«Իրատես»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը որևէ հարցում չսխալվող, ոչ մի տեղ չսայթաքող, թերություններ չունեցող իշխանության մասին էր: Կրկին մի քանի ժամ տևած ասուլիսի ժամանակ իրեն հատուկ ոճով Փաշինյանը բավական «կուլտուրական ձևով» բոլոր հարցերին ոչ կոնկրետ, ցրողական պատասխան տվեց. կարճ հարցեր, երկար պատասխաններ: Նրա ներկայացրած հարյուր փաստին հատ առ հատ կարելի է անդրադառնալ, լրագրողների հետ հարցուպատասխանին` նույնպես, բայց անդրադառնամ ինձ համար ամենահետաքրքիր դրվագին:
Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի լատինատառ նամակներին ու փաստաթղթաշրջանառությանը: Մոտ երկու ամիս առաջ էի լուրը գրել, ինչից հետո այն տարածվել էր համացանցով մեկ ու մեծ արձագանք ստացել: Ռևազյանը, իհարկե, չէր անդրադարձել դրան, որովհետև հերքելու հակափաստարկ չուներ:
Ի տարբերություն նրա՝ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ հարցին ըստ էության պատասխանելու, փորձեց ջրից չոր դուրս բերել Ռևազյանին. նախ վստահեցրեց, թե քաղավիացիայի պետի և իր նամակագրությունը մշտապես հայերենով է եղել, ապա նշեց՝ լատինատառը ցավալի ընդունել պետք չէ, համացանցում մեծ մասամբ այդ կերպ են հաղորդակցվում: Դա էլ բավարար չէր՝ Փաշինյանն անկեղծացավ, որ ինքը լուրից տեղյակ չէ: Սերժ Սարգսյանին իրավիճակին չտիրապետելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, նույն կարգավիճակում է հայտնվել` մամուլ չի կարդում ու աչք է փակում իր թիմի հասցեին արվող քննադատությունների վրա:
Համացանցում շատերը, ցավոք, լատինատառ են գրում, բայց դա արդարացում չէ պետական պաշտոնյայի՝ հայերենի չիմացության համար: Հատկապես այն դեպքում, երբ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն Կոնստանտին Օրբելյանի` հայերենի ոչ բավարար իմացությունը «մաքրամաքուր» մայրենիով հաղորդակցվող նորեկները մատի փաթաթան էին սարքել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը