«Փաստ»-ը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր կառավարության առաջնահերթություններից մեկը համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է։ Չեմ կարող ժխտել՝ հեղափոխությունից հետո կոռուպցիան եթե նույնիսկ չի վերացել, էապես կրճատվել է, սակայն կարծում եմ՝ արդարացված չէ խոսել դրա վերացման մասին՝ որպես համակարգային դրսևորում։ Նախ՝ եթե այդպիսի բան լիներ, առողջապահության փոխնախարար չէր ձերբակալվի կոռուպցիոն մեղադրանքով, ու հիմա էլ ԱԱԾ-ն չէր վարի ՊՎԾ-ի հետ կապված հայտնի գործը, որը նույնպես կոռուպցիոն հետագիծ ունի։
Իհարկե, օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումն էապես սահմանափակել է կոռուպցիայի զարգացման հնարավորությունը, մյուս կողմից՝ պահպանվում է անարդյունավետ կառավարման համակարգը, որը եթե անգամ այսօր զերծ է կոռուպցիոն գայթակղությունից, վաղն անպայման տրվելու է դրան։ Ի վերջո, ամբողջ աշխարհում անարդյունավետ կառավարումն ու կոռուպցիան փոխկապակցված են։ Բացի այդ՝ Հայաստանում իրականացվում է կամայական, սուբյեկտիվ կադրային քաղաքականություն, ինչի հետևանքով պետական ծառայության են անցնում մարդիկ, որոնք ոչ միայն չունեն համակարգային աշխատանքի փորձառություն, այլ նաև անհրաժեշտ գիտելիքներ, ու այս դեպքում ևս պարարտ հող է ստեղծվում կամայական որոշումների կայացման ու կոռուպցիայի զարգացման համար։ Պատահական չէ, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հետաքննությունը պարզել է բավականին տխուր պատկեր, ըստ այդմ՝ «EX Production/Գևորգ Աղաբալ յան Ա/Ձ»-ն և «Unity Production/ Ալեքսանդր Մհերյան» անհատ-ձեռնարկատերը, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի ու նրա եղբայր պատգամավորի հետ, պարբերաբար շահում են կառավարության անցկացրած միջոցառումների կազմակերպման մրցույթները։ Նման մի ահազանգ էլ վարչապետին ուղղված բաց նամակում արել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պարզաբանում պահանջելով, թե ինչով է պայմանավորված 2017 թվականին հիմնադրված «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության ծառայություններին գերապատվություն տալու և այլ ընկերությունների համար հակամրցակցային դաշտ ձևավորելու փաստը: Թեման ավելի մանրամասնեց «Մեդիալաբը»:
Սրանք բոլորը թաքնված կոռուպցիոն ռիսկեր են, ի վերջո՝ իշխանության ու բիզնեսի սերտաճումը սկսվում է հենց այսպիսի նախադեպերով, ու ամենևին էլ բացառված չէ, որ այսօր կառավարությունում հայտնված իրենց ընկերների միջոցով փողեր աշխատող մարդիկ վաղը պատգամավոր դառնալու հավակնություն ունենան, մանավանդ, որ հրապարակված լուսանկարներից երևում է, որ նրանք մտերմիկ հարաբերություններ ունեն հեղափոխության գործիչների հետ։ Կամ ո՞րն է երաշխիքը, որ իշխանության մտերիմների բիզնեսները մրցույթները շահում են իրենց մասնագիտական որակների ու լավ ծրագրերի շնորհիվ, այլ ոչ թե այլ պատճառներով, ինչի՞ց հասարակությունը վստահ լինի, որ գումարներ չեն «լվացվում»։ Քաղաքական ուժերի ու հասարակության խնդիրն է՝ անընդհատ բարձրաձայնել այս փաստերի մասին։ Սրանով մենք միայն օգնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե, իհարկե, նա հետևողական է կոռուպցիոն բոլոր ռիսկերը չեզոքացնելու հարցում։
Մյուս կողմից՝ երբ մարդիկ իրենց քննադատությունը կառուցում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա դիսկրիմինացնում են ոչ միայն խոսքի արժեքը, այլ նաև իշխանությանը։ Օրինակ՝ շատերը կառավարման հոռի բարքերը քննադատում էին անցյալում ու լռում են կամ ավելին՝ դրանք արդարացնում են այսօր։ Ստացվում է՝ այս մարդիկ խնդիր ունեն ոչ թե կոռուպցիայի կամ անարդյունավետ կառավարման, այլ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կամ էլ, ծայրահեղ դեպքում, ոչ թե կոռուպցիան են չարիք համարում, այլ այն հանգամանքը, որ իրենք չեն կարողացել օգտվել այդ «բարիքից»։
Օրինականությունը սելեկտիվ լինել չի կարող, հակառակ պարագայում կարող ենք ապալեգիտիմացնել ամբողջ արդարադատության համակարգը՝ այն դարձնելով նախկինների դեմ հաշվեհարդարի գործիք։
Նույնը վերաբերում է կադրային քաղաքականությանը։ Եթե նախկինում աշխատանքի ընդունման չափանիշ էր ՀՀԿ կրծքանշանը, ապա հիմա այդպիսին դարձել է «քայլելու» հանգամանքը։ Պատահական չէ, որ խորհրդարանական այսօրվա մեծամասնության ներկայացուցիչներից մեկն ասում է, որ ժամանակին եղել է ՀՀԿ ֆիկտիվ անդամ՝ ոչ մի երաշխիք չտալով, որ այսօր «Իմ քայլի» իրական անդամ է։
Պետք է դուրս գանք ֆեյքային այս տրամաբանությունից ու բաց աչքերով նայենք իրականությանը, այլապես նոր Հայաստանը կարող է դառնալ հնի իներցիոն շարունակությունը կամ մոդիֆիկացիան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը