«Փաստ»-ը գրում է․ «Երևանում երեկ տեղի են ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի փակ և նեղ կազմով նիստեր: Օրակարգում 13 հարց է եղել: ԵԱՏՄ վարչապետների հավաքները, որպես կանոն, հասարակության լայն շրջանակներին քիչ են հետաքրքրում: Նախ՝ ԵԱՏՄ-ում քաղաքական սկզբունքային որոշումները կայացվում են պետությունների առաջին դեմքերի մակարդակով, ու վարչապետներն իրենց հանդիպումներով կամ նախապատրաստում են առաջնորդների գագաթաժողովները, կամ էլ կատարում են այն որոշումները, որոնք նրանց կողմից կայացվել են: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ն ինստիտուցիոնալ հարթության վրա կայացած չէ ու անդամ երկրների համար հերթական հարթակ է՝ Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները կառուցելու կամ զարգացնելու համար:
Հայաստանն այս հարթության վրա բացառություն չէ, ու պատահական չէ, որ նախօրեին Երևանում ամենասպասված հյուրը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էր: Վերջինիս այցը Երևան ուշագրավ է մի քանի ասպեկտով:
Մեդվեդևը փաստորեն Ռուսաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որը ժամանում է Երևան թավշյա հեղափոխությունից հետո: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ անցած տարվա իրադարձություններից հետո հայ-ռուսական հարաբերությունների նախկին կառուցվածքը չի գործում, ու հիմա դրանք ինստիտուցիոնալ ճգնաժամ են ապրում:
Մի կողմից՝ Մոսկվայում ավանդաբար մերժողական կանխատրամադրվածություն ունեն հեղափոխության այդ ցանկացած դրսևորման հանդեպ, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներն ու հեղափոխականությունը պաշտոնական Երևանի հանդեպ վստահության ճգնաժամ են առաջացրել Մոսկվայում: Թերևս սա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը որոշել էր հայ-ռուսական հարաբերությունների խութերը վերացնել Մեդվեդևի հետ ոչ ֆորմալ, ընտանեկան հանդիպման միջոցով: Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին հյուրընկալել է կառավարական առանձնատանը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը