ոտնատակ անելով, այսպես ասած, ոչ մի օր չաշխատած, փոքր շերտի թոշակը որոշակի բարձրացրին ու հայտարարեցին, թե թոշակ են բարձրացրել։ Հիմա էլ ասում են, թե խրախուսում են բարձր աշխատավարձերի քաղաքականությունը, հետաքրքիր է` այդ ո՞ւմ բարձր աշխատավարձն են խրախուսում, իրե՞նց։ 

Փաստն այն է, որ Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխությամբ, ինչպես տնտեսագետներն են փաստում, հարուստներն ավելի են հարստանալու, աղքատներն ավելի են աղքատանալու, ժողովրդի ծառաներն օգտվելու են իշխանական բոլոր բարիքներից, իսկ տնտեսական անհեթեթ ու անհասկանալի քաղաքականությունը իներցիոն ուժով շարունակվելու է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ