16 02 2019

Հայերի մի մասը մենակ կմնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ պայքարում․ քաղաքագետ․ «Ազգ»

Հայերի մի մասը մենակ կմնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ պայքարում․ քաղաքագետ․ «Ազգ»

«Ազգ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով փորձագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը․

Հարգելի պարոն Տարասով, «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Դուք, նկատի ունենալով Երեւանում կայացած ռուսական զորքի ներկայության դեմ սակավամարդ բողոքի ցույցը, անցյալ դեկտեմբերին ասել եք, որ եթե հայերը չեն ուզում նրանց ներկայությունը, ապա խնդիր չկա՝ ռուսները կարող են պարզապես գնացք նստել ու հեռանալ: Որպես լավատեղյակ եւ քաջահմուտ վերլուծաբան, Դուք, վստահ եմ, տեղյակ եք, որ հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը կողմնակից չէ նման պահանջների: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Ձեր նման հայտարարությունը. նախազգուշացո՞ւմ էր այն, թե՞...

– Համամիտ լինելով Ձեր այն մտքի հետ, որ հայ ժողովրդի մեծամասնությունը կողմնակից չէ նման կոչերի եւ պահանջների, ուզում եմ նշել հետեւյալը. մեզ անհանգստացնում է Հայաստանում նման տրամադրվածության յուրաքանչյուր փաստ եւ դրսեւորում, իսկ խոսքն այս դեպքում արմատական ընդդիմության կողմից հնչած գնահատականների մասին է: Հասկանո՞ւմ եք, նման տրամադրությունները դիմացինի մոտ ստեղծում են անորոշություն եւ դեպքերի զարգացման այլընտրանքային սցենար ունենալու զգացողություն: Խնդիրն այստեղ այնքան էլ հեշտ ու պարզունակ չէ, ինչը կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ Հայաստանում ռուսական ռազմակայանի հայտնվելու պատճառներն ու առկայությունը տարիներ շարունակ տեղիք է տվել բողոքի ալիքների եւ բազմաթիվ սպառնալիքների, որոնք հնչել են, առաջին հերթին՝ Թուրքիայից, ապա Ադրբեջանից:

Սա նշանակում է, որ նրանք, ովքեր ցանկանում են, որ ռուսական զորքերը դուրս գան Հայաստանից, ապա ունեն ապագայի տարբեր տեսլականներ ու հայացքներ: Սակայն Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական իրավիճակը լրջորեն փոխվեց այն բանից հետո, երբ ռուսական ռազմակայանները հայտնվեցին Սիրիայում եւ Սիրիայի ուղղությամբ ի հայտ եկավ Թուրքիայի հետ դաշինքի հնարավորություն:

Հետեւաբար, ռազմավարական իմաստով Հայաստանում ռուսական բազայի առկայության հարցը հարթեցվեց եւ լարվածությունը մեղմվեց: Բայց տարօրինակն այն է, որ Թուրքիայում սկսեցին աճել ռուսամետ տրամադրությունները, մինչդեռ Հայաստանում գործընթացն ընթանում է հակառակ ուղղությամբ: Սա, ըստ իս, խոսում է այն մասին, որ հայաստանյան որոշակի շրջանակներ նոր հայացքներ ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարի մասին եւ այլեւս ռուսական աջակցության կարիքը չունեն: Հետեւաբար, նման մտայնությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, եւ հայերի մի մասը, փաստորեն, մեն-մենակ կմնա Թուրքիայի եւ Ադրբեջանի նման հարեւանների հետ պայքարում:

– Ըստ Ձեզ, այժմ որտե՞ղ, ո՞ր փուլում են գտնվում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ինչպե՞ս կգնահատեք դրանք:

– Ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս իրավիճակը ես գնահատում եմ այսպես. մեր երկու երկրների հարաբերությունները նախկինում ավելի լավ էին, ներկայումս շատ անորոշություններ կան: Ճիշտ է, այս փուլում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակում է հաջողությամբ զարգանալ, իսկ մնացածի համար կասեմ հետեւալը՝ շատ բառեր եւ շատ անորոշություններ: 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ