02 04 2019

Մի հաղորդագրության պատմություն. «168 ժամ»

Մի հաղորդագրության պատմություն. «168 ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Երեկ բավական ուշագրավ աշխատաոճով աչքի ընկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը։ Այն նախ հայտարարություն տարածեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որում բառացի նշված էր.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետը տեղեկատվություն է ներկայացրել օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցեր: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը: Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։

Որոշ ժամանակ անց վարչապետի մամլո ծառայությունը հանդես եկավ նույն հաղորդագրության նոր՝ խմբագրված տարբերակով, որում արդեն ներկայացված էր միանգամայն այլ տեքստ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են օրեր առաջ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման արդյունքները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգին վերաբերող տարբեր հարցերի: Կողմերը կարևորել են ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք Հայ-ռուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը և վերջինիս շրջանակում քննարկվելիք հարցերը:

Նշվել է, որ այսօր առկա են նախադրյալներ՝ հայ-ռուսական երկկողմ առևտրի ծավալների ընդլայնման համար: Կողմերը մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ»։

Ուշագրավ է սակայն, որ ՌԴ նախագահի պաշտոնական կայքում ներկայացված հաղորդագրությունը գրեթե նույնական է հաղորդագրության այն տեքստի հետ, որը սկզբում տարածել էր վարչապետ Փաշինյանի մամուլի ծառայությունը։

«Н.Пашинян проинформировал об итогах прошедшей 9 марта в Вене встречи с Президентом Азербайджанской Республики И.Алиевым по нагорнокарабахской проблематике и выразил благодарность российской стороне за весомую посредническую роль в переговорном процессе…».

Հասկանալի է, որ խնդիրը «տեղեկատվություն է ներկայացրել» եզրի մեջ է, որն իր մեջ որոշակի սուբորդինացիա է պարունակում՝ ընդգծելով հայկական կողմի ստորադաս կարգավիճակը։

Թերևս այդ պատճառով է վարչապետի մամլո ծառայությունը խմբագրել իր իսկ տարածած հաղորդագրությունը, ինչը, նկատենք, տարածված պրակտիկա չէ և կիրառվում է, թերևս, միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։ Խնդիրը, իհարկե, հաղորդագրությունների տեքստերը չեն։ Խնդիրը հայ-ռուսական հարաբերությունների բույթն ու որակն է։

Հայաստանի նոր իշխանությունների համար ևս հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են համարվել ուղղահայաց հարաբերություններ, որոնցում Հայաստանը ստորադաս կարգավիճակում է։

Այն, ինչում ժամանակին ընդդիմադիր Փաշինյանն իր ելույթներում մեղադրում էր նախկին՝ ՀՀԿ-ական իշխանություններին»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ