«Հրապարակ»-ը գրում է․ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության գաղափարին անդրադառնալով՝ տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ պետք է լինի իրավական կարգավորում, քանի որ տնտեսական ոլորտում առկա հարաբերությունները չեն կարող թույլ տալ տնտեսական հեղափոխություն։ Տնտեսագետը նկատում է, որ առայժմ միայն Հարկային օրենսգրքին են անդրադառնում, սակայն դրա վերաբերյալ էլ չկան լայն քննարկումներ։ Մյուս կարեւոր հանգամանքը, ըստ նրա, ինստիտուցիոնալ հիմքերն են եւ պատասխանատվության մեխանիզմների սահմանումը։
Վարդան Բոստանջյանը կարծում է, որ այդ ամենը պետք է ուղղված լինի երկրի անվտանգության ապահովմանը, եւ լինի պատասխանատվության ինստիտուտ։
«Պատկերացրեք, այսօր հանրային միջոցները օգտագործվում են, սակայն չի երեւում, թե ով է դրա համար կրում պատասխանատվություն, իսկ պատասխանատվության վերացման պարագայում՝ համապատասխան պատիժ։ Այդ պարագայում հաջողություններ ակնկալելը առնվազն միամտություն է»,- նշեց տնտեսագետը։ Նա կարծում է, որ պետք է արդիականացնենք տնտեսության ուղղությունները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, թեթեւ արդյունաբերությունը, փոքր եւ միջին բիզնեսը։ Սա, ըստ նրա, շատ կարեւոր է Հայաստանի համար, եւ մենք պետք է շուտափույթ զարգացնենք այդ ոլորտը, որն իր գերճկունությամբ եւ ոչ մեծ ֆինանսական ներդրումներով համարվում է կարեւոր գործոն։ Տնտեսագետը կարծում է, որ միջին խավը նշանակում է եկամուտների բաշխվածություն ամբողջ ՀՀ-ում, բեւեռվածության վերացում, աղքատության վերացում եւ սոցիալական բազմաթիվ խնդիրների ավտոմատ լուծում։ Սրանք համալիր խնդիրներ են։
«Հնարավոր չէ լոկալ, կետային, մեկ հարկայինով, մեկ պարգեւավճարով, մեկ լիրիկական քայլով հասնել հաջողության։ Իսկ այդ հաջողությունը բացի համալիրությունից պահանջում է նաեւ որոշ ժամանակ։ Դրա համար ես իմ վերլուծականներում ասել եմ, որ հասարակությանը չապակողմնորոշելու համար պետք է հստակ եւ ճիշտ ասել, որ մենք առաջին իսկ հաջողությունը կարող ենք գրանցել առնվազն երեք տարի հետո։ Եվ բացի այդ պետք է ներկայացնել ծրագիր, թե ինչ ենք անելու, ուր ենք շարժվելու թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով»,- նշեց Վարդան Բոստանջյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը