01 02 2019

«Կոմիսարները» և պրոֆեսիոնալները․ «Առավոտ»

«Կոմիսարները» և պրոֆեսիոնալները․ «Առավոտ»

«Առավոտ»-ը գրում է․ «Հետհեղափոխությունը», ինչպես հայտնի է, քաղաքականացված մոտեցումների շրջան է: Այն, ինչ եղել էր, մերժվում է՝ ի հեճուկս սթափ եւ բանական մոտեցումների: Շախմատն այլեւս իմաստունների խաղ չէ, որովհետեւ այն քարոզվում էր նախորդ ղեկավարի ժամանակ:

Տիգրան Մանսուրյանն այնքան էլ լավ մտավորական չէ, քանի որ որեւէ իշխանության հետ կոնֆլիկտի մեջ չէր մտնում: Անգամ օնկոլոգիական հիվանդությունն այնքան էլ սարսափելի չէ, եթե խոսքը հասարակության կողմից մերժված մարդու մասին է: Ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: Բայց այն փոխվել է ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամ՝ էլի է փոխվելու:

Այսօր դեռ կա հետհեղափոխական ոգեւորությունը, կես տարուց այն կնվազի, մեկ տարուց ամբողջությամբ կվերանա: Այլ կերպ չի կարող լինել՝ անկախ իշխանության եւ ոգեւորության որակից. այն, ինչ մի օր ստեղծվել է, առաջացել է, ծնվել է՝ սկսած մարդու մարմնից եւ վերջացրած ամենաբարդ մեխանիզմով, մի օր վերանալու է, քայքայվելու է, անպետք է դառնալու:

Վերը նշված օրինակների հետ կապված կարելի է ասել՝ մի օր «կպարզվի», որ շախմատն, այնուամենայնիվ, իմաստունների խաղ է՝ անկախ նրանից, թե ով է ֆեդերացիայի նախագահը, Մանսուրյանը բացառիկ մտավորականներից է, իսկ հիվանդությունը մնում է հիվանդություն թե՛ Դալայ-լամայի եւ թե՛ եղկելի հանցագործության մեջ կասկածվողի համար:

Իհարկե, իրավիճակի հաջորդ փոփոխությունից հետո «կհայտնվի» որեւէ նոր բան, որը «խիստ դատապարտելի» է: Այս «անսթափ» վիճակում քաղաքական պաշտոնները պետք է զբաղեցնեն հեղափոխությունն իրականացրած քաղաքական թիմի ներկայացուցիչները՝ ուրիշ տարբերակ չկա: «Կարմիր կոմիսարները» պետք է անեն բոլոր այն սխալները, որոնք հատուկ են նման ժամանակաշրջաններին՝ ընդհուպ մինչեւ վերարկու պահելու, «դաչաների» եւ «պադավատների» հաճույքները:

Որպեսզի սխալներն ու ծայրահեղությունները վտանգավոր չլինեն պետության համար, մնացած ոլորտները պետք է տալ պրոֆեսիոնալներին: Վերցնենք թեկուզ Հանրային հեռուստատեսությունը եւ ռադիոն: Ի՞նչ կանի «կոմիսարը», եթե գա այնտեղ՝ փոխարինելու ներկայիս ղեկավարին: Նա, բնականաբար, կփորձի ամեն կերպ քարոզել «հեղափոխության արժեքները» եւ այդ «բարձունքներից» խրատներ ու հրահանգներ տալ գործի մասնագետներին, որոնք այդ ոլորտում դեռ մնացել են:

Ինչպե՞ս կվարվի պրոֆեսիոնալը. նա իր փորձով կկարողանա տարբերակել ժամանակավորը (այն, ինչ կարեւոր եւ արդիական կլինի միայն մոտակա ամիսներին) եւ մնայունը՝ շեշտը դնելով հենց այդ արժեքների վրա: Իսկ որ հանրային, ոչ մասնավոր լրատվամիջոցները պետք է զբաղվեն մնայուն արժեքների քարոզով, ոչ թե ընկնեն կոմերցիոն օգուտների հետեւից՝ դրանում ես չեմ կասկածում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ