Մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող կազմակերպություններից որոնք է առաջարկվել լուծարել, վերակազմավորել կամ վերակազմակերպել: Այսպես՝ առաջարկել են լուծարել.
«Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ը: Լուծարման հիմք նշված է այն, որ թատրոնը գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում, իրականացվող գործառույթները համընկնում են այլ թատերական կազմակերպությունների գործառույթների հետ: Առաջարկվում է լուծարել և ներառել նշված ինստիտուտի կազմում՝ որպես թատերական գործունեության իրականացման ուսանողական և փորձարարական հարթակ:
«Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ. նշված է, որ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները թերի են իրականացվում: ՊՈԱԿ-ը վաղուց վերածվել է շահութաբեր բիզնես կազմակերպության և այլևս պետական հովանավորության կարիք չունի։ Առաջարկվում է ՊՈԱԿ-ի պահպանման համար նախատեսված գումարներն ուղղել երգարվեստի ժանրի ծրագրերի իրականացմանը, իսկ ՊՈԱԿ-ին ամրագրված տարածքը տրամադրել Հայաստանի էստրադային ջազ նվագախմբին:
«Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ՝ լուծարման հիմք նշվում է՝ իրականացվող գործառույթները համընկնում են «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գործառույթների հետ, հետևաբար առաջարկվում է ներառել վերջինիս կազմում:
«Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ կինոստուդիա» ՊՈԱԿ, որը նույնպես, գտել են, որ իրականացվող գործառույթները համընկնում են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների հետ, ուստի պետք է վերակազմավորել և ներառել նոր ստեղծվելիք ՊՈԱԿ-ի կամ հիմնադրամի կազմում:
«Երևանի խամաճիկների պետական թատրոն» ՊՈԱԿ-ն առաջարկում են վերակազմավորել՝ որպես Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի մասնաճյուղ կամ նույնիսկ բաժին:
«Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ն առաջարկվում է լուծարել՝ մասնավոր կարգավիճակի անցնելու նպատակով:
«Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի դեպքում առաջարկվում է միավորել Պարոնյանի թատրոնին կամ լուծարել՝ պետական կարգավիճակից մասնավորի անցնելու նպատակով:
«Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը նույնպես վերակազմավորվելու է, և առաջարկվում է օպտիմալացնել, որից հետո միացնել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ին:
«Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ն առաջարկել են միավորել Կամերային երաժշտության ազգային կենտրոնին: Նշենք, որ «Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը գործում է «ազգային» հատուկ կարգավիճակով:
«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը՝ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին: Կա նաև «Ալեքսանդր «Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ դարձնելու առաջարկությունը:
168.am-ը կապ է հաստատել վերը նշված կազմակերպությունների ղեկավարների հետ: Նրանք նշել են, որ այս մասին տեղեկացել են մամուլից և չեն հասկանում, թե ինչո՞ւ իրենց տեղյակ չի պահվել:
«Տեղյակ ենք այնքանով, որքանով որ դուք եք տեղյակ»,- եղել է շատերի պատասխանը:
«Մշակույթի նախարարության կողմից որևէ պարզաբանում չի եղել: Վերջիվերջո, նշված տեղերում աշխատում են արվեստին նվիրված մարդիկ, և, եթե նրանք քննարկումներ են ունեցել կամ նման բան են ուզում անել, տարօրինակ է, որ որևէ մեկի կարծիքը չեն հարցրել: Ինչո՞ւ այդ մասին պետք է իմանանք որևէ թերթից կամ կայքից: Եվ, հետո, եթե նման քննարկումներ եղել են, ինչո՞ւ մենք տեղյակ չենք: Ցանկում ՊՈԱԿ-ների կեսն ընդգրկված էր: Թատրոնների մեծ մասի անունը կար՝ բացի մի երկուսից: Կամ տուն-թանգարանի ու թանգարանի զավեշտալի միացման որոշումը: Չենք հասկանում՝ արդեն Կառավարությունում քննարկվող նախագի՞ծ է, թե՞ ոչ: Սա ուղղակի աբսուրդի թատրոն է:
Այստեղ 1000-ավոր արվեստագետների խնդիրը կա, որովհետև յուրաքանչյուր ՊՈԱԿ-ում ամենաքիչը 50-60 մարդ է աշխատում, և որպես ղեկավարներ՝ նրանց պետք է կարողանանք որևէ պատասխան տալ, չէ՞: Պաշտոնական տեղեկություն շուտ պետք է տային, մենք պետք է այդ ամենի ընթացքին հետևեինք, քննարկումներ լինեն, թե չէ իրար հետևից գրել են՝ լուծարել, լուծարել, միացնել: Իսկ ո՞ւմ են հարցրել, կարծիք կարելի՞ էր գոնե հարցնել»,- ասել է «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանը:
«Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ի տնօրեն Սամվել Մեսրոպյանն էլ նշել է․«Ցավոք, ես տեղյակ չեմ, թե, ի վերջո, ի՞նչ է լինելու, ո՞նց են սա պատկերացնում, ուստի կխուսափեմ կարծիք հայտնել: Պետք է հասկանանք, թե ի՞նչ է կատարվում, ու ի՞նչ են առաջարկում: Միայն ոչ պաշտոնական տեղեկություն ունենք»:
Կապ են հաստատել նաև Մշակույթի նախարարության հետ: Նրանք խոստացել են մի փոքր ուշ պատասխանել հարցերին:
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը