«168 Ժամ»-ը գրում է․ «Մեր երկրի բնակչության թվաքանակը 2015 թվականին նվազեց 3 միլիոնի ցուցանիշից ու առ այսօր դանդաղ տեմպով պակասում է։ Վիճակագրության ժողովրդագրական հատվածը փորձում է հնարավորինս շատ տեղեկատվություն ապահովել՝ իրավիճակը սթափ գնահատելու, հնարավորության դեպքում՝ որոշակի քաղաքականություն մշակելու համար։
Ժողովրդագրությունը, բնակչության ընդհանուր թվաքանակից զատ, բնականաբար, հրապարակում է նաև տղամարդկանց և կանանց թվաքանակը (որքան էլ որ սուպերնեոլիբերալներն այստեղ մարդու իրավունքների խախտում տեսնեն)։ 2018 թվականի հունվարի դրությամբ մեր երկրի բնակչության թվաքանակը 2 մլն 972,7 է։ Բնակչության 52,5 տոկոսը կանայք են։ Նման համամասնությունը բնական է մեր տիպի երկրների համար։
Սեռերի իրավունքների անխոնջ պաշտպանների աչքերից ու ականջներից հեռու՝ պաշտոնական վիճակագրությունն այլ տարբերություններ էլ է արձանագրում։ Օրինակ, պաշտոնապես նշվում է, որ մեր երկրում կյանքի սպասվող տևողությունը 75,4 տարի է։ Բայց կյանքի տևողությունը սեռերի պարագային նկատելի տարբեր է։
Հայաստանցի տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 71,9 տարի է։ Հայաստանցի կանանց պարագային այն ավելի բարձր է՝ 78,7 տարի։ Այս տարբերությունը ևս ի վերուստ սահմանված ցուցանիշ է։
Հավանաբար իշխանություններին օգնելու նպատակով ժողովրդագիրները զանազան մանրամասնություններ են հաշվարկում ու հրապարակում։ Օրինակ, այն, որ բնակչության 63,8 տոկոսն ապրում է քաղաքային բնակավայրերում։ Սրան կից նաև հրապարակվում է երկրի բնակչության կառուցվածքը՝ ըստ տարիքի։
Այն հաշվառվում է 5-ական տարվա կտրվածքով։ Ասենք, նշվում է, որ երկրում ապրում է 45-49 տարեկան 186 հազար 700 մարդ։ Այս կառուցվածքից պարզ նկատելի է, որ մեր երկրի բնակչության կառուցվածքում ամենախոշոր չափի «ներկայություն» ունեն 25-29 և 30-34 տարեկան խմբերը՝ յուրաքանչյուրի մասնաբաժինը 9-ական տոկոս է։
Հաջորդ մեծ խումբը 35-39 տարեկաններինն է՝ 7,5 տոկոս։ Սա նշանակում է, որ 1983թ. մինչև 1993թ. մեր երկրում ծնունդների «բում» է արձանագրվել, որից հետո սկսված բնակչության թվաքանակի կրճատումն առայժմ կանխել չի հաջողվում։
Իսկապես 40 տարեկանից ավելի տարիքի խմբերը 25 տարեկաններից մեծ մասնաբաժին ունեն բնակչության տարիքային կառուցվածքում։ Այս երևույթները պարբերաբար իրենց նկատելի հետքն են թողնում երկրի կյանքում։
Օրինակ, 90-ականների տնտեսական ճգնաժամի տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցը ռեկորդային քանակով աշակերտներ ուներ։ Ուստի պետությունը «ստիպված» էր հավելյալ միջոցներ հատկացնել դպրոցին, ուր աշխատակիցների թիվն էլ ռեկորդային աճեց՝ գերազանցելով 60 հազարի սահմանը։
Բայց անմիջապես հետո, աշակերտների թիվը կտրուկ նվազեց (նույն 1993-1997թթ. ծնունդների կտրուկ անկում էր գրանցվել)։ Այդ պահին իշխանությունները ստիպված էին կրճատել ուսուցիչների թվաքանակը՝ գործողություն, որ ժողովրդական հիշողության մեջ մնաց «դպրոցների օպտիմալացում» տխուր անունով։ Բայց բնակչության նվազման բացասական գործընթացները հիմա էլ են շարունակվում։
Սա ապացուցում է մինչև 1 տարեկանների թվաքանակի համեմատությունը (վերջին տարիներին այն ևս նվազում է)։ 2014-ին 1 տարեկանների քանակը 41,7 հազար էր, 2015-ին՝ 43, 2016-ին 41,4, իսկ 2017-ին՝ 40,3 հազար։ 2018-ին 1 տարեկանների քանակն առաջին անգամ նվազեց 40 հազարից՝ կազմելով 37,5 հազար։ Սակայն սա մանկական տարիքի ժողովրդագրական միակ բացասական ցուցանիշը չէ։
Մոտ 20 տարի առաջ մեր երկրում որոշակի փոփոխություն է եղել, որ շարունակվում է առ այսօր։ Բնակչության տարիքային համարյա բոլոր խմբերում բնական հարաբերակցություն է համարվում իգական սեռի թվային գերակշռությունը։ Հիշեցնենք՝ մեր երկրի բնակչության 52,5 տոկոսը կանայք են։ Բայց մինչև 20 տարեկանների պարագային իրավիճակը ճիշտ հակառակն է։ Տղամարդկանց ցուցանիշը 53,2 տոկոս է։ Սեռային խտրականությունների հարցերով զբաղվող մասնագետների կարծիքով՝ պատճառը, այսպես կոչված, «սելեկտիվ աբորտն» է, երբ ծնողներն իմանալով պտղի սեռը՝ հրաժարվում են աղջիկ երեխա ունենալու հեռանկարից։
Տարիներ առաջ շատ հասարակական կազմակերպություններ փորձեցին պետության ու հասարակության ուշադրությունը բևեռել այս հարցի շուրջ։ Նույնիսկ նշվում էր, որ այս ոլորտում մենք ավելի դաժան ենք, քան չինացիները, ովքեր բնակչության աճի դեմն առնելու խնդիր ունեն՝ ի տարբերություն մեզ։ Ահա այսպիսին են ժողովրդագրության ոլորտում մեր ընդհանուր թվերը։ Այն, իհարկե, թերի է։ Թերի են, օրինակ, վրաց մասնագետների հրապարակած թվերը։ Այնտեղ տեղեկատվությունն ավելի մանրամասն է։
Օրինակ, գործազրկության տվյալները, մեր նման, միայն ընդհանուր ու սեռային բաժանմամբ չէ, որ ներկայացվում է։ Այնտեղ գործազրկությունը հաշվառվում է նաև ըստ տարիքային խմբերի։ Մեր վիճակագիրներն այսքան չեն «մանրանում»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը