19 02 2019

Նիկոլի «լևոնականացման» միֆը. «Փաստ»

Նիկոլի «լևոնականացման» միֆը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով ծրագրային ընդարձակ առաջարկությունների փաթեթ՝ Ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխություններից սկսած, վերջացրած տնտեսության տարբեր ոլորտների մասին մոտեցումներով: Ծրագրի բովանդակային մասը չէ, սակայն, մեր քննարկման առարկան: Այս ծրագրային փաթեթն, ըստ էության, կարելի է անվանել ՀԱԿ–ի՝ վերջին շրջանի քաղաքական ակտիվության ֆորմալիզացիա: ՀԱԿ–ը հայտ է ներկայացնում քաղաքական կյանքում դերակատարություն ստանձնելու:

Այդ դերակատարությունն, ըստ էության, ավարտվեց 2017թ. Ազգային ժողովի ընտրություններով, երբ Հայ ազգային կոնգրեսը չհայտնվեց խորհրդարանում՝ ընդդիմադիր ուժի դրոշը զիջելով «Ելք» դաշինքին: Նույնիսկ հեղափոխության օրերին ՀԱԿ–ը տեսանելի չէր քաղաքական դաշտում: Տեսանելիության առումով որոշակի տեղաշարժ սկսվեց վերջին ամիսներին: 

Հաճախ է շրջանառվող տեղեկություններում Նիկոլ Փաշինյանը ներկայացվում Լևոն Տեր– Պետրոսյանի հոգեզավակ: Իսկ հասարակության մեջ կա մի ստվար հատված, որ կոնկրետ դիրքորոշում ունի Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիների վերաբերյալ: 

Նիկոլ Փաշինյանի կապը Տեր–Պետրոսյանի հետ, հնարավոր է, իշխանությանը որոշակի վարկանիշային ռիսկեր հասցնի: Այս խոսակություններն ավելի սրվեցին, երբ Փաշինյանը վերջին շրջանում ՀԱԿ–ից և 2008–ի քաղաքական շարժման մասնակիցներից ոմանց նշանակեց տարբեր պաշտոնների: Բնականաբար, այս հանգամանքը չվրիպեց վերոնշյալ թեզը շրջանառողների ուշադրությունից: 

ՀԱԿ–ը որոշեց օգտվել տեղեկատվական այս հոսքերից կամ այս խաղից, որտեղ իրենք հասարակության աչքերում Փաշինյանին վարկաբեկող գործիք են: Նիկոլին վերագրվող՝ ՀԱԿ–ի և Տեր–Պետրոսյանի հոգեզավակ լինելու հանգամանքը ՀԱԿ–ին դուր եկավ: Նրանք սկսեցին դիրքավորվել հենց այդ մոտեցման սահմաններում: Պատմության վերանայման առաջարկությունները, ամենօրյա ռեժիմով իշխանության մրցակիցներին կուսակցական ռեսուրսներով պատասխանելը, առաջարկությունների ծրագրային փաթեթը, և, բնականաբար, Մարտի 1–ի թեման ՀԱԿ– ին առնվազն հիմա վերադարձնում են քաղաքականության գոնե տեղեկատվական առաջնագիծ: Կոնգրեսն ու Տեր–Պետրոսյանը, փաստացի, խաղում են այն դերը, որը նրանց վերագրվում էր տեղեկատվական հոսքերում: 

Մոտավոր այս ամենը կարելի է ձևակերպել այսպես. «Այո, Նիկոլը մեր հոգեզավակն է, 2008–ի շարժման դեմքերից է, եթե չլիներ 2008–ը, չէր լինի 2018–ը, Նիկոլն արել է այն, ինչ մենք ենք փորձել անել»:

Ավելի կարևոր է, սակայն, այլ հարց՝ ինչպիսին է Փաշինյանի վերաբերմունքն ու դիրքորոշումն այս ամենին: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Փաշինյանի և Տեր–Պետրոսյանի ներկայիս կապերի մասին լուրերը հասարակության շրջանում հարցականներ են թողել: Նույնկերպ սխալված չենք լինի, եթե ֆիքսենք, որ եթե օբյեկտիվորեն ՀԱԿ–ն այժմ Փաշինյանի լիարժեք դաշնակիցների ցուցակում էլ չէ, ապա գոնե «թշնամիների» ցուցակում չէ: Մեկ այլ օբյեկտիվ հանգամանք, Փաշինյանի և կոնգրեսականների միջև բարոյահոգեբանական դիստանցիան, այսպես ասած, առավել պակաս է, քան Փաշինյանի և, օրինակ, Սերժ Սարգսյանի «պրոֆեսիոնալների»: Այսքանով հանդերձ, առայժմ չկա որևէ իրատեսական ինդիկատոր առ այն, որ Փաշինյանը գնում է ծավալուն «լևոնականության»: Ամենայն հավանականությամբ, այս մտայնության հետևում կա մի քանի մոտիվ: Նախ՝ կադրային սովը, որը փորձ է արվում լրացնել հնարավոր բոլոր ռեսուրսներով: Այս իմաստով Փաշինյանի նշանակումներում շատ են ոչ միայն «լևոնականները», այլև «ռոբականները, սերժականները, վազգենականները»: 

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այս պահին իշխանությունն իսկապես դաշնակիցներ չունի: Անհեռատեսություն կլինի նման իրավիճակում մերժել ՀԱԿ–ի ակտիվությունը, գոնե տեղեկատվական դաշտում այն հիմա իշխանություններին ձեռնտու է:

Այնուամենայնիվ, միամտություն է կարծել, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է կիսել իշխանությունը ՀԱԿ–ի հետ, կամ, ինչպես հիմա մոդայիկ է տարատեսակ խոսակցություններում ասել, մտադիր է Տեր–Պետրոսյանին նշանակել խորհրդական: Գործ ունենք բազմակողմ խաղի հետ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փորձում է իր շահերն իրացնել: Առայժմ այդ շահերի իրացումը տեղի է ունենում տեղեկատվական դաշտում: Իսկ խորհրդական լինելու համար հրամանագիր կամ որոշում Տեր–Պետրոսյանին պետք էլ չէ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ