16 01 2019

Վիճակագրական աճպարարություն․ «168 Ժամ»

Վիճակագրական աճպարարություն․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «2018 թվականի հունվարի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։ Այսինքն՝ Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը – 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից: Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք +10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են»:

Առաջին հայացքից Փաշինյանը հրապարակել է մի տվյալ, որը ոչ միայն դրական է, այլև պետք է անասելի ուրախություն պարգևի բոլորիս, և միայն մասնագիտական աչքն է նկատում, որ այս հրապարակումը ոչ այլ ինչ է, քան սովորական շարքային աճպարարություն: Այստեղ տեղեկատվությունը ներկայացվում է այնպիսի հնարամիտ փաթեթավորմամբ, որ սովորական ընթերցողի մոտ տպավորություն է առաջանում, թե Հայաստանում բնակչության թիվն ավելացել է, և քաղաքացին հազիվ թե հասկանա, թե ինչ մանիպուլյացիաներ են թաքնված առաջին հայացքից շատ դրական թվացող այս հրապարակման մեջ:

Այն, որ 2018 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության բնակչության թվի նման ավելացում չի արձանագրվել, թվերով և փաստերով հնարավոր կլինի վերջնականապես ապացուցել միայն հունվար ամսվա վերջին, երբ Վիճակագրական կոմիտեն կհրապարակի 2018 թվականի 4-րդ եռամսյակի ժողովրդագրական ցուցանիշները, սակայն մինչ այդ կարող ենք ակնհայտ առանձնացնել աճպարարական այն հնարքներն ու ֆոկուսները, որոնք կիրառվել են գրառման մեջ, այդպիսով իշխանության համար ցանկալի թյուրըմբռնում առաջացնելով ընթերցողների շրջանում:

Առաջին ֆոկուսը, որ կիրառվել է հրապարակման մեջ, վերաբերում է ժամանակահատվածի ընտրությանը: 2018 թվականի համար Փաշինյանը հրապարակում է 359 օրվա ցուցանիշ (հունվարի 1-ից դեկտեմբերի 25-ը), և դա համեմատում 2017 թվականի ամբողջ տարվա ցուցանիշի հետ: Ընդ որում, հունվարի 1-ին արված հրապարակման մեջ բացակայում են դեկտեմբերի 25-30-ն ընկած ժամանակահատվածի մասին տվյալները: Կհարցնեք՝ ինչո՞ւ, որովհետև հենց այդ ժամանակահատվածում են Ամանորն արտասահմանում անցկացնող մեր հայրենակիցները մեկնում արտերկիր, և վերադառնում են արդեն հունվարի առաջին տասնօրյակում:

Այսինքն, 2018 թվականի համար հրապարակված տվյալն իր մեջ ներառում է տարեսկզբին արտերկրում Ամանորը նշելուց հետո Հայաստան վերադարձածների թիվը: Սակայն այն մարդիկ, ովքեր դեկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում մեկնել են արտերկրում Ամանորը նշելու, շատ հմուտ կերպով դուրս են մնացել այս վիճակագրությունից: Միաժամանակ անհասկանալի է, թե որտեղի՞ց է վարչապետը հայթայթել 359 օրվա վիճակագրությունը։ Դժվար թե Վիճակագրական կոմիտեն նման ցուցանիշ հաշվարկի, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է Փաշինյանի հրապարակման ոչ պրոֆեսիոնալ և սիրողական մոտեցումը:

Երկրորդ ֆոկուսը, որ Փաշինյանի կողմից կիրառվում է հրապարակման մեջ, դա մեկնածների և ժամանածների ընդհանուր թվի չնշելն է, այլ նշվում է միայն դրանց տարբերությունը, և իրավիճակը առավել լավ գնահատելու համար պետք է ունենալ զուտ թվերը, այսինքն՝ թե ինչով է պայմանավորված նման արդյունքը՝ մեկնումների թվի նվազմա՞մբ, թե՞ ժամանումների ավելացմամբ: Քանի որ բազմիցս խոսվեց այն մասին, որ այս տարի մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնածների թիվն ավելի քիչ է, ինչը ոչ թե պայմանավորված է թավշյա հեղափոխությամբ, ինչպես սիրում է նշել հեղափոխական իշխանությունը, այլ Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրներով, և այստեղ կառավարությունը որևէ լումա չունի, պարզապես մարդիկ սպասում են՝ Ռուսաստանում վիճակը կայունանա, և հետո մեկնեն:

Հաջորդ և ըստ էության ամենաքողարկված ֆոկուսն այն է, որ փորձ է արվում միայն միգրացիայի միջոցով բնակչության աճի տեսլական ստեղծել:

Վիճակագրության մեջ բնակչության աճը բաղկացած է 2 բաղադրիչից, դրանք են՝ բնական աճը, այսինքն՝ ծնվածների և մահացածների թվի տարբերությունը, և միգրացիան, նույն ինքը՝ մեկնածների և ժամանածների թվի տարբերությունը:

Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2018 թվականի 9 ամիսների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 3.5 հազար մարդով: Ինչ վերաբերում է միգրացիային, ապա պատկերն ավելի վատ տեսք ունի, քանի որ հրապարակված տվյալների համաձայն՝ 2018թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան մուտք են գործել 1 483 500 ՀՀ փաստաթղթեր ունեցող անձինք և Հայաստանից դուրս է եկել 1 525 682 անձ։ Բացասական հաշվեկշիռը՝ -42182 մարդ։ Այսինքն, այդքանով ավելի շատ մարդիկ են մեկնել, քան վերադարձել, ինչը նշանակում է, որ հունվար-սեպտեմբերի կտրվածքով ունենք արտագաղթ։ Այստեղ պետք է ևս մեկ անգամ շեշտենք, որ խոսքը վերաբերում է ՀՀ փաստաթղթեր ունեցող անձանց, քանի որ վերջին շրջանում տարբեր հրապարակումների համաձայն՝ 2018 թվականին Հայաստան ժամանած հնդիկների քանակը մոտ է 30 հազարին, և հուսով ենք, որ վարչապետը հույսը չի դրել այս հնդկական գործոնի վրա:

Եվ ամենավերջում իրականացված ֆոկուսն ավելի հավատալի դարձնելու համար Նիկոլ Փաշինյանը նշում է՝ «Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք +10 հազարով»: Հետաքրքիր է իմանալ, ովքե՞ր են այդ փորձագետները, որ նման կանխատեսումներ են արել, և ինչո՞ւ են այդ կանխատեսումները միայն վարչապետին հասանելի եղել, որովհետև տարբեր հրապարակումներում դեռ սեպտեմբեր ամսվա արդյունքներով մասնագետները մատնանշում էին, որ չկա ներգաղթ, այլ ընդամենն առկա է արտագաղթի տեմպի նվազում:

Այս ֆոկուսներից հետո հիշում եմ մի հին անեկդոտ վիճակագրության մասին, որն ասում էր՝ «Վիճակագրությունը ցույց է տալիս ոչ թե այն, ինչ կա իրականում, այլ այն՝ ինչ պետք է պատվիրատուին»: Այս անեկդոտի հնարավորությունը լուրջ ընդունած պատվիրատուն, սակայն, պետք է լավ հասկանա, որ դա ընդամենը անեկդոտ է, Գալուստ Գրիգորիչի ասած՝ շուլուխ, և իրականում վիճակագրությունը ճշգրիտ գիտություն է, և ոչ թե՝ սեփական PR-ի համար օգտագործվող փոփոխական գործիք»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ