«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այնպիսի զգացողություն է, ասես պետական մակարդակով սաբոտաժ է իրականացվում հայի ինքնության դեմ:
Քիչ էր, որ ամիսներ շարունակ ականատես էինք Հայ Առաքելական եկեղեցու եւ հայկական ավանդական ընտանեկան արժեքների դեմ ստորագույն ոտնձգություններին, հիմա էլ հայության արմատները (մշակույթ) եւ ճյուղերն (Սփյուռք) են թիրախավորել:
Ի՞նչ է նշանակում լուծարել մշակույթի եւ սփյուռքի նախարարություններն այն դեպքում, երբ մարտունակ բանակի կողքին Հայաստանի մյուս կարեւոր զենքերը հզոր մշակույթն ու հզոր Սփյուռքն են: Նսեմացնել դրանց կարեւորությունը (ինչը ներկայացնելու համար տասնյակ հատորներ են պետք) նշանակում է գործել հենց հայության դեմ:
Առանց մշակույթի ազգը նման է մանկատանը մեծացած եւ ողջ կյանքում իր ծնողներին փնտրող մարդու: Փնտրում է, քանի որ իր արմատներն է ուզում ճանաչել: Մենք գիտե՛նք մեր 5 հազար տարվա ապուպապերին, եւ հենց դա է մեր ու մեր ողնաշարի ամրության հիմքը:
Ցույց տվեք մեկ այլ ազգի պատմություն, որտեղ 334 թվականին անտառ են հիմնում, որը 1624 տարի գոյատեւելով՝ 1958-ին դառնում է ազգային արգելոց (Խոսրովի անտառը): Մենք էլ երեւի այսպիսի փաստերը կմոռանանք, եթե օրինակ ծանուցող ցուցանակներ տեղադրված չլինեն մեր դարավոր հուշարձանների մոտ: Իսկ դրանք կազմել, տեղադրել եւ ամեն տարի թարմացնել է պետք... ո՞վ է իրականացնում այդ աշխատանքները, եթե ոչ մշակույթի նախարարությունը:
Աշխարհի 100 երկրներում 10 միլիոն հայրենակիցներ, 30 հազար ազգային կազմակերպություններ ու կառույցներ ունեցող պետությունը բարոյական իրավունք ունի՞ բյուջեում խնայողություն անել հենց նրանց հաշվին... (որպեսզի խնայած գումարի 300 միլիոնով 27 մանուկ պատգամավոր պահի՞, եւ 290 միլիոնով քաղաքապետարանի աշխատակիցների ուղտային ծարա՞վը հագեցնի):
Արդյոք սփյուռքահայերը Մայր Հայրենիքի հոգածության կարիքը չեն ունեցել եւ չեն ունենալու այս սրընթաց փոփոխվող աշխարհում... Ո՞վ իրականացրեց 17 հազար սիրիահայերի (2016-ի տվյալներով) Հայաստանում հաստատվելու առօրեական խնդիրները, եթե ոչ սփյուռքի նախարարությունը:
Մշակույթի եւ Սփյուռքի նկատմամբ դրսեւորած պարզունակ ու գավառական մոտեցմամբ, ինչ-ինչ պատեհապաշտական շահերից ելնելով, սղոցել հայկականության այս երկու կարեւորագույն հենասյուները, առնվազն նշանակում է թշնամիների ջրաղացին ջուր լցնել:
Անշուշտ կատարյալ չի եղել նախարարությունների աշխատանքը, հազար ու մի թերացումներ կան, ինչպեսեւ մնացած բոլոր գերատեսչություններում: Այդուհանդերձ, եթե ի վիճակի չեք սխալները շտկելով ավելի լավ աշխատել, ուրեմն եղածն էլ մի քանդեք անմիտ «էքսպերիմենտներով»... մանավանդ որ դարերով ապացուցված է՝ անգամ պետականություն չունենալու պարագայում Հայ եկեղեցին ու մշակույթը կենսունակ են մնում:
Հիմա մեր հիմքերը քանդելով դեպի ո՞ւր ենք գնում: Այնպիսի զգացողություն է, ասես մեր պետականության ղեկը զավթված է մի խումբ դեռահասների կողմից, ովքեր գլխովին նետվելով կառավարական վայելքների մեջ՝ չեն էլ պատկերացնում, թե որքան դժվար գործ է ղեկը վարելը... հատկապես, երբ իշխանությունից կուրացած աչք ու ականջ փակած չեն լսում վտանգի ազդանշանները:
Իսկ Հայաստանի ներկայիս ապաշնորհ կառավարման վտանգավոր հետեւանքների մասին ազդարարողներին իշխանասերները սաստում են՝ «դե, մի՛ կռկռացեք, թողե՛ք մարդիկ աշխատեն... »: Էհ, թո՛ղ աշխատեն: Ո՞վ է բռնել ձեռքերը: Բա ուրիշ ինչի՞ համար են ղեկը զավթել... միայն վայելելո՞ւ:
«1912 թվականի ապրիլի 14-ին «Տիտանիկի» ռադիոկայանն ընդունեց յոթ սառցային նախազգուշացում, սակայն նավը շարունակեց ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ։ 23։39-ին առաջ նայողները նավապետական կամրջակ հաղորդեցին ուղիղ նավուղու վրա գտնվող այսբերգի մասին։ Մեկ րոպե չանցած տեղի ունեցավ բախումը։ Ապրիլի 15-ին՝ ժամը 2։20-ին, երկու մասի բաժանված «Տիտանիկը» խորտակվեց՝ խլելով 1496 մարդու կյանք: Փրկվեց 712 մարդ»։
Այսօր մեր խրոխտ հայկական «Տիտանիկը» սլանում է դեպի այսբերգը պսպղուն... Հուսանք, որ մեր ազգի դարավոր իմաստությունը կօգնի ժամանակին փոխել վտանգավոր նավուղին... չէ՞ որ բոլորս ենք նույն նավում»»։
Լիա Իվանյան
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը