10 04 2019

Փաշինյանի այցից 1 օր առաջ Դավիթ Անանյանն անձամբ է եղել մաքսատանը․ «168 Ժամ»

Փաշինյանի այցից 1 օր առաջ Դավիթ Անանյանն անձամբ է եղել մաքսատանը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսակետ: Շրջայցը սկսելուն պես բազմաթիվ տեսախցիկների առջև սկսել էր դիտողություններ անել՝ տարածքը կեղտոտ է, ծխախոտի մնացորդներ կան գետնին, սարդոստայններ՝ պատերին։ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել էր. «Պարգևավճարներից կպակասեցնեք և ստեղ կբերեք կարգին վիճակի»։

Ապա հրահանգել էր աշխատանքից հեռացնել մաքսատան աշխատասենյակներից մեկում ծառայություն իրականացնող աշխատակիցներին, քանի որ սենյակը մաքուր չէր և Հայաստանի դրոշը ոչ մաքուր և ճմրթված վիճակում է եղել սենյակի անկյունում. «Քանի՞ հոգի է այս սենյակում աշխատում, ով որ էս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ»,- ի լուր աշխարհի հայտարարեց նա՝ հրահանգելով աշխատանքից ազատվելու դիմում գրել այդ սենյակի բոլոր աշխատակիցները։

Երեկ այդ ու բազմաթիվ այլ դրվագներով Փաշինյանը օրվա նյուզմեյքերն էր։ Բոլոր հեռուստաընկերությունները ցուցադրում էին՝ ինչպես է Փաշինյանը զայրացած հրահանգներ իջեցնում աջ ու ձախ՝ նվաստացնելով մաքսատան շարքային աշխատակիցներին։ Այդպիսով, թերևս, փորձում են կերտել «ուժեղ» վարչապետի կերպարը»:

168.am-ի տեղեկություններով՝ Փաշինյանի այցից առաջ մաքսատանը մի քանի օր շարունակ մաքրման աշխատանքներ են տեղի ունեցել։ Ըստ նույն աղբյուրների՝ այցից մեկ օր առաջ մաքսատանն է եղել անձամբ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը։ Նա ստուգել է իրավիճակը, որպեսզի այցի ընթացքում որևէ տհաճ բան տեղի չունենա։

Մեր զրուցակիցներն ասում էին, որ մաքսատունը, որը սպասարկում է օրական ավելի քան 300 ավտոմեքենա, ոչ մեծ աշխատակազմով, բնականաբար, նման իրավիճակներ էլ կլինեն. «Օպերային թատրոնի դահլիճ չէ, մաքսատուն է, օրական պատկերացնո՞ւմ եք՝ որքան վարորդներ են ելումուտ անում, ինչ ասես՝ կարող է լինել»։

Ի դեպ, այն երիտասարդը, որի նկատմամբ Փաշինյանն այդպես վարվեց՝ իր գովազդային տեսարանն ապահովելու համար, ընդամենը երկու ամիս առաջ էր ընդունվել աշխատանքի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ