06 02 2019

Ինչ չներվեց Էլոյանին, ներվում է Ռևազյանին. «168 Ժամ»

Ինչ չներվեց Էլոյանին, ներվում է Ռևազյանին. «168 Ժամ»

168.am-ը գրում է․ «Օրեր առաջ Ավետիք Էլոյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018թ. հունիսին՝ հեղափոխությունից հետո: Ինչպես արդեն նշել էինք՝ մինչ այդ, 2002 թվականից Ա. Էլոյանը բնակվում և գործունեություն էր ծավալում ԱՄՆ-ում։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին հրահանգ էր տվել կառավարության անդամներին՝ Ամանորն անցկացնել Հայաստանում, սակայն Էլոյանը մեկնել էր ԱՄՆ՝ այնտեղ բնակվող իր ընտանիքի հետ անցկացնելու տոները: 

168.am-ի տեղեկություններով՝ Էլոյանը ֆեյսբուքյան իր էջում այդ ընթացքում ակտիվ գրառումներ է կատարել, տեսանյութեր տեղադրել, և կառավարությունից իմանալով այս մասին՝ զանգահարել և ասել են, որպեսզի նա շտապ վերադառնա, քանի որ ոմանց զայրույթն է առաջացրել այն, որ նա տոներն անցկացնում է Միացյալ Նահանգներում՝ արտերկրում։ Էլոյանը պատասխանել է, որ գտնվում է ԱՄՆ-ում և չի կարող շուտափույթ վերադառնալ։ Հետևանքը, փաստորեն, պաշտոնից նրա հեռացումը եղավ։ Էլոյանը ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում չէր հերքել այս տեղեկատվությունը՝ նշելով, որ պաշտոնավարումից առաջ այդ մասին խոսվել է վարչապետի հետ. ընտանիքն ԱՄՆ-ում է, և ժամանակ առ ժամանակ պետք է այցելի ընտանիքին։ Պայմանն ընդունվել է, և նա ստանձնել է պաշտոնը։

Նման խնդրի առջև էին կանգնել նաև երկու փոխնախարարներ՝ ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և մյուս տեղակալ Սուրեն Քրմոյանը։ Վերջիններս ևս իրենց ամանորյա հանգիստն անցկացրել էին արտերկրում՝ Դուբայում, ինչի պատճառով նրանց հրահանգ էր իջեցվել ազատել զբաղեցրած պաշտոնները։

Ի դեպ, Ամանորն արտերկրում՝ հարազատների հետ է անցկացրել նաև Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որին, սակայն, չգիտես ինչու, ներվում է այդ հանգամանքը։

Ռևազյանին ներվեց նաև պետության միջոցներով նոր ու թանկ, 2018 թվականի արտադրության «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենայի գնումը։ Քաղավիացիայի ոլորտում փորձ չունեցող Ռևազյանին, անհասկանալի պատճառով, ներվում է ոլորտի խայտառակ վիճակը, երբ պրոֆեսիոնալները մեկը մյուսի հետևից լքում են Քաղավիացիայի պետական կոմիտեն։ Բյուջեի հաշվին թանկարժեք ավտոմեքենայի հարցը, եթե նույնիսկ լուծելի է, ապա խնդրահարույց է մասնագետների արտահոսքը։

Ըստ ոլորտի մասնագետների՝ այսօր գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ երկրի օդային անվտանգության հարցը, որպես սպառնալիք, կախված է բոլորիս գլխին։ Ոլորտը լքում են բարձր որակավորում ունեցող, միջազգային չափանիշերին համապատասխան միջազգային լուրջ կազմակերպություններում մասնագիտական պրոֆեսիոնալիզմը կատարելագործած մասնագետներ, որոնք որևէ կերպ չեն կարողանում աշխատել անփորձ, չպատճառաբանված ամբիցիաներով ղեկավարի հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ