16 01 2019

Թուլացվում է Հայկական բանակը. չորս գեներալ-գնդապետներից երեքի դեմ գործ է հարուցվել. Politik.am

Թուլացվում է Հայկական բանակը. չորս գեներալ-գնդապետներից երեքի դեմ գործ է հարուցվել. Politik.am

Հեղափոխությունները աշխարհի որ երկրում էլ լինեն, բերում են անկայունություն և խժդժություններ: Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած անձինք գրեթե բոլոր դեպքերում հեռացել են իրենց իսկ հայտարարած սկզբունքներից, և դառնում են այն, ինչի դեմ պայքարում էին: Այս մասին գրում է politik.am-ը:

Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած գործիչները իրենց իշխանության ամրապնդման և երկար տարիներ իշխանության ղեկը իրենց ձեռքում պահելու համար չեզոքացնում են բոլոր այն գործիչներին, որոնք կարող են խառնել իրենց խաղաքարտերը: Հեղափոխական ճանապարհով անցած բոլոր երկրներում առաջին հերթին թիրախավորվում են  բարձրաստիճան զինվորականները:

Այդպես եղավ 1930-ականներին ԽՍՀՄ-ում, երբ իրեն ժողովուրդների հայր համարող Իոսիֆ Ստալինը ցանկանում էր ամրապնդել իր իշխանությունը: Նա աքսորավայրերով, գնդակահարություններով չեզոքացրեց բարձրաստիճան զինվորականներից ակնալվող սպառնալիքը: Ստալինը գլխատեց ամբողջ ռուսական բանակը և գրեթե անլուծելի խնդրի առաջ կանգնեց, երբ նացիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Պատերազմի առաջին տարիներին ԽՍՀՄ պարտության կարևոր պատճառներցի մեկը հենց բարձրաստիճան զինվորականներին բանակի շարքերից հեռացնելն էր: Ստալինը սա հասկացավ և շատ գեներալների վերադարձրեց աքսորից:

Գրեթե նույն իրավիճակն էր ստեղծվել Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո: Հեղափոխության առաջնորդ Խոմենին գլխատեց իրանական բանակի վերնախավը: Բարձրաստիճան և պրոֆեսիոնալ զինվորականների բացակայության պատճառով Իրանը գրեթե տանուլ էր տալիս Իրանիրաքյան պատերազմը:

Եվ ահա, մեր օրեր, Հայաստան: Հեղափոխական ճանապարհով իշխանության է գալիս Նիկոլ Փաշինյանը ու անցնում Ստալինի ու Խոմենիի տրորած ճանապարհով՝ չունենալով նրանց երկրների լայն հնարավորությունները: Եթե Ստալինն ու Խոմենին կարող էին որոշ տարածքներ և բնակչություն կորցնել ու պահպանել իրենց պետականությունը, ապա Հայաստանը չունի դրա հնարավորությունը։

Փաշինյանը, իշխանության գալուն պես, փորձում է չեզոքացնել Հայկական բանակի բարձրաստիճան զինվորականներին: Հայաստանում կա  չորս գեներալ-գնդապետ, ովքեր անցել են Արցախի պատերազմի բովով, բարձրագույն զինվորական կրթություն  ստացած ռազմական գործիչներ են: Նրանք են Միքայել Հարությունյանը (1994-2007 թթ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2007-2008 թթ պաշտպանության նախարար), Սեյրան Օհանյանը (2007-2008 թթ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2008-2016 թթ ՀՀ պաշտպանության նախարար), Յուրի Խաչատուրովը (2008-2016 թթ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ) և Մովսես Հակոբյանը:

Փաշինյանի իշխանության գալուց հետո չորս գեներալ-գնդապետներից երեքի նկատմամբ գործեր են հարուցվել, և նրանք ամեն պահի կարող են հայտնվել ճաղերի հետևում:  Ճաղերի հետևում կարող է հայտնվել նաև Մովսես Հակոբյանը, քանի որ ժամանակին Փաշինյանը հայտարարել էր, որ 2008 թվականի մարտի 1-ին զորք է բերվել Արցախից, իսկ ՊԲ հրամանատարը այդ տարիներին հենց Մովսես Հակոբյանն էր:

Հայաստանը պատերազմող երկիր է, և Փաշինյանը պարզապես իրավուքն չունի «գլխատել» հայկական զինվորականությանը, եթե իհարկե իր նպատակը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն է: Ի վերջո, նա պետք է սթափվի և չփորձի քինախնդրությամբ մոտենալ նման հարցերի:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ