«Փաստ» թերթը գրում է. «Սույն թվականի հունվարի 17–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 39– րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով եւ ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սա փաստացի նշանակում է, որ Մայրապետյանը կարողանալու է շարունակել բուժումն արտերկրում:
Քաղաքական իմաստով էլ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան դեղին քարտ հետհեղափոխական Հայաստանի դատաիրավական համակարգին: Կարելի է կարծել, որ արտասովոր որեւէ բան չկա, նախկինում էլ ՄԻԵԴ–ում Հայաստանի դեմ բազմաթիվ գործեր են քննվել, Հայաստանն էլ բազմաթիվ գործերով պարտվել է ու փոխհատուցումներ վճարել:
Խնդիրը բոլորովին այլ տեղ է: Դատաիրավական համակարգի աշխատանքը սիմվոլիկ իմաստով ցուցանակային է հեղափոխության համար: Հեղափոխությունը ենթադրում է մի կողմից՝ անցյալի ռեւիզիա, մյուս կողմից՝ ապագայի նախագծում: Հեղափոխությունից հետո դատաիրավական համակարգը, բնականաբար, իշխանության կողմից հստակ քաղաքական մեսիջների պայմաններում վերաբացել է մի շարք աղմկահարույց գործեր, որոնց քաղաքական նպատակը կարելի է ձեւակերպել որպես արդարության եւ արդարադատության դեֆիցիտի վերականգնման փորձ:
Սակայն թե՛ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ–ի միջանկյալ վճիռը, թե՛ ընդհանրապես աղմկահարույց գործերով դատական պրոցեսների օդում կախված վիճակը, թե՛ իրավապահ համակարգի փնթիությունը խոսում են այն մասին, որ հեղափոխության համար խիստ կարեւոր, ըստ էության հեղափոխության համար բնութագրական այս ոլորտում ձախողման վտանգ կա: Ընդ որում, ձախողում երկու ճակատներով՝ թե՛ անցյալի ռեւիզիայի ու արդարադատության դեֆիցիտի վերականգնման տեսանկյունից, թե՛ ապագայի նախագծման տեսանկյունից:
Այս իմաստով հատկանշական է հատկապես Էդմոն Մարուքյանի երեկվա ելույթը ԱԺ– ում՝ Հայաստանում դատաիրավական համակարգում տիրող վիճակի վերաբերյալ: Մարուքյանը, ընդ որում, նախքան Մայրապետյանի մասով ՄԻԵԴ միջանկյալ որոշման հրապարակումը, ակնարկեց նաեւ, որ ՄԻԵԴ– ում Հայաստանի մասով քննվում են արագընթաց կարգով մի շարք գործեր:
Մարուքյանի ելույթը իշխանության ներկայացուցիչները ցավոտ ընդունեցին ու շտապեցին արձագանքել՝ մեծ հաշվով, սակայն, որեւէ առարկայական հակափաստարկ չներկայացնելով, բացի դասական «մենք դատարաններին չենք զանգում», «երկրում իրավիճակ է փոխվել» ձեւակերպումներից:
Իրերի ներկա դրվածքը, ցավոք, հուշում է, որ Մայրապետյանի մասով Հայաստանին ցույց տրված դեղին քարտը վերջինը չէ: Հուսանք՝ գոնե այդ դեղին քարտը կզգոնացնի ճահճացման միտում ունեցող դատական համակարգին իր աղմկահարույց գործերով հանդերձ, հատկապես դրանց քաղաքական պատասխանատուներին: Այլապես հաջորդիվ մեզ կարող է սպառնալ ոչ միայն կարմիր քարտ, այլեւ երկարաժամկետ որակազրկում, որի ընթացքում գուցե մենք կորցնենք եղած մարզավիճակն էլ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը