168.am-ը գրում է. «Իշխանափոխության օրերին Գագիկ Ծառուկյանը կանգնեց Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության կողքին. ինչպես իրենք են ասում, հեղափոխականներին մեքենաներով ջուր էին մատակարարում, ակտիվորեն մասնակցում էին բողոքի ակցիաներին։ Նաև Ծառուկյանի աջակցությամբ Փաշինյանը եկավ իշխանության։ Այդ աջակցությունն արտահայտվեց՝ ինչպես խորհրդարանում, այնպես էլ՝ խորհրդարանից դուրս։ Ու հիմա եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը։
Օրերս կառավարությունը որոշեց հայկական ցեմենտ արտադրողներին, որոնցից ամենախոշորը, թերևս, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտն» է, պետական լծակներով պաշտպանել ներկրվող իրանական ցեմենտի ճնշումից։
Անշուշտ, լավ է, որ կառավարությունը մտածում է տեղական արտադրողին պաշտպանելու մասին։ Բայց տեղական արտադրողին այդպես չեն պաշտպանում։ Դա, թերևս, այն վատագույն տարբերակն է, որն ընտրել է կառավարությունը։ Կամ՝ ինչո՞ւ վարչապետի հոգածությանն արժանացավ հենց Գագիկ Ծառուկյանը։ Մի՞թե Հայաստանում այլ արտադրողներ չկան, որոնք պաշտպանության կարիք ունեն։
Իհարկե, կան և շատ։ Բայց նրանց ձայնը կառավարություն չի հասնում։ Ասենք` գյուղատնտեսական ապրանքները։ Ինչո՞ւ նույնքան փութաջանորեն կառավարությունը ներքին շուկան չի պաշտպանում թուրքական լոլիկի կամ այլ ապրանքների ներմուծումից։
Հիմա ինչպե՞ս կոչել ցեմենտ արտադրողներին պաշտպանելու կառավարության քայլը։ Այս դեպքում Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարա՞ր է, ինչպես ասում է վարչապետը, թե՞ օլիգարխ։ Թեև դրանից, ըստ էության, շատ բան չի փոխվում։
Հասկանալի է, որ կառավարության այդ քայլով շահում է գործարարը, լուծվում է նաև մի քանի հարյուր կամ 1000-2000 մարդու աշխատանքը չկորցնելու խնդիրը։ Բայց տուժում են տասնյակ-հազարավոր սպառողներ, որոնք ստիպված են լինելու անհամեմատ թանկ գնով ձեռք բերել այդ ապրանքը։
Հիմա ո՞րն է առավել կարևոր` տեղական արտադրո՞ղը, թե՞ սպառողը։ Այս հարցի պատասխանն այնքան էլ միանշանակ չէ։
Այնպես չէ, որ ներքին արտադրողի պաշտպանությունը պետք է արվի սպառողի հաշվին։ Ինչո՞վ է մեղավոր սպառողը, որ տեղական ցեմենտը մրցունակ չէ շուկայում։ Ու հիմա ստացվում է, որ սպառողը պետք է հավելյալ գին վճարի նրա համար, որ տեղական արտադրողն իրեն լավ զգա։ Սրանով կառավարությունը, այսպես ասած` սպառողի հաշվին լավություն է անում խոշոր գործարարին։ Թանկացնում է ներմուծվող ցեմենտը, որպեսզի տեղականը մնա շուկայում։
Իսկ գուցե հակառակ ճանապարհո՞վ էր պետք գնալ։ Այսինքն` այնպես անել, որ ոչ թե ներմուծվող ապրանքը թանկանար, այլ տեղականն էժանանար, որպեսզի չտուժեր նաև սպառողը։ Բայց չէ, կառավարությունն ընտրել է հեշտ տարբերակը։
Չնայած դեռ պարզ չէ, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ՝ ինչպես տվյալ ապրանքի ներքին շուկայի, այնպես էլ՝ գործընկեր երկրների հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների վրա։ Մի կողմից՝ փորձեր են արվում արտոնյալ ռեժիմներ ստանալ իրանական շուկայում հայկական ապրանքներն առաջ մղելու համար, մյուս կողմից` կառավարությունը սահմանափակումներ է կիրառում այդ երկրից ներմուծվող ապրանքների նկատմամբ։
Ավելին, ինչպես հայտնի է, դեռ նախորդ իշխանությունների օրոք ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, բանակցում էին Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Սպասվում է, որ առաջիկայում մի քանի հարյուր ապրանքատեսակներ կստանան ազատ շրջանառվելու հնարավորություն։ Իսկ եթե դրանցից մեկն էլ ցեմենտն է։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է պաշտպանել տեղական արտադրողին։ Սրանք հարցեր են, որոնք դեռ բաց են մնում։
Ընդհանրապես հայկական ցեմենտի հետ կապված հարցերը շատ են։ Անհասկանալի է, թե ինչպե՞ս է ստացվում, որ ներքին շուկայում տեղական ապրանքի իրացումը գրեթե կրկնակի թանկ է, քան արտահանվող երկրում։ Ասենք` Հայաստանում այն վաճառվում է տոննան 80 կամ 100 դոլարով, բայց հարևան Վրաստան արտահանվում է 45-46 դոլարով։ Եթե 45-46 դոլարն ինքնարժեքն է, ինչպես հայկական արտադրողներն են ասում, ապա այդ ի՞նչ գործոններ են, որոնց հետևանքով ներքին շուկայում այն կրկնակի թանկանում է։ Կամ՝ գուցե տեղական սպառողին թանկ վաճառելու հաշվին` հայկական ցեմենտն էլ վրացական շուկայում է դեմպինգային գներով վաճառվում։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տար կառավարությունը` մինչև կորոշեր վարչական գործիքներով պաշտպանել տեղական արտադրողներին։
Հատկանշանակ է, որ կառավարության այս որոշումից ընդամենը երկու ամիս առաջ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենն ինքնագոհ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ կատարված է տնտեսական հեղափոխության առաջին քայլը։
«Դեռևս սեպտեմբեր ամսին, երբ «Արարատցեմենտ» գործարանը կանգնած էր փակման եզրին, իսկ ինչպես գիտենք՝ ամբողջ աշխարհում ցեմենտի արտադրությունը ստրատեգիական նշանակություն ունի, ուստի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հանձնարարական տնօրենների խորհրդին, առանց որևէ աշխատատեղի կրճատման, բացառապես նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, սարքավորումների արդիականացմամբ հասնել ցեմենտի այնպիսի գնի, որը կպահպանի բարձր որակը, միևնույն ժամանակ՝ գնային առումով շատ ավելի մատչելի կլինի, քան տարածաշրջանի ցեմենտի այլ գործարանների արտադրանքի արժեքը:
Պարոն Ծառուկյանը խորհրդի նիստում հայտարարել է, որ սարքավորումների արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման ամբողջ ծախսը վերցնում է իր վրա և առաջիկա տարում որևէ շահույթ չի ակնկալում: Ծառուկյանի խոսքով, յուրաքանչյուր ոք պետք է դառնա տնտեսական հեղափոխության կրողը՝ իր խոսքը դարձնելով գործ: Այսօր տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը կատարված է, նոր տեխնոլոգիաները ներդրված են, «Արարատցեմենտում» արդիականացված են գազայրիչներն ու բոցամուղը»:
Իրականացված արդիականացման արդյունքում, ըստ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենի, 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50 հազարի փոխարեն՝ այժմ կկազմի 40 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
«Այս քայլը, բնականաբար, մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա, ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ: Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ Ծառուկյանի առաջին քայլը»,- հայտարարել էր «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրենը։
Բայց մի՞թե սա է տնտեսության հեղափոխական քայլը, եթե դրանից ընդամենը երկու ամիս հետո ցեմենտի տեղական արտադրողը պիտի կանգներ կոտրած տաշտակի առջև։ Եթե այսպես է լինելու հեղափոխությունը, դժվար չէ պատկերացնել դրա ապագան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը