14 02 2019

Նախկիններն էլ էին ասում՝ իրենց կառավարության ծրագիրը փայլուն է․ «Հրապարակ»

Նախկիններն էլ էին ասում՝ իրենց կառավարության ծրագիրը փայլուն է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է «Երեկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչած ելույթից, հարցուպատասխաններից կարելի էր լիարժեք պատկերացում կազմել մեր երկրում տիրող իրավիճակի, մեր իշխանությունների հոգեկան եւ մտավոր ունակությունների, աշխարհայացքի, տեսահորիզոնի, միջանձնային հարաբերությունների որակի, պատասխանատվության զգացումի եւ շատ այլ բաների մասին։ Խոսակցության որակը եւ ուղղվածությունն այնպիսին էին, որ առանձնապես մեծ հույսեր փայփայելու հիմքեր չտվեցին։

Ակնհայտ էին տեղեկացվածության պակաս, մանիպուլյացիաների ու դեմագոգության հակվածություն, մեծամտության եւ ինքնահավանության արդեն անհանգստացնող չափաբաժին, խնդիրների լուծման ուղիների մասին աղոտ պատկերացումներ։

Պատահական չէր, որ կառավարության ընդդիմախոսները՝ ներսում եւ դրսում, երկու օր շարունակ հիշում եւ մեջբերում էին նախկինների խոսքերն ու պահվածքը։ Նրանք էլ էին վկայակոչում ցածր աշխատավարձերն ու միջոցների սղությունը եւ շատ բան բացատրում դրանով։ Նրանք էլ էին ասում, որ աճ ենք ապահովել՝ այսինչ արտադրության գծով, այնինչ ներդրումների մասով, որ շուտով հազարավոր աշխատատեղեր են բացվելու, եւ միլիարդներ են հոսելու դեպի Հայաստան։ Նրանք էլ էին մեղադրում շարքային քաղաքացիներին՝ ծուլության, պասիվության մեջ։ Նրանք էլ էին համարում, որ աղքատներն իրենք են մեղավոր, որ աղքատ են, դժգոհներն իրենք են մեղավոր, որ դժգոհ են, իրականում կյանքը լուսավոր է, իսկ ապագան մերն է լինելու։ Նրանք էլ էին ասում, որ իրենց կառավարության ծրագիրը փայլուն է, եւ միայն այս կառավարության եւ այս ծրագրով է հնարավոր տնտեսությունը զարգացնել, երկիրն առաջ տանել։ Նրանք էլ էին զայրանում ընդդիմադիրների հարցերից ու քննադատությունից։ Նրանք էլ էին հույսը դնում կոճակ սեղմողների մեծամասնության վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ