«168 Ժամ»-ը գրում է․ «ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող եկամտահարկի համահարթեցումը կլուծի աշխատավարձերի թերի հայտարարագրման խնդիրը: Թեև փոփոխությունը կբերի բյուջեում որոշակի կորստի, սակայն այս և մի շարք այլ փոփոխություններ երկարաժամկետ կտրվածքում կնպաստեն 0.8 տոկոսով ավելի տնտեսական աճի, տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը»,- հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Այսինքն՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք մեկնարկել էին դեռ նախորդ իշխանության օրոք, տնտեսական աճն ավելացնելու են ընդամենը 0.8 տոկոսով։ Այն էլ՝ երկարաժամկետ կտրվածքով։ Դա նշանակում է, որ նոր Հարկային օրենսգրքի ազդեցությունը դրա ընդունման սկզբնական փուլում լինելու է չնչին կամ գրեթե զրոյական։ Իհարկե, սխալ կլիներ պնդումը, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունը պետք է զգալի չափով ազդեր տնտեսական աճի վրա։
Մյուս կողմից, սակայն, Հայաստանի նոր իշխանությունը հայտարարել է տնտեսական հեղափոխության մասին, ինչը ենթադրում էր, որ բիզնեսի համար պետք է ստեղծվեն ոչ թե լավ, այլ աննախադեպ լավ պայմաններ։ Իսկ բիզնեսի համար թիվ մեկ պայմանը հարկային դաշտն է, որը ձևավորվում է Հարկային օրենսգրքով։ Դրա վերջնական տարբերակը դեռևս չի հրապարարկվել, և դժվար է ամբողջական պատկերացում կազմել փոփոխությունների փիլիսոփայության մասին։
Սակայն դատելով տնտեսական աճի վրա դրա ազդեցության չափի մասին հնչեցված թվից՝ կարելի է եզրակացնել, որ նոր Հարկային օրենսգիրքը չի լինելու խթանող, գործարարության համար գրավիչ ու նպաստավոր պայմաններ ստեղծող փաստաթուղթ։ Հարկային օրենսգրքի հետ կապված խնդիր է նաև այն հանգամանքը, որ որևէ մեկին հայտնի չեն դրա ընդունման ժամկետները։ Այն դեպքում, երբ բոլորը խոսում են ներդրումների մասին։
Իրականում սակայն, որևէ ներդրող, հատկապես՝ լուրջ ու խոշոր ներդրող, որևէ նախագիծ չի ֆինանսավորի բիզնեսի խաղի կանոնները սահմանող փաստաթղթի՝ Հարկային օրենսգրքի բացակայության պայմաններում։ Իշխանությունը, սակայն, դրա ընդունման գոնե մոտավոր ժամկետներ չի հնչեցնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը