01 02 2019

Աշխատատեղերի կրճատում, փոխարենը՝ ոչինչ․ «168 Ժամ»

Աշխատատեղերի կրճատում, փոխարենը՝ ոչինչ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Կառավարության անդամների կողմից հրապարակվում է «կրճատման ենթակա» թիվը՝ 100.000 աշխատատեղ, և սա ասում են խիզախաբար՝ առանց դեմքի արտահայտությունը փոխելու: Չկան տնտեսական խորը գիտելիքներ, հիմնավոր վերլուծություն: Մինչև 100.000 աշխատատեղ կրճատելու վերաբերյալ հայտարարություններն անում են՝ հիմնականում խուսափելով հրապարակել պետական կառավարման համակարգում զբաղված անձանց իրական թիվը. այն հազիվ հասնում է 300.000-ի:

Հանրային հատվածում պետական բյուջեից վարձատրվող հաստիքների թիվը 235.000-ն է՝ շուրջ 430 մլրդ դրամով: Իսկ զբաղվածություն ունի` մասնավոր և պետական սեգգմենտում միասին՝ 533 հազար 747 մարդ, որից մեկից ավելի գործատու ունի նրանցից 38 հազար 386-ը: Ըստ սեզոնայնության՝ աշխատանք ունեցող անձանց թիվը մեր երկրում երբեք չի գերազանցում 550.000-ը:

Այս առանց այդ էլ նվազ ցուցանիշը կաթվածահար անելու դեպքում վտանգ կա, որ կնվազի պահանջարկը շուկայում, տնտեսության մեջ կստեղծվի անկայուն իրավիճակ:

Իսկ 235.000 հաստիքից 100.000 մարդ կրճատելու նպատակով մի քանի ամսում 5.000-10.000-ներով կրճատումը ցնցումների կբերի:

Կրկնում ենք՝ գործազրկության մղվող հարյուր-հազարներով քաղաքացիներին չի արվել այլընտրանքային որևէ առաջարկ։ Մի կողմ թողնենք պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու հանգամանքը: Չի մտածվել գործազրկության հաղթահարման որևէ միջանկյալ լուծում, այս ընթացքում հարկավոր էր նոր միջավայր ձևավորել, ստեղծել աշխատատեղեր, իսկ նվազագույնը՝ կադրային զտումները կարող էին իրականացվել մրցութային ընթացակարգով: Զարգացած մի շարք երկրներում նման իրավիճակներում սթրեսներից խուսափելու համար գործազրկության հատուկ ծրագրեր են մշակվում:

Իսկ ի՞նչ է արվում Հայաստանում… սովորաբար կառավարությունը ձևավորվելուց հետո գույքագրվում են ներքին ռեսուրսները, ռիսկերն են գնահատվում, հաշվարկվում է միջազգային հնարավոր համագործակցության շանսերը… և ըստ այդմ տնտեսությունն առաջ մղելու տեսլական է ուրվագծվում, երկարաժամկետ և միջնաժամկետ ծրագրեր են մշակվում, միջանկյալ միջոցառումներ, և քայլ առ քայլ գնում է առաջ:

Վստահաբար Նոր Հայաստանում էլ այս ամենն արվել է՝ միայն մի «բայց»-ով… ներքին ռեսուրսների գնահատման ճանապարհին նոր լուծումները փնտրվել են՝ ի հաշիվ ներսի, և ո՛չ նորարարական ծրագրերի միջոցով:

Կառավարման ոլորտում սակավ կամ առհասարակ փորձառություն չունեցող գաղափարակիրները հղացել են պարզապես կադրային կրճատումներ անելու միտքը, այո՛, հենց այդպես՝ տոտալ կրճատումներ, և վե՛րջ: Եվ սա հղացել են՝ առանց հաշվարկելու հնարավոր ցնցումները, սրա մուլտիպլիկացիոն շարունակական էֆեկտը՝ տնտեսական միջավայրում, միգրացիայի ռիսկը, սոցիալական պաշտպանության ոլորտում պետության բեռի ավելացումը:

Ի դեպ, պետական պաշտոնյաները, ում վերապահված է կրճատումների մասին խոսել, առայժմ այս մասով խորքային որևէ վերլուծություններ չեն վկայակոչել:

Որպես պետական համակարգում կադրային կրճատումների միակ հիմնավոր պատճառաբանություն՝ հնչում է «պետական ռեսուրսների օպտիմալ կառավարում» ծեծված արտահայտությունը:

Այս ձևակերպումը, ի դեպ, հնչել է վերջին 3 վարչապետների շուրթերից՝ Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, ու ոչ պակաս հայրենասիրական օբյեկտիվ մղումով: Գործող վարչապետի միակ տարբերությունն այն է, որ ինքն անձամբ հնարավորինս խուսափում է այս թեման իրենով շրջանառել, քանի որ կվտանգի իրեն փայփայող համաժողովրդական սերը:

Այո, պետական ռեսուրսների վատնում կա, և սա չի բացառել ոչ ոք: Վատնում, հնարավոր է, նաև գործող կառավարությունն իրեն թույլ տա ու «չնկատի այսօր», բայց արձանագրեն հաջորդները, ինչպես որ կրկնվում է պատմությունը մեր օրերում:

Պետական բոլոր կառույցներում համակարծիք են կադրային օպտիմալացման հետ, բայց այն պետք է լինի արդարացված, լավերից լավագույններն ընտրելով՝ առանց տոտալ կադրային ջարդի։

Մինչդեռ կառավարության ռազմավարությունն անհամեմատ պրոզաիկ է… փակել շենքերը, կրճատել հիմնարկները, աշխատուժին և նրանց գործառույթները վերաբաշխել մնացող «հաջողակներին»…, վե՛րջ:

Պետական ռեսուրսների կառավարում, այո, պետք է ու պարտավոր է օպտիմալ իրականացնել յուրաքանչյուր վարչապետ, ում կառավարմանն է հանձնված մի ամբողջ երկրի տնտեսություն, և ընդհանրապես, այս տրամաբանությամբ պիտի գործի ցանկացած պետական պաշտոնյա իր տեղում: Բայց այս լոզունգն ամեն անգամ լսում էինք՝ մի նոր վարչապետ դիմավորելիս, մոռանում՝ նրա պաշտոնավարման հետ, որովհետև այն ժամանակ իշխանության ներսից «գործուղված» վարչապետին ամիսներ անց՝ ուղղակի անհարմար էր նույն հռետորաբանությամբ գոռալ գործադիրի դիրքերից, երբ ամեն բան նույնն էր, սխեման նույն կերպ էր գործում, միայն ինքն էր նորեկ:

Այսօր առավել ևս խնայողության գնալու կոչերը կորցրել են իրենց պոպուլիստական հմայքը, քանի որ նախկինում գոռացող «արդարության մարտիկներն» այսօր մի շարք հարցերում համակերպվել են իրերի դասավորության հետ, ավելիին չեն ձգտում:

Պետական կառավարման համակարգում հանուն մի քանի միլիարդ դրամի խնայողության գնալը կազուսային է լինելու: Կառուցվածքային փոփոխությունները պետք է լինեն ճշգրիտ հաշվարկված, որպեսզի չխաթարեն կայացած որոշ ինստիտուտների դինամիկան: Մեր երկիրը դեռևս ամբողջական համակարգեր ձևավորելու շրջափուլում է, ցնցումները վտանգավոր հետևանքների կբերեն երկրի սոցիալ-հոգեբանական մակարդակում, տնտեսության մեջ, քաղաքական դաշտում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ