19 04 2019

Ի՞նչ աշխատավարձերի բարձրացման մասին է խոսում վարչապետը․ «168 Ժամ»

Ի՞նչ աշխատավարձերի բարձրացման մասին է խոսում վարչապետը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է Մոտենում է իշխանափոխության մեկ տարին։ Թավշյա հեղափոխության ձեռքբերումների առումով նոր իշխանությունը հպարտանալու շատ բան չունի։ Հասարակությունը շարունակում է նույնքան վատ ապրել, ինչպես մինչև իշխանափոխությունը։ Ավելին, սոցիալական վիճակը Հայաստանում մի բան էլ վատացել է։ Մարդիկ ոչ միայն չեն զգում, այլև չեն տեսնում այն տնտեսական ու սոցիալական ձեռքբերումները, որոնք խոստանում էին թավշյա հեղափոխության առաջնորդները։

Ու հիմա ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի համոզել, որ կատարել է իր տված խոստումները, դրանից իրականությունը չի փոխվում։ Հեղափոխության օրերին փողոց դուրս եկած քաղաքացիներին վստահեցնում էին, որ իշխանափոխությունից հետո լավ են ապրելու։ Բայց այդ հույսերն այդպես էլ չեն արդարանում։ Այն, ինչ ներկայացվում է կառավարության ձեռքբերումների առումով, շատ հեռու է իրականությունից։

Հեղափոխության օրերին ահա թե ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման մասին։

«Ես այսօր այս հանրահավաքի առաջ ուզում եմ պաշտոնապես արձանագրել, որ Սերժի հեռացումից հետո պետական աշխատողների աշխատավարձերը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում` ընտանիք պահելու համար։ Բայց սա չի նշանակում, թե միայն նրանց աշխատավարձը պիտի բարձրացվի»,- այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է անցած տարվա ապրիլի 19-ին կայացած հանրահավաքում։

Դրանից մեկ տարի անց փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե խոստումը կատարվել է։

«Բարձրացել է շուրջ 208 հազար մարդու աշխատավարձ»,- ֆեսբյուքյան իր էջում գրում է Նիկոլ Փաշինյանը։

Ի՞նչ աշխատավարձի բարձրացման մասին է խոսում վարչապետը։ Կուտակային կենսաթոշակների համակարգի պարտադիր 5 տոկոսը 2,5 տոկոս դարձնե՞լն է աշխատավարձի բարձրացումը։ Եթե սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած աշխատավարձի բարձրացումը, ապա այլ բան անիմաստ է ասել։

Մի՞թե այդ 2,5 տոկոսն էր պակասում պետական համակարգում ընդգրկված քաղաքացիներին, որպեսզի այլևս շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեին բետոն թափել սրա-նրա հայաթում` ընտանիք պահելու համար։

Իսկ մնացած 300-350 հազար աշխատողնե՞րը։ Թե՞ նրանց չէր վերաբերում աշխատավարձերի բարձրացման խոստումը։ Ավելին, նույն կուտակային կենսաթոշակային համակարգին միանալու պատճառով բազամաթիվ աշխատող քաղաքացիների փաստացի եկամուտները նույնիսկ նվազել են։ Ինչո՞ւ սրա մասին ոչինչ չի ասվում։

Ու որքան էլ վարչապետը հայտարարի աշխատավարձերի բարձրացման ոլորտում իր կառավարության լուրջ ձեռքբերումների կամ ոստիկանության ու պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձերի 20-30 տոկոս աճի մասին, միևնույն է, պաշտոնական ցուցանիշներն այլ բան են ասում։ Վիճակագրական ծառայության տվյալները փաստում են, որ վերջին մեկ տարում Հայաստանում միջին աշխատավարձը պետական համակարգում բարձրացել է ընդամենը 2,6 տոկոսով։

Սա աշխատավարձի բնականոն աճ է, որն ամեն տարի էլ լինում է, և դա կառավարության ղեկավարի շնորհքը չէ։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարվա սկզբին աշխատավարձերի աճի տեմպը նույնիսկ նվազել է։ Այն շատ ավելի ցածր է, քան մինչև իշխանափոխությունն էր։

«Այս տարվա հուլիսի 1-ից բարձրանում է՝ զինվորականների, սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձը»,- ասում է վարչապետը։

Խոսքն աշխատավարձի 10 տոկոս ավելացման մասին է, որը, դեռ հայտնի չէ՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Չնայած, եթե նույնիսկ այդպես լինի, հազիվ թե կարելի է կարծել, որ դրանով լուրջ խնդիր է լուծվում։ 5 կամ 10 հազար դրամը մեծ բան չի փոխում այդ մարդկանց սոցիալական վիճակի մեջ։ Առավել ևս, եթե հաշվի առնենք գնաճի այն տեմպը, որը կա հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում։

Ինչքան էլ վարչապետը հպարտանա, որ 82 հազար նպաստառուի և թոշակառուի նպաստ ու թոշակ է բարձրացրել, այնպես չէ, որ դրանից հետո նրանք սկսել են ավելի լավ ապրել։ Էլ չասենք այն 500 հազար կենսաթոշակառուների և 60 հազար նպաստառուների մասին, ովքեր այդպես էլ անցած մեկ տարվա ընթացքում որևէ հավելում չստացան իրենց, առանց այն էլ՝ ցածր կենսաթոշակներին ու նպաստներին։ Մինչ դրա համար ժամանակին Նիկոլ Փաշինյանը քննադատում էր նախկիններին, այսօր հիմնավորումներ է փնտրում արդարացնելու իր կառավարության թերացումները։

«Թոշակները 5 հազար դրամով բարձրացնելու համար պետք է 30 մլրդ դրամ»,- ասում է վարչապետը` մոռանալով, որ կառավարությունը նրա համար է, որպեսզի գտնի այդ գումարը։ Խոսում ենք ստվերային տնտեսության ահռելի ծավալների մասին, բայց անցած տարվա բյուջեն թերակատարվեց։ Այնինչ` իշխանափոխությունից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանը խոստանում էր էապես ավելի շատ մուտքեր ապահվել, քան նախատեսված էր։

Հիմա էլ հայտարարվում է, թե այս տարվա բյուջեի եկամուտները 40 մլրդ դրամով գերակատարվելու է։ Այն աճպարարությունները, որ արվում են բյուջեի ցուցանիշների հետ, բավարար է պատկերացնելու համար, թե կառավարությունն ինչպես է պատրաստվում դա անել։ Էլ չասենք, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր մեկ տարում բյուջեն ավելացնել 30 տոկոսով։ Հիմա այլևս խոսք չկա այդ մասին։ Փոխարենը` կարծես մեծ բան է, որ «առաջին եռամսյակում բյուջեի եկամուտները 4 տոկոսով գերակատարվել են»։ Բյուջեի եռամսյակային պլանը կառավարությունը հաստատում է, ինքն էլ կատարում է. կարող էր ավելի ցածր պլան դնել և ավելի մեծ գերակատարում ցույց տալ։ Իսկ թե դրանից ինչ էր շահելու պետությունը կամ հասարակությունը, կարևոր չէ։

Ժամանակին ձևավորելով չափազանց բարձր սպասումներ` Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Ու հիմա ստիպված է ընդունել, որ չի կատարել այն բազմաթիվ խոստումները, որոնք շռայլել է հեղափոխության օրերին։

Անշուշտ, քաղաքական իշխանափոխությունը Հայաստանում իրականություն է։ Սակայն դրանից հասարակությունն ավելի երջանիկ և ուրախ չի դարձել։ Մարդիկ շարունակում են կքած մնալ իրենց առօրյա հոգսերի տակ` առաջվա նման փորձելով հաց վաստակել այլ երկրներում։

Նիկոլ Փաշինյանի խոստացած մեծ հայրենադարձությունը ոչ միայն չի երևում, այլև ոչ պակաս ակտիվությումբ շարունակվում է արտագաղթը։ Դրան նպաստում է նաև կառավարության օպտիմալացման քաղաքականությունը։

Պետք է գիտակցել, որ կառավարության ու վարչապետի խնդիրը չէ միայն նախկինում տրված խոստումները կատարելը։ Եթե հեղափոխության օրերին չեն խոստացել, դա դեռ չի նշանակում, որ չպետք է մտածել մարդկանց համար աշխատելու ու ապրելու նվազագույն պայմաններ ստեղծելու մասին։

Ու հիմա խոստումների մասին խոսելիս՝ լավ կլիներ, որպեսզի վարչապետը ոչ թե ինչ-ինչ թվեր բերեր, այլ պարզապես ասեր, թե իր գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում ինչքանո՞վ է լավացել հասարակության սոցիալական վիճակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ