22 02 2019

Ինչպե՞ս անել, որ համեմատությունները հօգուտ քեզ լինեն․«Հրապարակ»

Ինչպե՞ս անել, որ համեմատությունները հօգուտ քեզ լինեն․«Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է«Ինչո՞ւ են երիտասարդ իշխանություններն այդքան նեղսրտում-վիրավորվում, երբ իրենց համեմատում են նախկինների հետ։ Չէ՞ որ միանգամայն բնական են այդ համեմատությունները, նախ այն պարզ պատճառով, որ ամեն ինչ համեմատության մեջ է բացահայտվում, իսկ մենք համեմատելու այնքան էլ շատ բան չունենք՝ ընդամենը 3 նախագահ  եւ 2 իշխող ուժ՝ անկախության 30 տարիներին։ Բացի այդ, բոլոր համակարգերում դա ընդունված երեւույթ է՝ յուրաքանչյուր հաջորդ պաշտոնյային համեմատում են նախորդի հետ, եւ աշխատակազմը շարունակ զուգահեռներ է անցկացնում, մինչեւ կգա նորը եւ նոր զուգահեռների նյութ կտա չինովնիկներին։

Այնպես որ, որքան էլ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ընդվզեն, ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի հետ համեմատություններն անխուսափելի են, եւ դա ո՛չ իրենց ցանկությունից է կախված, ո՛չ հանրապետականների։ Նույն կարգով համեմատել են Լեւոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո Ռոբերտ Քոչարյանին՝ Սերժ Սարգսյանի հետ։ Անգամ ընդդիմության առաջնորդներին են միմյանց հետ համեմատում եւ զուգահեռներ անցկացնում։ Հարցն այն է՝ ինչ եւ ինչպես անել, որ այդ համեմատությունները հօգուտ քեզ լինեն։ Եվ համեմատելիս ոչ թե ասեն՝ «մրից ելանք, մրջուրն ընկանք», այլ օրհնեն քեզ եւ այն «օրհնված սհաթը», երբ դու ոտք դրեցիր Գյումրի եւ սկսեցիր նշանավոր քայլարշավը։ Ինչպես անել, որ մարդկանց բարեկեցությունը «Սերժի ժամանակների» համեմատ անկում չապրի, մարդու իրավունքներն ավելի շատ չոտնահարվեն, քան այն ժամանակ էր, եւ իշխանափոխության բարիքներից օգտվի ոչ միայն «քայլ արածների» հերոսական թիմը, այլեւ շարքային քաղաքացիները, որոնք հոժարակամ եւ ոչ պակաս հերոսաբար ձեզ բերել են իշխանության՝ հավատալով, որ դուք գիտեք, թե ինչ պատասխանատվություն եք ստանձնում եւ ուր եք տանում մեր երկիրը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ