«Հրապարակ»-ը գրել է․ «Շատերը հավատում եւ սպասում էին, որ ընտրություններում տարած փայլուն հաղթանակից հետո իշխանությունն ավելի ինքնավստահ կդառնա եւ ըստ այդմ՝ ավելի գործունյա։ Որ կհրաժարվի հեղափոխությունից հետո առկա ցայտնոտից ու սթրեսից, կվերանայի իր ռազմավարությունն ու մարտավարությունը եւ թեւքերը քշտած՝ կանցնի գործի։
Ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ նոր փուլի սկիզբը։ Բնականաբար՝ առաջին հերթին կառավարության ներկայացվելիք կազմի ու կառուցվածքի օպտիմալության ու կրեատիվության մեջ եւ անպայման՝ խորհրդարանին ներկայացվելիք Ծրագրի բովանդակության։ Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ կառավարության կազմում ոչ մի փոփոխություն չկատարվեց, եթե չհաշվենք, որ պրոֆեսիոնալ Մանե Թանդիլյանին փոխարինեցին ոչ պրոֆեսիոնալ Զառա Բաթոյանով։
Իսկ կառավարության ծրագրի տեքստը հրապարակման պահից դաժան քննադատության է արժանանում անգամ իր թիմակիցների եւ աջակիցների կողմից։ Երեկ իր տեսակետն էր շարադրել հեղափոխությանն ակտիվ մասնակցած գյումրեցի Լեւոն Բարսեղյանը, ով պարզապես թվարկել էր, որ իրենց կազմած «Հայաստանի վերականգնման ճանապարհային քարտեզի» ոչ մի դրույթ նախագծում չկա՝ «ո՛չ անցումային արդարադատություն, ո՛չ Սահմանադրության փոփոխություններ, ո՛չ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխության, ո՛չ Ընտրական օրենսգրքի փոփոխության, ո՛չ դատախազության, ո՛չ ՀՔԾ-ի, ո՛չ ոստիկանության, ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ ՔԿ-ի բարեփոխման գաղափարները»:
Քաղաքացիական հասարակության մեկ այլ ներկայացուցիչ՝ Զարուհի Հովհաննիսյանն էլ ասաց․ «Կենացների ու բարեմաղթանքների շարանը, որը ներկայացված է կառավարության ծրագրում, ցավոք, ոչ միայն անընդունելի է, այլեւ համահունչ չէ հեղափոխական գաղափարներին»։ Իշխանությունը պետք է լրջորեն մտածի՝ ինչպես կանգնեցնել հիասթափությունների այս ալիքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը