«168 Ժամ»-ը գրում է․ «Կառավարության կառուցվածքի հստակեցումից հետո կձևավորվի նոր կաբինետը։ Թե նախկին կառավարության անդամներից ովքե՞ր տեղ կգտնեն դրանում, շուտով պարզ կլինի։ Այնուհանդերձ, դատելով շրջանառվող անուններից` կառավարության կազմում լուրջ փոփոխություններ չեն սպասվում։ Նախկին կաբինետի հիմնական կորիզը կշարունակի պաշտոնավարել, թեև վերջինիս գործունեությունը, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, դժվար է արդյունավետ համարել։
Գրեթե իննամսյա աշխատանքի ընթացքում այն աչքի ընկավ խնդիրների վերաբերյալ ունեցած իր բացառիկ անտեղյակությամբ, երբեմն՝ անտարբերությամբ, անփորձությամբ և ոչ բարձր պրոֆեսիոնալիզմով։ Չհաջողվեց դրական փոփոխություն մտցնել տնտեսության մեջ և հասարակության կյանքում։ Ընդհակառակը` տնտեսական և սոցիալական իրավիճակը գնալով բարդացավ։ Կառավարությունն այս ուղղություններով չկարողացավ քիչ թե շատ տեսանելի առաջընթաց ապահովել։ Չնայած տրված խոստումներին, քաղաքական իշխանությունն անկարող գտնվեց բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրների լուծման հարցում։ Հայաստանի տնտեսությունը երբևէ այնպիսի անտարբերության մատնված չէր եղել, ինչպես իշխանափոխությունից հետ։ Կառավարության գործունեության ինն ամիսների ընթացքում տնտեսական կյանքը բավական կտրուկ նահանջ ապրեց։
Հասկանալի է, որ ինն ամիսը մեծ ժամանակահատված չէ լուրջ արդյունքների հասնելու համար։ Ամեն դեպքում, դա միանգամայն բավարար էր դնելու հետագա զարգացումների հիմքերը։ Այնինչ, մինչև հիմա տնտեսության ոլորտի մասնակիցներն անգամ չեն կարողանում հասկանալ, թե ի՞նչ ուղիով է գնալու Հայաստանի տնտեսությունը, և ապագայում ի՞նչ է սպասվում իրենց։
Անորոշության մեջ է նաև հասարակությունը, որը չստացավ այն, ինչ ակնկալում էր իշխանափոխությունից։ Սպասումները, որ կառավարությունն աշխատավարձ և թոշակ կբարձրացնի, աշխատելու հնարավորություն և աշխատատեղ կստեղծի, կնվազեցնի ապրանքների ու ծառայությունների գները, կվերացնի կարմիր գծերն ու տեսախցիկները, քայլեր կձեռնարկի հասարակության սոցիալական վիճակը բարելավելու ուղղությամբ, այդպես էլ մնացին չիրագործված։ Կառավարությունը չկարողացավ տեր կանգնել այն խոստումներին, որոնք քաղաքական իշխանությունը տվել էր ժողովրդին։ Ու հիմա դա մնում է նոր կառավարության ուսերին, որին լուրջ փորձություն է սպասվում։
Ձևավորումից հետո 20-օրյա ժամկետում նոր կառավարությունը կներկայացնի իր գործունեության ծրագիրը, ինչը հավանաբար, ի վերջո, թույլ կտա ստանալ կուտակված բազմաթիվ հարցերի պատասխանները և հասկանալ, թե ի՞նչ պետք է հասարակությունն ակնկալի կառավարության գործունեությունից։ Ինչպես հայտնի է, նախորդ կառավարության ծրագիրն ինչ-ինչ պատճառներով որևէ կոնկրետություն չէր պարունակում և հիմնականում կազմված էր դեկլարատիվ հայտարարություններից։
Ենթադրվում է, որ այս անգամ այդպես չի լինի։ Հասարակությունն այլևս արդյունքներ է ակնկալում։ Սակայն, ինչպես ցույց տվեց կառավարության նախորդ կաբինետի գործունեությունը, դա հեշտ չի տրվելու։
Եթե ընդդիմության դիրքերից ամեն ինչ կարելի էր ասել և պատասխան չտալ դրա համար, ապա այժմ այլևս այդպես չի լինելու։ Պետք է տեր կանգնել խոստումներին։ Մի բան, ինչը գործող քաղաքական իշխանության մոտ այդքան էլ չի ստացվում։ Իրականությունը հեռու է նրանց պատկերացումներից։ Բայց դա արդարացում չէ։ Պատահական չէ, որ հասարակությունը սկսել է իրեն խաբված զգալ։
Կհաջողվի՞ հաղթահարել ժողովրդի մեջ կուտակվող հիասթափությունը, թե՞ այն կշարունակի խորանալ` կախված է կառավարության գործունեությունից։ Գործադիրի նոր ձևավորվող կաբինետը լուրջ խնդիրներ ունի լուծելու՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Ցավոք, այս պահին դրա հիմքերը չեն երևում։
Խոստացված ներդրումային բումը չկա։ Թռիչքաձև աճ ապահովելու հույսերը գնալով մարում են։ Միջազգային կազմակերպություններն առաջիկա տարիներին նման հեռանկարներ չեն տեսնում Հայաստանի տնտեսության համար։
Տնտեսական բարեփոխումները, որոնք կարող են պայմաններ ստեղծել աճի ակտիվացման համար, նկատելի չեն։ Խոսվում է տնտեսական հեղափոխության մասին, բայց ոչ մի քայլ չի արվում դրա համար։ Հայտնի չէ անգամ, թե կառավարությունն ինչ է հասկանում՝ տնտեսական հեղափոխություն ասելով։ Եթե դա Հարկային օրենսգրքի ներկայացված փաթեթն է, ապա հազիվ թե կարելի է լուրջ հույսեր փայփայել։ Առավել ևս, որ դեռ հայտնի չէ, թե այն ընդհանրապես երբ կարող է մտնել գործողության մեջ։
Ժամանակն անցնում է, իսկ հեղափոխության արդյունքները չեն երևում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը