«Փաստ»-ը գրում է․ «Խորհրդարանական արտահերթ ընտրությունները շուտ անցկացնելու «ամենազորավոր» փաստարկն այն էր, որ պոտենցիալ ներդրողները հերթ են կանգնել կառավարության դռանը ու պահանջում են իշխանության ամբողջացում՝ Հայաստանի տնտեսությունը շենացնելու նպատակով: Այս միտքն ակտիվորեն զարգացրեց հատկապես Նիկոլ Փաշինյանը, երբ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հաղորդեց Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանպկի «ավետիսը»: Տնտեսագետները, իհարկե, հակադրվեցին վարչապետի այս մոտեցմանը, սակայն ընդդիմադիր տեսակետները համարվեցին «հակահեղափոխական», ու արտահերթ ընտրություններն անցկացվեցին իշխանության նախանշած ժամկետներում: Լավ արեցին ու մի բան էլ համոզիչ հաղթանակ տարան: Հիմա մենք՝ «հպարտ» քաղաքացիներս, անհամբեր սպասում ենք շռնդալից ներդրումների մասին տեղեկատվական հոսքերին: Սակայն վիճակագրական տվյալները «սառը ցնցուղի» ներգործություն ունեցան, ու պարզվեց, որ 2018-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտ 1,8 տոկոսով են ավելացել, դոլարային պատկերով՝ աճը 2018-ին 4,5 միլիոն է:
Ստացվում է՝ կամ Փաշինյանի թիմը մեզ մանիպուլացրել է, կամ էլ հեղափոխության արժեքները տնտեսության մեջ առհասարակ չեն կապիտալիզացվել, այլ խոսքով՝ապաշնորհ է գտնվել կառավարությունը: Երկրորդ փաստարկի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն ընդամենը 6,5 տոկոս է՝ միանգամայն համադրելի անցած երեք՝ «ոչ հեղափոխական» տարիների ցուցանիշներին: Այս ամենի հանրագումարում «տնտեսական հեղափոխության» շեշտադրումները միայն ժպիտ կարող են առաջացնել, կամ էլ կառավարության ընդդիմախոսների անխնա քննադատությունը:
Ինչևէ, ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ տնտեսությունը թռիչքաձև չաճեց կամ չարձանագրվեց ներդրումային բում:
Նիկոլ Փաշինյանի թիմին թվում էր՝ դրա համար հակակոռուպցիոն պայքարը բավարար է: Պայքարի գոյությունն ու անհրաժեշտությունը որևէ մեկը չի վիճարկում, մյուս կողմից՝ նախկին համակարգի ու դրա կոռուպցիոն մեխանիզմների կազմաքանդումը մեխանիկորեն չէին կարող հանգեցնել ներդրումային ակտիվացմանը»,:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը