«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, թերեւս, բոլորից լավ է հասկանում, որ այս կադրերով ու քաղաքականությամբ օր օրի իշխանությունը կորցնելու վտանգի առաջ է կանգնում: Սեփական իշխանությունը հնարավորինս երկար պահելու համար նրան հարկավոր է ոչ միայն անակնկալ այցեր կատարել ու բանաստեղծություններ գրել, այլեւ գործողությունների շարք ծրագրել, որոնք կապահովեն տեսարաններ, բայց ոչ հաց։
Մեծ ակնկալիքներ ունեցող հանրությունն օր առաջ է սպասում փոփոխությունների, սակայն դրանց նշանները ոչ միայն չեն երեւում, եղածն էլ արագորեն փոշիանում է։ Բողոքող քաղաքացիների քանակն ավելանում է, ինչը չի կարող չնկատել լրագրողի սուր աչք ունեցող Նիկոլ Փաշինյանը։
Մեր տեղեկություններով` Փաշինյանի շուրջ են հավաքվել նրա PR-ով զբաղվող վստահելի մարդիկ, որոնք գործողությունների պլան են մշակում` հանրային աչքը շոյող քայլերով։ Գնալ գյուղ, ռանչպարի հետ շփվել, չափածո հանձնարարական գրել, գիրք բաժանել, արտասանել, չի բացառվում` նաեւ երգել, տպավորություն ստեղծելով, թե «տառապում» է հանրության հոգսով։
Չնայած PR-ով զբաղվողների ջանքերին, երբեմն մշակված քայլերը հակառակ ազդեցությունն են ունենում։ Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկը պատմեց, որ անակնկալի է եկել, երբ առեւտրի կենտրոններից մեկում հանդիպել է վարչապետին` տիկնոջ հետ։ Բայց զարմանքը կարճ է տեւել. առեւտուր անող վարչապետին այնքան շատ թիկնապահներ են ուղեկցել, որ շարքային քաղաքացիները «զմռսվել» են խանութի սրահում, մինչեւ նրանք բարեհաճել են ավարտել իրենց առեւտուրը։ «Ոնց պտտվում էի, դեմս դուրս էին գալիս թիկնապահները»,- դժգոհեց քաղաքացին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրատես»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը