19 01 2019

Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում․ «168 Ժամ»

Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները գործազուրկ դառնալուց հետո չեն կարողանում վճարել իրենց վարկերը, ասում են՝ ամեն օր մեկը մյուսից պարտքով գումար են վերցրել, հիմա արդեն սա էլ հնարավոր չէ:

«Որոշել ենք խումբ ստեղծել, որը կհավաքի վարկ ունեցողների տվյալները, որից հետո կդիմենք համապատասխան պաշտոնատար անձանց, որպեսզի միջամտեն վարկերը վերաձևակերպելու համար: Մարդկանց մեծ մասն ի վիճակի չեն մարել վարկերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մետալուրգիական արտադրամասի պետ Գարեգին Անթաշյանը:

Ինչ վերաբերում է պղնձաձուլարանի հետագային՝ նշեց. «Մի ամբողջ քաղաք անորոշ սպասում է։ Սոցիալական վիճակն էլ օրեցօր վատանում է, իսկ գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում»։

Մետալուրգիական արտադրամասի աշխատողներից Արմեն Կիրակոսյանն էլ նշեց, որ հույսով սպասում են որևէ նորության:

«Վարկերի առումով էլ արդեն շատերի գործերը շուտով կգնան ԴԱՀԿ: 600 նախկին աշխատողներից մոտ 580-ը վարկառու է»,- հավելեց Արմեն Կիրակոսյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։

Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ- Հայաստան բանկի» սեփականությունն է:

Նշենք, որ 2018թ. որ նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ալավերդիում հայտարարել էր, որ Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը:

«Թեղուտի հանքավայրն անցել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի հսկողության ներքո։ Մենք պարտավորություն ենք դրել բանկի վրա՝ ներգրավելու նոր օպերատոր, ով կաշխատացնի այդ հանքավայրը։ Հիմա մեր հայրենակից, ռուսաստանահայ Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը։ Մենք մի պայման ենք դրել ու խնդիր ենք առաջադրել Պետրոսյանին, որպեսզի Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ, եթե պատմությունը երկարի, պղնձաձուլարանի աշխատակիցներին աշխատանքի վերցնեն Թեղուտում: Բայց առանց այդ ամբարտակի նորոգման՝ հնարավոր չէ աշխատեցնել հանքը։ Շուրջ 14 մլն դոլարի ներդրում է պետք վերանորոգման համար, որից հետո հանքավայրը կաշխատի, հնարավորինս արագ, շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»,- ընդգծել էր Նիկոլ Փաշինյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ