13 05 2019

«Կիլ Դիմ» սերիալի YouTube-յան պաշտոնական էջը փակվել է. «168 Ժամ»

«Կիլ Դիմ» սերիալի YouTube-յան պաշտոնական էջը փակվել է. «168 Ժամ»

Ռեժիսոր, անիմատոր և նկարիչ Դավիթ Սահակյանցն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Կիլ Դիմ» փրոդաքշնի «Կիլ Դիմ» անիմացիոն սերիալի YouTube-յան պաշտոնական էջն արգելափակվել է։ «Կիլ Դիմ» անիմացիոն սերիալը յուրաքանչյուր մասում երգիծանքի տեսքով անդրադառնում է Ադրբեջանի նախագահին ու նրա վարած քաղաքականությանը։

168.am-ի հետ զրույցում Դավիթ Սահակյանցն ասաց, որ 9 տարի է՝ սերիալը նկարահանվում է և հայտնվում YouTube-ում, սակայն առաջին անգամ է, երբ էջն արգելափակում են։

««Գուգլին» պաշտոնական նամակ էինք գրել, սակայն այն մերժվել է, և արգելափակման որոշումը մնացել է ուժի մեջ։ Նշել էին, որ իրենց որոշումը փոփոխության չի կարող ենթարկվել»,- ասաց Դավիթ Սահակյանցը։

Էջի արգելափակումը բացատրել են հետևյալ կերպ, որ անիմացիոն սերիալում կա ռասայական խտրականություն, դաժանություն։

«Զարմանալին այն է, որ 9 տարի որևէ խնդիր չի եղել, միայն ադրբեջանցի օգտատերերի կողմից դիզլայքեր են եղել կամ մեր էջին սպառնալիքները, նման բան չէր եղել։ Չգիտեմ՝ սա զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ, բայց այն ամենը, ինչ այսօր քարոզվում է՝ միակողմանի խաղաղության գաղափարը, կարծում եմ՝ սա էլ է մեծ դեր ունեցել։ Նույնիսկ ժամանակ կար, որ Հայաստանի բնակիչներն էին մեզ մեղադրում, որ մենք չպետք է նման բան նկարահանենք, և այլն»,- ընդգծեց Դ. Սահակյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում նոր անվան տակ մեկ այլ էջ կբացեն և կփորձեն պաշտոնապես ներբեռնել անիմացիոն սերիալի բոլոր մասերը, կօգտագործեն նաև Ֆեյսբուքը: Ավելին, եթե ժամանակ էլ լինի, ապա կնկարահանեն նոր սերիալներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ