«Մեդիամաքս»-ը զրուցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև:
- Ժողովրդավարությունը, խոսքի եւ մամուլի ազատությունը, այլ հիմնարար իրավունքները ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առանցքն են: Կարծիք կա, որ Հայաստանում հիմա նկատվում է անհանդուրժողականության եւ ատելության քարոզի աճ, հատկապես սոցիալական ցանցերում, երբ շատ մարդիկ չեն ցանկանում ընդունել կարծիքներ, որոնք համահունչ չեն իրենց կարծիքների հետ: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա խնդիր է եւ արդյո՞ք կառավարությունը պետք է զբաղվի այդ հարցով:
- Ատելության քարոզի աճը ինձ շատ է անհանգստացնում: Կհարցնեք՝ ինչո՞ւ: Ատելության խոսքը համընդհանուր չարիք է: Այն շատ վնասակար է քաղաքական մշակույթի համար: Այն սպանում է ժողովրդավարությունը: Այն երկրներում, որոնք իրենց պատմության նոր էջ են բացում՝ կապված քաղաքական մշակույթի եւ ժողովրդավարության ինստիտուտների կառուցման հետ, շատ կարեւոր է, որ ատելության քարոզի դրսեւորումները ուշադրության արժանանան, կառավարվեն, կանխվեն եւ դրանց դեմ պայքար տարվի։
Մենք խոսում ենք Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի սպանությունից մեկ օր անց, ով Հայաստանի ընկերն էր եւ մի քանի անգամ եղել էր Հայաստանում: Նա ատելության զոհ դարձավ: Նրա մահը այն փաստի վկայությունն է, որ բռնության քարոզը կարող է հանգեցնել քաղաքական բռնության: Նրա մահը ապացուցում է, որ ատելության խոսքը պետք է լուծում ստանա ամենասկզբնական փուլում, քանի որ բանավոր ատելությունը հեշտորեն կարող է վերաճել ֆիզիկական բռնության:
Հայաստանում մենք կազմակերպել էինք հատուկ միջոցառում՝ զրուցելու ատելության քարոզի, մասնավորապես, սոցիալական մեդիաներում դրա առկայության մասին: Մենք ունեցել ենք շատ լավ սեմինար եւ վճռական ենք շարունակելու մեր քննարկումները:
Եվրոպական միությունը վարքագծի կանոններ է սահմանել խոշոր սոցիալական ցանցերի հետ՝ կապված ատելության խոսքի կանխարգելման հետ եւ ես հրավիրում եմ բոլոր մարդկանց կարդալ վարքագծի այս կանոնները, որոնք պարտավորեցնում են սոցիալական ցանցերի բոլոր հարթակներին աշխատել միասին՝ նպատակ ունենալով կանխարգելել ատելության տարածումը: Հայաստանի կառավարության առաջարկում եմ վերանայել գործող օրենսդրությունը՝ դիտարկելով դրա կատարելագործման հնարավորությունները: Որոշ եվրոպական երկրներ ունեն ատելության քարոզի դեմ մշակված նորմեր, եւ մենք հանձնառու ենք աջակցելու Հայաստանի կառավարությանն եւ այլ շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են քաղաքական գործիչները, քաղաքացիական հասարակությունը եւ լրագրողները՝ պայքարելու ատելության քարոզի դեմ:
Միեւնույն ժամանակ, Հայաստանը դեռեւս շատ հեռու է ատելության քարոզի ամենաանհանգստացնող դրսեւորումներից, որոնք առկա են այլ երկրներում: Նախընտրական բանավեճերն Հայաստանում շատ դիվանագիտական եւ քաղաքակիրթ բնույթ ունեին՝ համեմատած այլ երկրներում տեղի ունեցող բանավեճերին, որտեղ բացասական էմոցիաները քաղաքական դիսկուրսում դարձել են շատ տարածված: Հայաստանի պարագայում ես առաջարկում եմ գործել, քանի դեռ ուշ չէ:
- Ինչպե՞ս եք վերաբերվում նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներին ներկայացված մեղադրանքներին, ներառյալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով երկրորդ անգամ կալանավորվեց 2018թ. դեկտեմբերին: Մասնավորապես, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը Քոչարյանին անվանեց «քաղաքական բանտարկյալ»: Ի՞նչ եք կարծում, արդյոք Հայաստանում կա քաղաքական հետապնդումների խնդիր:
- Ինչ վերաբերում է 2008 թվականի իրադարձություններին, թույլ տվեք հիշեցնել, որ Եվրոպական միությունը մշտապես եւ ոչ մեկ անգամ կոչ է արել հայաստանյան իշխանություններին անցկացնել իրադարձությունների հիմնավոր, համապարփակ, արժանահավատ հետաքննություն՝ բացահայտելու ողջ ճշմարտությունը: Ես կարծում եմ՝ սա շատ կարեւոր է թե՛ Հայաստանի, թե՛ Հայաստանի արդարադատության համակարգի, ինչպես նաեւ օրենքի գերակայության ողջ համակարգի համար:
Մենք, իհարկե, տեղյակ ենք, որ հարուցվել են մի քանի գործեր եւ որոշ մարդկանց ներկայացվել են մեղադրանքներ: Եվրոպական միության համար կարեւոր է, որ այս բոլոր գործերը քննվեն անկախ դատական իշխանության ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, անկախ դատաքննության եւ, մասնավորապես, եվրոպական չափորոշիչներին համապատասխան:
Ինչպես գիտեք, որոշ գործեր փոխանցվել են Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Արդեն կան դատարանի կողմից կայացված որոշ վճիռներ, եւ մեզ համար կարեւոր է այն, որ եվրոպական արդարադատությունը եւ եվրոպական չափորոշիչները հաշվի են առնվում հայաստանյան դատարաններում գործերի քննության ժամանակ: Հաշվի առնելով գործերի հանրայնությունը՝ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի դատական համակարգի վրա ծանրացած բեռը բավականին մեծ է եւ այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է անել հնարավորն՝ այս բեռն ավելի չծանրացնելու համար: Ես համոզված եմ, որ նոր Հայաստանում հաշվի կառնվեն արդար դատաքննության ամենաբարձր եվրոպական չափորոշիչները եւ կհարգվի արդարադատության անկախությունը:
- Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ վարչապետը, մի քանի անգամ ասել են, որ առկա դատական համակարգը արդյունավետ չէ կոռուպցիայի դեմ պայքարում, քանի որ բազմաթիվ դատավորներ կոռումպացված համակարգի փաստացի մաս էին կազմում: Նրանք առաջարկում են Հայաստանում անցումային արդարադատության կիրառում: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի շուրջ:
- Հայաստանը պետք է վերականգնի ժողովրդի վստահությունը դատարանների եւ արդարադատության հանդեպ: Բազմաթիվ հետազոտությունների եւ հասարակական կարծիքի հարցումների համաձայն, որոնք անցկացվել են նաեւ ԵՄ միջոցներով մինչ ապրիլյան հեղափոխությունը, հայաստանյան դատարանները հասարակական վստահության դեֆիցիտ ունեին: Հայերի միայն 20 տոկոսն էին վստահում դատարաններին, եւ սա շատ լուրջ խնդիր է, որովհետեւ եթե մարդիկ չեն վստահում դատարաններին, ապա արդարադատությունը չի կարող գործել պատշաճ կերպով: Մեր կարծիքով, դատական համակարգի բարեփոխումները՝ ուղղված ժողովրդի վստահության վերականգնմանը, պետք է դառնան նոր կառավարության առաջնահերթություններից մեկը:
Մի քանի ամիս առաջ եվրոպական փորձագետներին հրավիրեցին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի դատական համակարգի կատարելագործման հետ կապված, եւ նրանք ներկայացրել են իրենց գաղափարները: Ներկայում ամենակարեւոր խնդիրը դատական համակարգի անկախությունն է. ոչ միայն արտաքին անկախությունը գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլեւ ներքին անկախությունը: Դատական համակարգը ունի կառուցվածք. տարատեսակ դատարաններ, Դատական խորհուրդ եւ այլն: Յուրաքանչյուր դատավոր պետք է իրեն իրապես անկախ զգա գործերի քննության ժամանակ: Այսպիսով, սա ոչ միայն արտաքին (ոչ մի հեռախոսազանգ վարչապետի կամ նախագահի գրասենյակներից եւ այլն), այլեւ ներքին անկախության հարց է։
Այնուհետեւ կա էթիկական կանոնակարգի խնդիրը: Հայաստանի դատական համակարգի ամենալուրջ մարտահրավերներից մեկը կոռուպցիայի մակարդակն էր: Մենք կարծում ենք, որ կոռուպցիայի խնդիրը պետք է ունենա համակարգային լուծում եւ կոնկրետ կարեւոր մեխանիզմներ պետք է ներդրվեն: Երրորդ ասպեկտը դատական համակարգի արդյունավետությունն է: Երբ դատարանները ծանրաբեռնված են, երբ չափազանց շատ գործեր կան քննության համար, ապա ամբողջ համակարգը չի կարող արդյունավետ եւ վստահելի համարվել: Այսպիսով, հարցերի ցանկը, որոնք անհրաժեշտ է լուծել, բավականին մեծ է եւ ԵՄ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի կառավարությանը: Նույնիսկ հիմա, երբ մարդիկ խոսում են անցումային արդարադատությունից, մեր առաջարկը հետեւյալն է. եթե Դուք ցանկանում եք դա անել (եւ դա պետք է լինի ինքնիշխան որոշում), ապա դիտարկեք անելիքները հետագա բարեփոխումների համատեքստում, մի դիտարկեք այն որպես առանձին խնդիր: Դիտարկեք ամենը լավ, վստահելի դատական համակարգի կառուցման տեսանկյունից:
Եվրոպական միությունը ամբողջ աշխարհում հանդիսանում է անցումային արդարադատության մեծագույն աջակիցներից մեկը, ներառյալ Եվրոպական հարեւանությունում եւ Բալկաններում: Առկա է մեծ գործիքակազմ եւ փորձառություն, որին հայկական կողմը կարող է ծանոթանալ: Հիմնական հարցը, որին պետք է պատասխանել հետեւյալն է. արդյո՞ք անցյալում Հայաստանը բախվել է անպատժելիության եւ դատական սխալմունքի դեպքերի հետ: Եթե այո, ապա ինչպիսիք են այդ գործերի հետեւանքները արդարադատության համակարգի ապագայի վրա: Կան տարբեր եղանակներ նման դեպքերի դիտարկման համար, սակայն հայկական կողմն ինքը պետք է որոշի, թե արդյո՞ք այս դեպքերը բավականաչափ լուրջ եւ պարբերական են, որպեսզի արդարացնեն անցումային արդարադատությունը եւ դրա տարրերը: Ես կարծում եմ, որ միջազգային գործընկերներն այս պարագայում պետք է լուռ լինեն:
- Վերջում եկեք խոսենք Լիդիան Արմենիայի հետ կապված իրավիճակի, եւ ավելի լայն իմաստով՝ արտաքին ներդրումների խնդրի մասին։ Լիդիանը 400 մլն արժողությամբ ծրագիր ունեցող օտարերկրյա ներդրող է, որը փաստացիորեն փակված է 8 ամիս ոչ այն պատճառով, որ կառավարությունն է այդպես որոշել, այլ այն պատճառով, որ շուրջ 20 կամ 30 այսպես կոչված «ակտիվիստներ» արգելափակել են ճանապարհը, իսկ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում: Ո՞րն է Ձեր կարծիքն այս առնչությամբ:
- Մենք կարծում ենք, որ Հայաստանը օտարերկրյա ներդրումների կարիք ունի: Մեր կարծիքով, վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է տնտեսական հեղափոխություն իրականացվի, ցույց է տալիս, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Սակայն, հավանաբար, այս տնտեսական հեղափոխությունը տեղի չի ունենա առանց օտարերկրյա կապիտալի ներգրավման, հատկապես, եթե Հայաստանը ցանկանում է կառուցել տնտեսության ժամանակակից մոդել՝ հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ նոր տեխնոլոգիաների վրա: Օտարերկրյա կապիտալը, մասնավորապես, զարգացած երկրներից, նոր տեխնոլոգիաների եւ առաջընթացի աղբյուր է:
Հայաստանը շատ սահմանափակ ներքին ռեսուրսներ ունեցող երկիր է: Հայաստանի ամենաթանկ ակտիվը մարդիկ են եւ ոչ հանքային ռեսուրսները կամ գյուղատնտնեսությունը: Ներքին շուկայում առկա է փոքրածավալ կապիտալ եւ ուրեմն, եթե դուք ցանկանում եք բեկումնային զարգացում արձանագրել տնտեսության մեջ, ապա պետք է մտածեք, թե ինչպես ձեր երկրի տնտեսությունն ավելի բաց դարձնեք արտաքին աշխարհի համար: Իհարկե, դա ենթադրում է որոշակի ռիսկեր: Եվրոպայում որոշ անցումային երկրներ ինչ-որ պահի հասկացան, որ տնտեսության ամբողջական հատվածներ վերահսկվում են օտարերկրյա կազմակերպությունների կողմից, նույնիսկ բանկային հատվածը։ Որոշ երկրներ որոշեցին հետ բերել իրավիճակը, ինչպես, օրինակ, Լեհաստանը: Նմանատիպ իրավիճակ տեղի է ունեցել նաեւ այլ երկրներում, որտեղ օտարերկրյա ընկերություններ կան գրեթե ամենուրեք: Սա Հայաստանի համար մեծ հարց է եւ տնտեսական զարգացման մոդել, սակայն ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ունենա տնտեսություն, որն ավելի բաց կլինի արտաքին աշխարհի համար:
Օտարերկրյա կապիտալն ինքն իրենով չի գալիս, մասնավորապես, Հայաստանի նման փոքր շուկա: Իհարկե, Հայաստանի պարագայում առավելություն կարող է հանդիսանալ հասանելիությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ հարեւանությունն այլ տարածաշրջաններին (աշխարհագրական առումով մոտ լինելը): Այնուամենայնիվ, Հայաստանին անհրաժեշտ է լավ մտածված, խելամիտ ռազմավարություն՝ արտաքին կապիտալի ներգրավման համար: Մշտապես լինելու են որոշակի հիմնարար պահանջներ, ինչպիսիք են կանխատեսելիությունը, թափանցիկ կանոնները, լավ արդարադատության համակարգը: Ներդրողները դեռ հետեւում են, թե Հայաստանն ուր կգնա: ԵՄ երկրներից իմ գործընկեր դիվանագետները նշում են, որ Հայաստանի նկատմամբ կա հետաքրքրություն: Մի քանի ամիս առաջ Հայաստանն հայտնվեց թերթերի առաջին էջերին եւ բիզնեսում ներգրավված մարդիկ կարդում են դրա մասին: Այն փաստը, որ The Economist պարբերականը Հայաստանն հռչակեց որպես «Տարվա երկիր», իհարկե, մեծացնում է հետարքրքությունը նաեւ բիզնես համայնքում:
Նրանց անհրաժեշտ են համոզիչ ապացույցներ առ այն, որ եթե նրանք գան, նրանց չի սպառնա քաղաքականությունների եւ օրենսդրական արագ փոփոխությունների եւ այլ զարգացումների ապակառուցողական բնույթի վտանգը: Որոշ անկախ փորձագետների կողմից շուտով կկատարվի ներքին վերլուծություն՝ Լիդիանի Ամուլսարի նախագծի ազդեցության հետ կապված: Հայաստանի շահերից է բխում կարճ ժամանակահատվածում վստահության արժանի եզրակացություն ունենալը: Բոլոր ասպեկտները պետք է լինեն հավասարակշռված՝ շրջակա միջավայրի պաշտպանությունից մինչեւ չափորոշիչներ: Սա այն է, ինչ մենք քարոզում ենք. շրջակա միջավայրի խնամք, մարդկանց առողջության պահպանություն եւ, անշուշտ, Հայաստանում կան վայրեր, որոնք առանձնահատուկ զգայուն են: Շրջակա միջավայրի տեսանկյունից Ջերմուկի շրջանը ամենազգայուն շրջաններից մեկն է, եւ Հայաստանում գործող օտարերկրյա կազմակերպությունները պետք է այդ հանգամանքն հաշվի առնեն: Այս ամենը պետք է լինի հավասարակշռված եւ դա պետք է անել շատ թափանցիկ ու արդար կերպով, որպեսզի ոչ մի օտարերկրացի կանխամտածվածության առկայության մասին եզրահանգում չանի: Հուսանք, որ հարցը շուտով դրական լուծում կստանա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը