15 02 2019

ԱՄՆ-ն ՀՀ հետ կապերում գծում է կարմիր գծերը․ «168 Ժամ»

ԱՄՆ-ն ՀՀ հետ կապերում գծում է կարմիր գծերը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Միացյալ Նահանգները ՀՀ-ի սիրիական հումանիտար առաքելությանն այլ կերպ չէր կարող արձագանքել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը` անդրադառնալով ՀՀ հումանիտար առաքելությանը Սիրիայում և Միացյալ Նահանգների արձագանքին։

Նշենք, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն արձագանքել է Հայաստանից մասնագետների՝ բժիշկների, ականազերծողների և նրանց անվտանգությունն ապահովող 83-հոգանոց խմբի գործուղմանը Սիրիա՝ ընդգծելով, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները,- ասված է լրատվամիջոցների հարցումներին Պետդեպարտամենտի տված պատասխանում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից,- Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով»։

ԱՄՆ դեսպանատան տրամադրած դիրքորոշման մեջ նաև ասվում է․«Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»։

Նեյլ Մաքֆարլեյնը փորձեց պարզաբանել, թե Սիրիայում Հայաստանի Հանրապետության հումանիտար ներգրավվածությունը քաղաքական ինչ հետևանքներ կունենա՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համատեքստում:

Ըստ նրա՝ զարմանալի կլիներ Միացյալ Նահանգների կողմից այլ արձագանք տեսնել այս հարցի վերաբերյալ: Ավելին, նրա որակմամբ, այդ արձագանքը շատ ավելի կոշտ կարող էր լինել:

«Բայց ԱՄՆ-ը բավարարվել է իր հստակ դիրքորոշումը Հայաստանին ներկայացնելուց, որն իրականում մի քանի զարգացումներ կանխատեսելու հնարավորություն է տալիս: Միացյալ Նահանգներն արձանագրում է խնդիրը և մատնանշում, թե ինչն է անթույլատրելի, հասկանալի է դարձնում, որ ռազմական ներգրավումը շատ ավելի կոշտ արձագանք կարող է ունենալ, ընդհուպ՝ հետևանքներ ունենալով Հայաստանի Հանրապետության համար, ինչպես և շատ այլ երկրների, որոնք նմանատիպ գործողություններ են սկսել Սիրիայում: Իմ կարծիքով` դա Հայաստանին ամենևին էլ հարկավոր չէ, դա Սիրիայի հայ համայնքին ևս հարկավոր չէ:

Իսկ այս պահին Նահանգները հասկանում է, որ կա հայ համայնքի խնդիր, որը լավ հիմնավորում է նման առաքելության համար, և Միացյալ Նահանգները չի կարող որևէ կերպ միջամտել, քանի որ լավ ձևակերպումներ են տրված: Բայց խնդիր կա ԱՄՆ-ի համար, և ԱՄՆ-ը գծում է կարմիր գծերը, մնացածը Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշումների և պատասխանատվության տիրույթում է:

Ենթադրելի է մեկ այլ հանգամանք ևս, որ նմանատիպ արձագանքն ավելի խորը արմատներ ունի և երևի թե կապված է հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների սեղմ օրակարգի և, ընդհանուր առմամբ, ՀՀ արտաքին քաղաքականության հետ: Հայաստանը ցույց տվեց, որ փորձում է աջակցել Սիրիայում Ռուսաստանին՝ աջակցելով իր ռազմավարական դաշնակցին, հստակ գիտակցելով, թե այն ինչպիսի արձագանք կարող է ունենալ, և նմանատիպ արձագանք եղավ: Այնուամենայնիվ,  չեմ կարծում, որ հայ-ամերիկյան հարաբերությունների վրա էական ազդեցություն լինի, քանի որ այն համոզմանն եմ, որ հումանիտար առաքելությունը սրանով կսահմանափակվի, և Միացյալ Նահանգները հատուկ որոշումներ չի կայացնի Հայաստանի ուղղությամբ»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա քաղաքագետը գտնում է, որ այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ: «Իմ համոզմամբ՝ Ռուսաստանն իր եվրասիական գործընկերներից մշտապես ակնկալել է ռազմական աջակցություն Սիրիայում, հնարավորության դեպքում Ռուսաստանը դա կներկայացներ՝ որպես ՀԱՊԿ գործողություն, բայց ՀԱՊԿ-ը խուսափեց դրանից, բոլոր երկրները հասկացան, որ ռիսկերը մեծ են, ուստի ռիսկի գնաց միայն Ռուսաստանը: Ռուսաստանի ռազմական ներգրավվածությունը Սիրիայում բավականին լայնածավալ, մեծ ռիսկեր ու մարտահրավերներ պարունակող քայլ էր, որին Ռուսաստանը չստացավ աջակցություն իր գործընկերներից:

Եվ ես կարծում եմ, որ հումանիտար առաքելությունն այն չէր, ինչ Ռուսաստանը սպասում էր նրանցից: Սակայն պետք է նաև նշեմ, որ, քանի որ սա ներկայացվեց՝ որպես հայ-ռուսական պրոյեկտ, Հայաստանը կստանա որոշակի արտոնություններ իր այս որոշման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի մյուս գործընկերները խուսափեցին ցանկացած տեսակի ներգրավվածությունից Սիրիայում, իսկ Հայաստանը նման որոշում կայացրեց, որի պտուղների մասին, ամենայն հավանականությամբ, մենք կլսենք ապագայում: Չնայած հայ-ռուսական հարաբերություններում ոչ ամենալավ շրջանն է, այս առաքելությունը ստացել է Ռուսաստանի աջակցությունը և կստանա որոշակի արտոնություններ Ռուսաստանից, թե ինչպիսի՝ ես չեմ կարող ասել:

Այնուամենայնիվ, դա գիտակցված ռիսկային որոշում էր ՀՀ-ի կողմից, քանի որ Սիրիայում ստեղծված վտանգավոր իրավիճակը, ինչպես նաև Արևմուտք-Ռուսաստան առճակատումն այնտեղ որևէ մեկի համար գաղտնիք չէ»,- մեկնաբանեց Նեյլ Մաքֆարլեյնը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ