13 04 2019

Լուրջ ահազանգ․ արտահանումը հսկայական տեմպերով նվազում է․ «168 Ժամ»

Լուրջ ահազանգ․ արտահանումը հսկայական տեմպերով նվազում է․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Մինչ տնտեսական ակտիվության մակարդակը Հայաստանում տարեսկզբին սպասվածից մի բան էլ բարձր է, արտաքին առևտրի շրջանառությունը, մասնավորապես՝ արտահանումը, հսկայական տեմպերով նվազում է։ Այնինչ թվում է, թե այդպես չպիտի լիներ։ Տնտեսական աճը պիտի հանգեցներ նաև արտահանման ծավալների ավելացմանը։

Ինչպես հայտնի է, տարեսկզբի երկու ամիսներին պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում ակտիվության 6,5 տոկոս աճ է գրանցել։ Բայց այդ աճը ոչնչով չի նպաստել արտահանման ավելացմանը։

Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ինչի շնորիվ է գրանցվել տնտեսական ակտիվությունը։ Տարեսկզբին տնտեսությունը նստած է եղել հիմնականում երեք ոլորտների վրա` շինարարություն, ծառայություններ և առևտուր։ Խոսքը ներքին առևտրի մասին է, որը երկնիշ աճ է գրանցել` ավելի քան 11 տոկոս։ Ու որքան էլ տարօրինակ է, նույն ժամանակահատվածում արտաքին առևտուրը ոչ պակաս մեծ տեմպերով կրճատվել է։

Ստացվում է, որ տնտեսության իրական հատվածում աշխուժություն չկա, արտաքին առևտուրը, այդ թվում` ներմուծումը, կրճատվում է, ինչը սովորաբար կապված է պահանջարկի հետ, հասարակության գնողունակությունը նվազում է, բայց ներքին առևտուրը ծաղկում է։ Այդպես չի լինում։

Ուստի պետք է ենթադրել, որ գործ ունենք ոչ այնքան իրական, որքան հաշվարկային աճի հետ։ Մի բան, որը, սակայն, դժվար է ցույց տալ արտահանման դեպքում։

Արտաքին շուկաներում հայկական մատակարարումներն այս տարի դադարել են ավելանալ։ Տարեսկզբի երկու ամիսներին արտահանումը երկնիշ անկում է գրանցել։ Գրեթե 12 տոկոսով կրճատվել են արտաքին հատվածի մատակարարումները։

Սա խիստ մտահոգիչ երևույթ է՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ ֆինանսական հատվածի համար։

Խնդիրն ամենևին էլ հայտարարված տնտեսական հեղափոխությունը կամ տնտեսության տրանսֆորմացիան չէ, որի մասին երբեմն-երբեմն խոսում է կառավարության ղեկավարը, խնդիրը տնտեսության արտահանման պոտենցիալի և արտաքին շուկաներում երկրի մրցունակության թուլացումն է։ Եվ սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ կառավարությունն արտահանման խթանման կուրս է վերցրել` խոստանալով առաջիկա հինգ տարիներին ապրանքների և ծառայությունների մատակարարումներն արտաքին շուկաներում հասցնել ՀՆԱ 43-45 տոկոսին։

Հայաստանի արտաքին առևտրի դիրքերը թուլացել են գրեթե բոլոր հիմնական գործընկերների հետ հարաբերություններում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ