25 02 2019

Երևանը թաքցնում է իրական իրավիճակն առաջնագծում. քաղաքագետ․ «168 Ժամ»

Երևանը թաքցնում է իրական իրավիճակն առաջնագծում. քաղաքագետ․ «168 Ժամ»

«Պաշտոնական Ստեփանակերտը կարծես խնդիր չի տեսնում դրա մեջ, և այնպես չէ, որ Մինսկի խմբի համանախագահները միշտ են այցելում Արցախի մայրաքաղաք, հաճախ լինում է, որ Երևան են գալիս, և քննարկումներն այստեղ են տեղի ունենում: Կարծում եմ՝ հիմնական խնդիրները, ըստ էության, Երևանի և Բաքվի հետ են և սահմանափակվում են այս երկու այցով»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցից Ստեփանակերտի դուրս մնալու հանգամանքին:

Նա համաձայնել է, որ դրանով Ստեփանակերտի մեկուսացումն ինչ-որ չափով խորանում է. «Եթե նպատակ ունենք, որ Ստեփանակերտը ներկայացված լինի բանակցությունների սեղանին, ուրեմն պետք է ամեն ինչ անել, որ մինչ բանակցային սեղանին նստելու պրոցեսներին էլ մասնակից լինի: Նոր ընտրվելու ժամանակ վարչապետն ասում էր, որ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցային սեղան, բայց, ըստ էության, տեսնում ենք, որ դրան ուղղված ռեալ քայլեր չկան: Այս առումով, ես անկեղծ չեմ զարմանում, որ ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի նպաստում Արցախի մեկուսացման հաղթահարմանը»:

Հ. Մելիք-Շահնազարյանը նշել է, որ ՄԽ համանախագահների այս այցից սպասելիքներ չունի, հասկանալի է, որ այն արարողակարգային բնույթ է կրում, որի լավագույն արդյունքը կարող է լինել արտգործնախարարների ևս մեկ հանդիպման կազմակերպումը:

Սակայն, ըստ նրա, նախկին պրակտիկան, հատկապես՝ Դավոսի հանդիպումը, ցույց է տալիս, որ ոչ միայն ՄԽ համանախագահները, նաև արտգործնախարարներն այլ օրակարգով են առաջնորդվում, քան երկրների ղեկավարները. «Դրա համար սպասել, որ այս այցի արդյունքում ինչ-որ լուրջ բան հնարավոր կլինի պայմանավորվել, չի կարելի: Միամտություն կլինի նման բան սպասելը»:

Անդրադառնալով շփման գծում իրավիճակի վերաբերյալ Թևան Պողոսյանի ահազանգին, և հարցին, թե մի՞թե կրակը դադարեցնելու վերաբերյալ Փաշինյան-Ալիև  պայմանավորվածությունը վերաբերել է միայն Հայաստանին, քաղաքագետը նշել է, որ դա շատ անտրամաբանական կլիներ, եթե այդ պայմանավորվածությունը վերաբերեր միայն ՀՀ-Ադրբեջան սահմանին.

«Այնուամենայնիվ, մի քանի անգամ ականատես եղանք, որ պաշտոնական Երևանը փորձում է թաքցնել իրական իրավիճակն առաջնագծում, հայտարարում են, որ ամեն ինչ հանգիստ է, բայց իրականում հանգիստ չէ, մենք զոհեր ենք ունեցել այդ պայմանավորվածություններից հետո, կրակում են բավականին զգալի ինտենսիվությամբ, և նրանք շատ լուրջ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, որոնք նվազեցնում են մեր անվտանգության մակարդակն առաջնագծում: Դրա համար պաշտոնական Երևանի հայտարարություններն ինձ համար այդքան էլ արժանահավատ չեն, որովհետև սահմանից ստացվող փաստերն այլ բանի մասին են խոսում, և այս հարցում ես ավելի վստահում եմ նրան, ինչ Թևան Պողոսյանն է փոխանցել, և ինքս էլ տեղեկացված եմ դրա մասին»:

Հ. Մելիք-Շահնազարյանը դժվարացել է խոսել առաջիկայում սպասվող հնարավոր զարգացումների մասին. «Ես վաղուց եմ հայտարարում, որ պետք է ամենավատին նախապատրաստվել, որովհետև ամեն ինչ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատերազմի է նախապատրաստվում, և այդ համեմատաբար կայունությունն էլ, որի մասին խոսում են մեր իշխանությունները, Ադրբեջանին պետք են ինժեներական և նախապատրաստական աշխատանքները հանգիստ անցկացնելու համար: Եթե կողմերից որևէ մեկը պատերազմի է նախապատրաստվում, ապա սպասելիքներն էլ չեն կարող լավը լինել: Իրավիճակն առնվազն վտանգավոր է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ