06 04 2019

Նիկոլ Փաշինյանը գնում է Պուտինի ճանապարհով․ «168 Ժամ»

Նիկոլ Փաշինյանը գնում է Պուտինի ճանապարհով․ «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարելով զբաղվել այդ խնդրով։

«Մենք դրա մասին իրար հետ խոսակցություն ունեցել ենք: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի  տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»,- ասել է նա։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ սոցիալական ցանցերում, մամուլում գրաքննությամբ զբաղվելու՝ ԱԱԾ-ին ուղղված հանձնարարություն։ Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ մեթոներով, միջոցներով ու գործիքներով ԱԱԾ-ն պետք է պարզի ֆեյք օգտատերերին ու առավել եւս այն, թե ո՞ր տեղեկատվությունն է մանիպուլյացիա պարունակում, որը՝ ոչ։

Ակնհայտ է, որ դա կամայականությունների հսկայական դաշտ է բացելու, եւ ցանկացած ոչ հաճելի տեղեկատվություն կամ կարծիք կարող է որակվել՝ որպես «մանիպուլյացիա»՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Այս հանձնարարությամբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարում է, որ իշխանությունը ցանկանում է գրաքննություն իրականացել սոցիալական ցացներում, որը հեշտությամբ կարող է տեղափոխվել նաեւ մամուլ, քանի որ այսօրվա մամուլն ու սոցիալական ցանցերն օրգանապես կապված են իրար հետ։

Ինչն է այդքան անհանգստացնում մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանին սոցիալական ցանցերում, դժվար է ասել։ Ընդ որում, նույն իշխանությունը նույն սոցիալական ցանցերում ունի, այսպես կոչված, ֆեյքերի հսկայական բանակ, ովքեր նույնպիսի տեղեկատվական հարձակումներ են գործում ընդդիմախոսների ու այլ կարծիք ունեցողների նկատմամբ, ինչպես իշխանության դեմ հանդես եկող ֆեյքերը։

Այսինքն՝ ֆեյքերի դեմ պայքարն իշխանությունը նախ պետք է սկսի իրենցից, սակայն ոչ թե գրաքննությամբ, այլ նրանց ծառայություններից չօգտվելով։

Այսպես կոչված՝ ֆեյքնյուզի խնդիրն ակտուալ է ողջ աշխարհում։ Որեւէ ժողովրդավարական երկրում, սակայն, որեւէ իշխանություն դրա դեմ չի պայքարում իրավապահ մարմինների միջոցով։ Այդպես վարվում են տոտալիտար պետությունները, ինչպես մեր ռազմավարական դաշնակից Ռուաստանը, որը սոցիալական ցանցերի ու մամուլի գրաքննության տասնյակ օրենքներ ունի։

Հենց վերջերս՝ մարտի 18-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց օրենք, որը նախատեսում է համացանցում արգելափակել ոչ արժանահավատ, ֆեյք տեղեկություններ պարունակող նյութերը։ Այդ օրենքն արգելափակման ենթակա է համարում նաեւ նյութերը, որոնք վիրավորում են հասարակությանը, պետական խորդանիշները եւ Ռուաստանի իշխանության ինստիտուտները։

Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, որոշել է գնալ Պուտինի ճանապարհով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ