25 04 2019

Աշխատո՞ւմ է, թե՞ ոչ տնտեսական հեղափոխության փաշինյանական մոդելը․ «168 Ժամ»

Աշխատո՞ւմ է, թե՞ ոչ տնտեսական հեղափոխության փաշինյանական մոդելը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Տնտեսական հեղափոխության այն մոդելը, որը որդեգրել է Նիկոլ Փաշինյանը, յուրահատուկ է իր ձևի մեջ։ Վարչապետին թվում է՝ միայն խոսքերով կամ հասարակությանը տեղի-անտեղի ազդակներ հաղորդելով ու մոլորեցնելով՝ հնարավոր է տնտեսական հեղափոխություն իրականացնել։

Լսելով նրա հայտարարությունները, կարելի է կարծել, թե Հայաստանում տնտեսական հեղափոխությունն արդեն իրականություն է։ Ոչինչ, որ հասարակությունն առայժմ ոչ մի կերպ չի զգում դրա արդյունքները։

Ահա վարչապետի հայտարարություններից մեկը, որով նա փորձում է ցույց տալ, թե ինչ աննախադեպ հաջողություններ է արձանագրում տնտեսական հեղափոխությունը։

«Հունվար-փետրվարին Հայաստանում վերամշակող արդյունաբերությունը մոտ 8 տոկոսով ավելացել է, ինչը բավականին շոշափելի արդյունք է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը ու ոգևորված շարունակում թվարկել` սննդամթերքի արտադրությունն աճել է 25 տոկոսով, խմիչքներինը՝ ավելի քան 30 տոկոսով՝ ի հաշիվ կոնյակի արտադրության աճի, հագուստի արտադրությունն աճել է 15 տոկոսով, ծխախոտինը՝ 17 տոկոսով։

Միաժամանակ, նշանակալի աճ է արձանագրել կոնյակի և ոսկերչական իրերի արտահանումը։ «Իմ ընկալմամբ, սա նշանակում է, որ տնտեսական հեղափոխության մեր մոդելն աշխատում է։ Համոզված եմ՝ այն ավելի ու ավելի լավ է աշխատելու»։

Թե որքանո՞վ են վարչապետի և հասարակության ընկալումները համընկնում տնտեսական հեղափոխության մոդելի արդյունավետության վերաբերյալ, թողնում ենք ընթերցողի դատին։ Բայց որպեսզի պարզ լինի՝ իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ, և ինչքանո՞վ է աշխատում վարչապետի ասած տնտեսական մոդելը, դիտարկենք որոշ ցուցանիշներ։

Հունվար-փետրվարին վերամշակող արդյունաբերությունը Հայաստանում իսկապես 8 տոկոսով ավելացել է, ինչը, անխոս, շոշափելի արդյունք է։ Բայց այնպես չէ, որ դա արտառոց երևույթ է և կապված է տնտեսական հեղափոխության հետ։ Դրանում դժվար չէ համոզվել՝ բացելով պաշտոնական վիճակագրության անցած տարվա նույն ժամանակահատվածի հրապարակումները։

Ըստ այդմ, վարչապետի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կստացվի, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում ոչ թե նոր, այլ դեռևս անցած տարվա սկզբից է մեկնարկել։ Ընդհակառակը` իշխանափոխությունից հետո, առավել ևս՝ այս տարի, այն էապես կորցել է տեմպը։ Ու բնավ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի խոսում։

Եթե 2019թ. վերամշակող արդյունաբերությունն արձանագրել է՝ 8, ապա 2018թ., վարչապետի ասած ժամանակահատվածում՝ ավելի քան 18 տոկոս աճ։ Այսինքն` աճի տեմպը 10 տոկոսով կամ կրկնակից ավելի բարձր է եղել։

Հիմա ո՞րն է ավելի հեղափոխական և շոշափելի աճ՝ ա՞յս, թե՞ անցած տարվանը։

Տնտեսական հեղափոխության այդքան լավ աշխատող մոդելի մասին խոսելիս՝ լավ կլիներ վարչապետը մի փոքր օբյեկտիվ լիներ։ Հատվածական ցուցանիշները չէ, որ բնութագրում են տնտեսության իրական վիճակը։ Երբ խոսվում է կոնյակի և ոսկերչական իրերի նշանակալի աճի մասին, լավ կլիներ ասել նաև, թե այդ նույն ժամանակահատվածում ինչքանով է նվազել ընդհանուր արտահանումը։ Ու որ դա եղել է ոչ թե՝ զուտ հանքարդյունաբերության, այլ՝ տնտեսության մյուս ճյուղերի հաշվին։

Վերադառնանք վերամշակող արդյունաբերությանը. մի շարք ճյուղերում իսկապես բարձր ակտիվություն է դրսևորվել։ Երբեմն նույնիսկ ավելի բարձր, քան նախորդ տարի էր։ Բայց դա դեռ չի նշանակում, թե տնտեսության տրանսֆորմացիա է տեղի ունեցել։ Այդպիսի փոփոխություններ` կապված ճյուղի առանձնահատկությունների հետ, միշտ էլ լինում են։

Այս տարվա առաջին երկու ամիսներին բարձր է եղել սննդամթերքի արտադրության ծավալների ավելացման տեմպը։ Բայց ոչ այնքան, ինչքան վարչապետն է ասում։ Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է 25 տոկոսի մասին, պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է ընդամենը 9,7 տոկոս աճ։

Թե ո՞րն է վարչապետի և վիճակագիրների տվյալների նման մեծ շեղման պատճառը, հայտնի չէ։

Նույն պատկերն է նաև մյուս դեպքերում։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ծխախոտի արտադրության ծավալները 17 տոկոսով ավելանալու մասին, Վիճծառայությունն արձանագրել է 11,3 տոկոս աճ, խմիչքների` 30 տոկոս աճի մասին, Վիճծառայությունն արձանագրել է 23,7 տոկոս, հագուստի` 15 տոկոս աճի մասին, Վիճծառայությունն արձանագրել է 18,3 տոկոս։ Մտահոգիչ է, իհարկե, որ վարչապետի ու պաշտոնական վիճակագրության ցուցանիշները չեն համընկնում։ Բայց այս պահին դա չէ կարևոր։

Այդ ճյուղերում պակաս բարձր չի եղել աճի տեմպը նաև անցած տարի։ Նույնիսկ ավելի բարձր։

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ասած տնտեսական հեղափոխությունն այստեղ որևէ կապ չունի։ Ու դրանում դժվար չէ համոզվել։

Եթե այս տարի ծխախոտի արտադրությունը, ըստ պաշտոնական վիճակագրության՝ ավելացել է 11,3 տոկոսով, ապա անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 25,7 տոկոսով։ Հագուստի արտադրությունը 2019թ. հունվար-փետրվարին աճել է 18,3 տոկոսով, 2018թ.՝ 2 անգամ։ Մանածագործական արտադրատեսակների արտադրությունն այս տարի ավելացել է 36 տոկոսով, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2,3 անգամ, քիմիական նյութերի արտադրությունն այս տարի ավելացել է շուրջ 25 տոկոսով, անցած տարի` գրեթե 99 տոկոսով։ Դեղագործական արտադրանքի արտադրությունը 2019թ. նվազել է ավելի քան 25 տոկոսով, 2018թ. ավելացել է 28,7 տոկոսով, էլեկտրական սարքավորումների արտադրությունն այս տարի կրճատվել է 12 տոկոսով, անցած տարի ավելացել էր 26 տոկոսով, մեքենա-սարքավորումների արտադրությունն այս տարի ավելացել է 2,2 անգամ, անցած տարի՝ 2,1 անգամ։

Այն, ինչ տեղի է ունեցել վերամշակող արդյունաբերության մեջ և դրա առանձին ճյուղերում, գալիս է դեռևս անցած տարվանից։ Ընդհակառակը` աճի տեմպը գոնե տարվա սկզբին էապես նստել է։ Ու դեռ հայտնի չէ, թե զարգացումներն ինչպիսին կլինեն առաջիկայում։

Որ վերջին տարիներին մշակող արդյունաբերության առանձին ճյուղերում նկատվում են դրական դրսևորումներ, այդպես էլ կա։ Բայց դա դեռ հիմք չէ խոսել տնտեսության տրանսֆորմացիայի մասին, առավել ևս՝ այդ զարգացումները կապել տնտեսական հեղափոխության հետ։

Որպես այդպիսին, Հայաստանում ոչ մի տնտեսական հեղափոխություն էլ տեղի չի ունենում։ Այն առայժմ միայն հայտարարությունների մակարդակում է։

Իսկ թե ե՞րբ գործնական տեսք կստանա կամ կստանա՞, թե՞ ոչ, ու իսկապես շոշափելի արդյունք կտա, այդ թվում` նաև հասարակության սոցիալական կյանքում, առայժմ չափազանց վաղ է ասել։ Նման հիմքեր, գոնե այս պահին, հայտարարված տնտեսական հեղափոխությունը չի տալիս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ