03 05 2019

Արագածոտնի մարզպետն իրեն բդեշխ է զգում․ «168 Ժամ»

Արագածոտնի մարզպետն իրեն բդեշխ է զգում․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը պատժիչ մեխանիզմներ է գործի դրել աշխատակազմում, որպեսզի կառավարումը, իր ընկալմամբ, ավելի արդյունավետ դառնա:

Հեղափոխական մարզպետի սահմանած խաղի կանոնները ներքին խժդժությունների պատճառ են դարձել, որոշ մարդկանց մեկնաբանությամբ՝ ընկալվել են իրեն հաճոյանալու միջոց: Խոսքը պարգևավճարների բաշխման մասին է, առաջին եռամսյակում որևէ աշխատակից այդպես էլ պարգևավճարի արժանի չի համարվել: Մարզպետարանի աշխատակիցների խոսքով՝ պարգևատրվել են բոլոր մարզպետարաններում, մինչդեռ իրենք մյուսների շարքում «սպիտակ ագռավ» են դարձել:

«Առաջին եռամյսակն անցել է, բոլոր մարզպետարաններում, աշխատավարձերի հետ միասին՝ մարդիկ ստացել են իրենց հասանելիք պարգևավճարները, աշխատակազմերը պատշաճ կերպով հետևել են կանոններին, սակայն մեր ղեկավարը մեր հաշվին էկոնոմ ռեժիմի է անցել»,- 168.am-ի հետ զրույցում Արագածոտնի մարզպետից դժգոհում են աշխատակիցները:

Նրանց խոսքով՝ մարզպետը նոր խաղի կանոններ է սահմանել:

«Որոշել է մեր հաշվին իշխանություններին լավություն անել, պետբյուջեից գումարը դեռևս ապրիլի 1-ից նստած ա մարզպետարանի հաշվին, մարզպետն ամեն առիթով աշխատողներիս ասում է՝ միայն արժանիներին շատ արագ կտանք: Թե արժանին էլ ո՞վ է ու ի՞նչ գնահատումներով՝ մարդ չի հասկանում, երևի ուզում է՝ գնանք, շողոքորթենք իրեն, որ մեր հասանելիք փողը տա… Մեկ ամիս է՝ մարզպետի անհասկանալի վարքագիծը խնդիր է դարձել նաև Ֆինանսների նախարարության համար»,- ասում են աշխատակիցները:

Մեզ ահազանգած քաղաքացիները պատմում են նաև Դավիթ Գևորգյանի հակասական որոշումների մասին: Օրինակ, այն, որ պարգևավճարների հաշվին իբր բյուջեի խնայողություն անող Արագածոտնի մարզպետն անհարկի շռայլություններ է թույլ տալիս իրեն բենզինի դուրսգրման հարցում:

Ավելին, նա ոչ միայն գերազանցել է մինչ օրս սահմանված չափերը, այլև կտրել է բոլորին հասանելիք կտրոնների բաշխումը, փոխարենը՝ եռապատկել է իր ծառայողական մեքենային հասանելիք բենզինի չափը, և սա՝ այն դեպքում, երբ իր մեքենան, ասում են, հիմնականում կայանած է բակում, իսկ մյուսներինը շարունակ՝ տարբեր հանձնարարականներով, անընդհատ շարժման մեջ են՝ համայնքից համայնք:

«Էսօրվա դրությամբ մարզպետի մեքենայի համար ամսական շուրջ 500-1000 լիտր բենզին ա դուրս գրվում՝ ամսվա կտրվածքով, սա անհավանական թիվ ա, մինչդեռ նախորդ տարիներին մարզպետին հասանելիք բենզինի չափը երբեք չի գերազանցել 300 լիտրը։ Սա աննախադեպ չտեսություն ա, հասկանո՞ւմ եք, անթույլատրելի չտեսություն՝ հատկապես մեր պարգևավճարները խնայելու պարագայում»,- ասում է մեր զրուցակից աշխատակիցը:

Քաղաքացիների ահազանգի հետքերով՝ փորձեցինք պարզաբանում ստանալ նախ՝ մարզպետից։ Դավիթ Գևորգյանը, ինչպես միշտ, չպատասխանեց իրեն անծանոթ հեռախոսազանգերին: Մարզպետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Զորյանն էլ կարծես նախապես ձայնագրած տեքստերով միայն մի բան էր կրկնում՝ ավտոմատ-ինքնապատասխանիչի ռեժիմով. «Ձեր հարցերը գրավոր ուղարկեք՝ սահմանված ժամկետում կփորձենք պատասխանել Ձեզ»:

Օգտվելով մեզ տրված իրավունքից՝ հրապարակավ ներկայացնում ենք մեր հարցերը՝ ուղղված մարզպետարանին, ակնկալելով, որ «սահմանված ժամկետում կփորձեն պատասխանել մեր հարցերին»:

1. Ինչպիսի՞ պայմաններ եք դրել աշխատակիցների առաջ պարգևավճարները բաշխելու համար:

2. Ինչո՞ւ նրանց առջև դրված պայմանները չեն բխում աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետությունից:

3. Ինչպե՞ս է որոշվում աշխատակիցների արդյունավետությունը։

4. Ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով եք Ձեր կամայականությունը թելադրում՝ իբրև նախապայման:

5. Ինչո՞ւ մարզպետարանում աշխատակազմին պատշաճ կերպով չեն ներկայացվում պարգևավճարների բաշխման գործընթացը և ժամկետներին առնչվող մարզպետի կամ աշխատակազմի ղեկավարի որոշումները:

6. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր կողմից բենզինի կտրոնների մասին վերոհիշյալ տեղեկատվությունը, որը մեզ տրամադրվել է մարզպետարանի աշխատակիցների կողմից: Խնդրում ենք բենզինի կտրոնների բաշխման հետ կապված համապատասխան փաստաթղթեր մեզ տրամադրել։

7. Ի՞նչ պատճառաբանությամբ ու հիմնավորմամբ է որոշվել եռապատկել մարզպետին տրամադրվող կտրոնների չափը և հակառակ որոշումը կիրառել աշխատակիցների դեպքում:

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Ի դեպ, հիշեցնենք, որ դեռևս այս տարվա փետրվարին մարզպետը լրագրողների հետ զրույցում ասում էր, թե չի կարողանում 80 հազար դրամ աշխատավարձով վարորդ գտնել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ