«Փաստ»-ը գրում է․ «Իր վերջին հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արել է մի շարք արձանագրումներ, որոնք էականորեն փոխում են նրա նախկին հռետորաբանությունը և գծում նոր մարտավարական սահմաններ: Հետհեղափոխական իրավիճակում հայտնվելով մեղադրյալի աթոռին՝ Քոչարյանի գնահատականները մոտավորապես նույնն էին, սակայն տարբեր էր դրանց ինտոնացիան ու շեշտադրումը: Այժմ Քոչարյանը իր՝ իշխանության հակառակորդի կերպարը կառուցում է երեք ուղղություններով: Ավելի ճիշտ կլինի ասել՝ հանրային քննարկումներում առկա մի շարք սյուժեներից Քոչարյանը փոխառում է նրանք, որոնք, ըստ իրեն, առավել արդյունավետ կլինեն իշխանության դեմ գործելու և խոսելու համար: Քոչարյանը նախ դիրքավորվում է որպես նոր իշխանությունների քաղաքականությունից Արցախը պաշտպանող քաղաքական գործիչ: Այնուհետ Տեր-Պետրոսյանին ու Փաշինյանին, ինչպես նաև ՀՀՇ-ին ու ՔՊ-ին նույնացնում է: Վերջում էլ հղում է անում Հայաստանում ակտիվ շրջանառվող «սորոսական» ձևակերպմանը: Ասել է թե, կիրառվում է ակտիվ շրջանառվող միանգամից երեք սյուժե:
Քոչարյանն այս օրակարգերի հեղինակը չէ: Կարելի է ասել, որ այս օրակարգերը ձևավորվել են իրենք իրենց՝ իշխանության դեմ առայժմ չկազմակերպված պայքարի շրջանակներում: Այս երեք սյուժեներն, իհարկե, չեն ներկայացնում ամբողջ պատկերը, բայց հեշտորեն առանձնանում են որպես ուղղություններ: Երեքն էլ, ըստ էության, առավելապես դավադրապաշտական տրամաբանության մեջ են գործում և, ըստ այդմ, ունեն որոշակի շրջանառություն հասարակության՝ իշխանություններից դժգոհ շերտերում:
Եթե այս սյուժեները պահանջարկ ունեն, ապա առաջին հայացքից նորմալ է, որ Քոչարյանը կամ մեկ այլ ոք, ով իրեն տեսնում է ընդդիմության դաշտում, դրանք փոխառի: Սակայն մի բան է, երբ այս սյուժեները առաջ են տանում մարդիկ, որոնց քաղաքական կարգավիճակն առավել մարգինալ է, մեկ այլ բան է, երբ դա անում է երկրորդ նախագահն ու իշխանությանը ձեռնոց նետող քաղաքական լուրջ կենսագրությամբ մեկը:
Սա նշանակում է իր հերթին, որ դավադրապաշտական սյուժեների հանդեպ հակվածությունը Հայաստանում գերիշխող է եղել նույնիսկ իշխանական շրջանակներում, այն դեպքում, երբ առավել քան այլ ոք, իշխանությունը ունի երկրում տիրող իրավիճակի օպերատիվ պատկերը, ու այդ պատկերն իր նյութական, շոշափելի բովանդակությամբ տեսական դավադրությունների տեղիք չի թողնում: Երկրորդ՝ սա նշանակում է, որ առայժմ իշխանության դեմ լայն կոնսոլիդացիայի համար Քոչարյանը չունի ամբողջապես բավարար քաղաքական ասելիք, քանի որ ոչ միայն փոխառում է այդ ասելիքը հանրային ինչ-որ շրջանակներից, այլ փոխառում է այդ շրջանակների ասելիքի առավել ընդգծված դավադրապաշտական երանգները: Այնինչ, քաղաքական ընդդիմախոսությունն ու ընդդիմադիր պայքարը, հատկապես պաշտոնաթող նախագահի դեպքում, պետք է ենթադրեր խիստ ռացիոնալ խոսք, ինչպես նաև հանրությանը սեփական բովանդակությունը հրամցնելու ունակություն, ոչ թե հակառակը:
Մոտավորապես կարելի է հասկանալ, թե ինչու է որոշ շրջանակների դավադրության տեսությունների գեներացումը թվում հրապուրիչ: Նրանք համոզված են, որ հեղափոխությունը տեղի է ունեցել այդ տեսությունների հիման վրա: Նմանատիպ դավադրություններ ու միֆեր, անշուշտ, գեներացվել են նաև նախկինում: Ալեքսանդր Սարգսյանի կասկածելի ու այդպես էլ չբացահայտվող գործունեության միֆը դրանցից մեկն էր: Բայց այդ դավադրապաշտական տեսությունները սեղանի աղն էին, ոչ թե սեղանն ինքնին: Հանրային դժգոհությունը կուտակվում էր ոչ թե այդ միֆերի միջոցով, այլ երկրի իրական տնտեսական-քաղաքական վիճակի, այդ միֆերն ընդամենը այդ դժգոհությունը բարձրաձայնող խողովակներ ու տեխնոլոգիաներ էին: Հանրային դժգոհությունը գոնե առայժմ Հայաստանում կրիտիկական այն կետին չի հասել, որ կարելի լինի խոսել հնարավոր ֆորս-մաժորային սցենարների մասին: Ներկա պահին իշխանության դեմ պայքարի միակ իրատեսական սցենարը երկարատև պրոցեսի պատրաստվելն է՝ երկարատև ու հեռանկարային ասելիքով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը