27 03 2019

Պատգամավորի փոխարեն գործուղման է մեկնել օգնականը․ «Հրապարակ»

Պատգամավորի փոխարեն գործուղման է մեկնել օգնականը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե գործուղման պետք է մեկնի իր օգնականը։

Հրավերը եկել է 2 անձի համար, բայց Զեյնալյանն իր փոխարեն գործուղում է օգնականին։ Անգամ նախկին իշխանության ժամանակ նման պրակտիկա չի եղել՝ գործուղումներին պատգամավորների օգնականներ չեն մեկնել,  մասնակցել են կա՛մ պատգամավորները, կա՛մ փորձագետներն ու աշխատակազմի ներկայացուցիչները։

Նույնիսկ եթե, ինչպես Զեյնալյանն է ասում, հրավիրող կողմն է հոգացել բոլոր ծախսերը։ Հանձնաժողովի կազմում 12 պատգամավոր կա, կարող էր  մեկ ուրիշը մեկնել։ Ի վերջո, միջխորհրդարանական խորհրդաժողովին, ըստ արարողակարգի, պատգամավորի մակարդակով են մասնակցում։ ԱԺ պաշտոնական կայքում կարդում ենք․ «Երիտասարդների իրավունքների պաշտպանության և երիտասարդության զարգացման ոլորտում ներդրումներին նվիրված տարածաշրջանային միջխորհրդարանական խորհրդաժողովին մասնակցելու համար 2019 թվականի մարտի 27-29-ը ներառյալ Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը»։

Նարեկ Զեյնալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հրավիրել են պատգամավորներին, բայց քանի որ այս քառօրյայի օրակարգում իրենց հանձնաժողովին առնչվող 3 նախագիծ կա, «կարևոր էր, որ հանձնաժողովի անդամները լինեին տեղում և անհրաժեշտության դեպքում ելույթներ ունենան, հարցուպատասխան լինի։ Եթե քառօրյա չլիներ, վերաբերմունքն այլ կլիներ»։

Երբ հետաքրքրվեցինք, թե չէ՞ր կարող իշխանական պատգամավորի փոխարեն ընդդիմությունից մեկը գործուղվել, պատգամավորը փոքր-ինչ կարկամեց․ «Ճիշտն ասած՝ ես թեման չեմ հիշում, ու նաև կարևոր, հնչեղություն ունեցող միջոցառման մասին չէր խոսքը, ուղղակի, որպես ժեստ՝ որոշեցինք ուղարկել ինչ-որ մեկին»։ Հասկանալի չէ՝ սրանով օգնականի ստատո՞ւսն են բարձրացրել, թե՞ Հրաչ Հակոբյանինն են իջեցրել։ Վերջինս մեր հարցին պատասխանեց․ «Ես կարևորեցի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ