04 05 2019

«Վերելակային դիվանագիտության» փակուղին. «Փաստ»

«Վերելակային դիվանագիտության» փակուղին. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընթացող միջմշակութային երկխոսու­թյան համաշխարհային համաժողովում հայ­տարարել է, թե բացակայում է ՄԱԿ ԱԽ բա­նաձևերի իրականացման մեխանիզմ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող: Ալիևը շարունակել է «վատանալ» և նշել է, թե ՄԱԿ ԱԽ բանաձևերը թղթի վրա են մնացել. «Հայաստանը շարունակում է օկու­պացնել մեր պատմական հողերը՝ Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանի ևս 7 շրջան»:Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը մի քանի ամսվա իբր «կառուցողական» շեշտադրումներից հետո ակնհայ­տորեն նորից փոխվել է՝ վերադառնալով ի շրջանս յուր:

Սակայն խնդիրը միայն Ալիևի ու ալիևականների ռազմատենչ ելույթները չեն, ան­ցյալ օրերին հրադադարի ռեժիմը քանիցս խախտվել է, ընդ որում՝ հակառակորդը թիրախավորել է ինչպես Հայաստանի Տավուշի մարզի որոշ բնակավայրեր, այնպես էլ Ար­ցախի արևելյան (Ակնա) հատվածը:

Բաքվի նման քաղաքականությունը զար­մանալի չէ, արտառոցն այն է, որ Հայաստա­նի պետական ու քաղաքական գործիչները խոսում են ամեն ինչից՝ սառն անտարբերությամբ լռություն պահպանելով առաջնագծից ստացվող մտահոգիչ լուրերի կապակցու­թյամբ:

Օրինակ՝ Հայաստանի Տավուշի մարզը գնդակոծվեց ճիշտ այն օրը, երբ Երևանում մեկնարկեց ԵԱՏՄ վարչապետների հանդի­պումը, ու դա պատահական չէր: Զարմանա­լի է այն հանգամանքը, որ Հայաստանի վար­չապետը որևէ կերպ իր գործընկերների ուշադրությունը չհրավիրեց այս փաստի վրա, գոնե՝ հրապարակային քաղաքականության մակարդակում:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ու իշխանու­թյան այլ ներկայացուցիչներ բազմաթիվ առիթներով արժևորել են, այսպես կոչված, «վերելակային դիվանագիտությունը»՝ Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի ձեռք բերած բանավոր պայմանավորվածությունները, որոնց շնոր­հիվ, պետք է խոստովանել, անցած տարվա սեպտեմբերից առաջնագծում հարաբերա­կանորեն պահպանվում էր հրադադարը: Վերջին օրերին իրավիճակ է փոխվել, ինչը ենթադրել է տալիս, որ կարգավորման գոր­ծընթացում ինչ-որ զարգացումներ են տեղի ունենում, որոնք կարող են մեծացնել պատե­րազմի վերսկսման ռիսկերը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ