17 01 2019

ՀՅԴ-ն ձեռնոց է նետում. «Հրապարակ»

ՀՅԴ-ն ձեռնոց է նետում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Հայ հեղափոխական դաշնակցության Ընդհանուր ժողովի մեկնարկը հուշեց, որ այն սպառնում է դառնալ ամենասկանդալայինը այս կուսակցության պատմության ընթացքում։ Նախ, հեղափոխությամբ և Նիկոլ Փաշինյանով հիացած, նրան անվերապահորեն քվե տված և նրա կառավարությանը մաս կազմած 128-ամյա կուսակցությունը, պարզվում է, խորապես հիասթափված է։ Համենայնդեպս, դա է հուշում կուսակցության երկարամյա ղեկավար՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի երեկվա ելույթը, որտեղ նա քարը քարի վրա չի թողել և դաժան քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին ու նոր իշխանություններին։

«Ինչ-որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողովրդի արդարացի դժգոհություններն ու պոռթկումը, հետապնդեցին նպատակներ, որոնք ոչ մի առնչություն չունեին ժողովրդի դժգոհությունների, ցանկությունների, պահանջների հետ»,- ասել է ընկեր Հրանտը։ «Մենք համագործակցության ձեռք մեկնեցինք․․․ բայց կարճ ժամանակ հետո հասկացանք՝ ո՛չ հարգանք կա, ո՛չ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ո՛չ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն․․․ Ընտրությունների արդյունքում ձեւավորվել է, ըստ էության, մեկ քաղաքական ուժի իշխանություն, որն իր ձեռքում կենտրոնացնելով թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունն ու չորրորդ իշխանությունը` զանգվածային լրատվամիջոցները»:

Եվ եզրակացություն․ «Անփորձությամբ, սխալ կառավարմամբ և անորակ կադրերով իշխանությունները կարող են վատագույն դեպքում երկիրը մի քանի տարով հետ գցել իր բնականոն զարգացումից», ուստի իրենք պարտավորվում են «հաջորդ ընտրություններին տուն ուղարկել այս իշխանություններին և ստանձնել երկրի ամբողջական ղեկավարման գործը»։ Ահա այսպիսի «հեղափոխություն» ՀՅԴ վարքագծում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ