«Փաստ»-ը գրում է․ Այսօր Հայաստանում առաջին անգամ պաշտոնապես նշվում է Քաղաքացու օրը։ Տոնի շուրջ, ըստ ամենայնի, չկա քաղաքական կամ հասարակական կոնսենսուս, ու դա բնական է, որովհետև ակնհայտորեն գործ ունենք մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ֆետիշացնելու ձգտման հետ, ինչը չի կարող միանշանակ ընկալվել նույնիսկ այն մարդկանց կողմից, որոնք ակտիվորեն մասնակցել են հեղափոխությանը։
Նախ՝ սկզբունքորեն հասկանալի չէ, թե ինչ բովանդակություն է ունենալու այսօրվա տոնը։ Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա Քաղաքացու օր ձևակերպումն ինքնին անհեթեթ է։ Քաղաքացին որևէ նորմալ, ժողովրդավարական պետության հիմնական սուբյեկտն է, նույնիսկ ավելի կարևոր կատեգորիա, քան՝ խորհրդանիշները։ Համենայն դեպս, այդպիսի ընկալում կա քաղաքակիրթ աշխարհում, որին ինտեգրվելու ցանկություն ունի Հայաստանը։
Այդ տրամաբանությամբ՝ քաղաքացու համար արժևորված պետք է լինեն տարվա բոլոր օրերը, որովհետև պետության, իշխանության ֆունկցիոնալության հիմնական նպատակը հենց քաղաքացին է։ Այս հարթության վրա առանձին տոն արձանագրելն իրապես հիմնավորված չէ, մանավանդ, որ ժողովրդավարական հասարակություններում քաղաքացիական հստակ հատկանիշ ունի Սահմանադրության օրը։
Սահմանադրության օրը հենց քաղաքացու օրն է, ու ամենևին էլ հարկ չկար պետական տոնացույցը ծանրաբեռնել լրացուցիչ տոնով, ինչն ավելի շատ թելադրված էր ոչ թե ռացիոնալ փաստարկներով, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, նույնիսկ սուբյեկտիվիզմով։ Ավելին՝ Հայաստանի թերևս հիմնական տոնը՝ Անկախության օրը, նույնպես քաղաքացիականության ընդգծված ենթատեքստ ունի. Երրրոդ հանրապետությունը ստեղծվել է, կամ Հայաստանի անկախությունը վերականգնվել է ինքնորոշման ճանապարհով, Հայաստանի քաղաքացիները մասնակցել են հանրաքվեին ու ձևավորել են պետություն՝ դառնալով դրա հիմնական սուբյեկտները։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ չի կարելի տպավորություն ստեղծել, թե Երրորդ հանրապետության պատմությունը սկսվել է թավշյա հեղափոխությամբ։ Հաստատապես անցած քսանութ տարիներին եղել են քաղաքացիական դրսևորման բազմաթիվ դրվագներ, որոնք նշանակալի դերակատարություն են ունեցել մեր երկրի կյանքում։
Առավել ևս՝ չի կարելի ֆետիշացնել այն իրադարձությունը, որն, ըստ էության, դարձել է գործող իշխանության ձևավորման հիմքը։ Տոները սկզբում արմատավորվում են հասարակական գիտակցության մեջ, դառնում են նրա մշակույթի, նույնիսկ կենցաղի մի մասը, այնուհետև՝ ֆորմալիզացվում, պաշտոնականացվում են պետության կողմից։ Մեր պարագայում հիմա գործում է հակառակ տրամաբանությունը, երբ պետությունը հռչակում է մի տոն, որի առաքելության ու բովանդակության մասին պատկերացում չունեն անգամ իշխանությունները։
Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի թիմը պատմականացնում է այն իրադարձությունը, որի շնորհիվ եկել է իշխանության։ Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած հեղափոխության քաղաքական, պատմական, սոցիալական նշանակությունը գնահատվեր տարիներ անց, երբ հասարակությունն իրապես, առանց էմոցիաների հնարավորություն կունենար գանահատել դրա հետևանքները՝ համապարփակ, ամբողջության մեջ։ Ու շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե անցյալ տարվա իրադարձությունները քաղաքական, պատմական հարթության վրա արժևորվեին այլ իշխանության օրոք, որն օրգանապես կապ չէր ունենա հեղափոխական հարթակի հետ։ Հավատացեք՝ այդ դեպքում Քաղաքացու օրը, եթե դրա անհրաժեշտությունն, այնուամենայնիվ կա, իր մնայուն, հաստատուն տեղը կգտներ Հայաստանի պետական տոնացույցում։
Շատ կարևոր նշանակություն ունի խնդրի, այսպես կոչված, գեղագիտական կողմը։ Այսօրվա տոնին նվիրված «Միտքդ վառ պահի՛ր» կարգախոսով պաստառները, մեղմ ասած, համահունչ չեն օրվա խորհրդին, էլ չեմ խոսում դրանց գեղարվեստական որակի մասին, այն կոնտրաստի մասին, երբ գեղջկական, տարազային պատկերներով արժևորվում է քաղաքացիականությունը՝ մեզ ավելի շատ տանելով անցյալ ու չարտացոլելով ապագայի տեսլական։
Մե՞ծ է արդյոք այսօրվա տոնի համար պետբյուջեից դուրս գրված գումարի չափը։ Որևէ մասշտաբային սոցիալական խնդրի լուծման համար 124 միլիոն դրամը ոչ մի կերպ բավարար գումար չէ. այս հարցում ես սկզբունքորեն համաձայն եմ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեսակետի հետ։ Մյուս կողմից՝ նույնիսկ մեկ դրամն է շռայլություն, եթե այն ծախսվում է տոնի համար, որը չունի բովանդակություն ու բացառապես քաղաքական կոնյուկտուրայի արդյունք է։ Խնդիրն ունի մեկ այլ սկզբունքային ենթատեքստ. այսօրվա տոնի կազմակերպման հարցում բոլոր առումներով պետք է նվազագույնի հասցվեր պետության մասնակցությունը ու շեշտը դրվեր ինքնաբուխ միջոցառումների վրա, եթե, իհարկե, մեր քաղաքացիները տոնն իրենցն են համարում։
Մի խոսքով՝ այսօր վերածնվեց կոմունիստական անցյալի ևս մեկ բաղադրիչ, այսպես կոչված «գաղափարականացված» տոները։ Այսօր նոր իշխանության «նոյեմբերի 7»-ն է։ Շնորհավոր»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը