11 05 2019

Լոբով երկիր պահելու արվեստը․ «168 Ժամ»

Լոբով երկիր պահելու արվեստը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ Դուք տեսե՞լ եք մի երկիր, որտեղ տեղի ունենան այսքան արտահերթ ընտրություններ, վարչապետների հրաժարականներ, հեղափոխություն, ու այնտեղ ներդրումներ գան. այս շաբաթ տված ասուլիսում հարցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բավական զայրացած տոնայնությամբ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ ներդրումները, սպասվածին հակառակ, չեն հորդում երկիր:

Զայրույթի պատճառն անհասկանալի է: Չէ՞ որ հենց Փաշինյանն ու իր թիմակիցներն են հեղափոխությունը բրենդ սարքել ու մի տարի շարունակ համոզում բոլորիս, որ հես ա-հես ա մեր հեղափոխության վրա բերանները բաց մնացած ներդրողներն իրար հերթ չտալով՝ գալու են ներդրումներ անելու: Այնպես որ, պատասխանենք վարչապետի հարցին. ո՛չ, մենք չենք տեսել նման երկիր: Բայց Դուք, հավանաբար, տեսել եք: Այլ կերպ դժվար է բացատրել, թե ինչո՞ւ եք մինչ օրս ձեր բոլոր արտերկրյա ելույթներում մանտրայի պես կրկնում  «ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»՝ բոլոր ներդրողներին հիշեցնելով, որ սա հենց այն երկիրն է, որտեղ տեղի են ունենում հեղափոխություններ, հրաժարականներ, արտահերթ ընտրություններ:

Որ հեղափոխությունը վանում է ներդրողին, ճիշտ է, բայց վարչապետի փաստարկների զինանոցում սա նոր փաստարկ է: Փոխարենը՝ հին փաստարկներից մեկն է, թե նախկինում տնտեսությունը հենված էր հանքարդյունաբերության վրա: Թեղուտը չի արտադրում, Ամուլսարի ներդրումներն էլ կանգնած են, ու այս երկու ծրագրով է պայմանավորված ներդրումների ու արտահանման շատ վատ վիճակագրությունը:

Փաշինյանն այս ասուլիսում հնչեցրած իր մտքերին նաև հավելեց, թե բավական է ունենանք հանքարդյունաբերության վրա հենված տնտեսություն: Այստեղ, իհարկե, տրամաբանական հարց է առաջանում: Լավ, ենթադրենք՝ չենք ուզում հանքարդյունաբերության վրա հենված տնտեսություն, բա այս մեկ տարվա մեջ ո՞ւր են այլ ոլորտներում գոնե դանդաղ եկող ներդրումները: Չկա՞ն:

Եվ ուրեմն՝ մի հակընդդեմ հարց Փաշինյանին: Դուք գիտե՞ք որևէ այլ երկիր, որտեղ ներդրումներ են գալիս որևէ ոլորտում, երբ երկիր 400 միլիոն դոլար ներդրած ընկերության աշխատանքները կանգնած են արդեն մեկ տարի, մի քանի տասնյակ մարդու կամքով՝ պատկան մարմինների լիակատար անգործության պայմաններում: Եվրոպական բանկի ու մի շարք արևմտյան բանկերի վերահսկողությամբ կառուցվող Ամուլսարում կամայական ու անվերջ ստուգումներ են անում՝ չթողնելով աշխատել, այն պարագայում, երբ նույն այդ երկրում աշխատում են բոլոր մյուս հանքերը: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ խտրականություն ու կամայականություն: Դուք գիտե՞ք մի երկիր, որտեղ ներդրումներ են գալիս՝ այս ամենին զուգահեռ:

Եվ, վերջապես, դժվար է ասել, թե ով է խորհուրդ տվել վարչապետին անընդհատ շեշտել, թե հանքարդյունաբերության վրա հենված տնտեսությունը վատ բան է։  Դա վատ խորհուրդ է: Մի քանի պատճառով: Նախ, որքան էլ պահածոյացված բամիա ու ծիրանի կոմպոտ արտահանվի, երկրի արտահանման ամենաեկամտաբեր ճյուղը, միևնույն է, հանքարդյունաբերությունն է: Ոչ մի «տնտեսական տրանսֆորմացիա» չի փոխի այն պարզ իրողությունը, որ պղինձն ու ոսկին բամիայից թանկ են:

Այս, հաջորդ ու նաև մյուս տարին ամփոփելիս՝ ՀՀ վիճվարչության տվյալները ցույց կտան, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ արտահանման առաջատարը՝ արտարժույթի մուտքերի առումով:

Ու այդ դեպքում քննադատներն արդարացի հարց կտան վարչապետին՝ բա ո՞ւր են «Մերսեդեսի» շարժիչի արտադրությունը, «Տեսլա» տիեզերանավի մասերի արտադրությունը, ներդրումները Հայաստանում Apple-ի գործարանի մեջ: Եթե հաջորդ տարիներին էլ է կառավարության տնտեսական թիմը պատրաստվում հանքարդյունաբերությանը հակադրել լոբու արտահանման աճը, ապա դա ոչ մի բանով չի տարբերվի «Ջերմուկով երկիր պահելու»  90-ականների տնտեսական կոնցեպտից:

Իսկ գիտե՞ք, թե ո՞ր երկրի տնտեսությունն է հիմնված հանքարդյունաբերության վրա: Կանադայինը: Կանադան աշխարհի հանքանյութի ամենախոշոր մատակարարն է: Անցյալ տարի մեր վարչապետը Կանադայի Վարչապետ Ջասթին Թրյուդոյին հայկական գուլպաներ նվիրեց: Թրյուդոն ժպիտով լուսանկարվեց զոլավոր գուլպաներով, բայց, չգիտես ինչու, հայկական տեքստիլով ոգևորված չվերադարձավ Կանադա և կոչ չարեց հրաժարվել հանքարդյունաբերությունից ու փոխարենը՝ գուլպայի արտադրություն սկսել: Որովհետև ինստիտուտների, օրենքի ու տնտեսական գիտելիքի վրա հիմնված երկրներում թացը չորից տարբերում են ինստիտուցիոնալ մակարդակում ու կարողանում են և՛ որակյալ հանքարդյունաբերություն ունենալ, և՛ դիվերսիֆիկացված տնտեսություն: Իսկ այն երկրներում, որտեղ տնտեսությունը կախված է տնտեսության մասին աղոտ պատկերացում ունեցող մեկ անձի վիճելի տնտեսական «նոու-հաուներից» աղքատությունը չի հաղթահարվում՝ ո՛չ մարդկանց գլխում, ո՛չ սառնարաններում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ