«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Անցնող տարվա ընթացքում ուշագրավ, քիչ թե շատ հետաքրքիր երեւույթներից մեկն էլ այն էր, թե ինչպես է փոխվում, եթե կարելի է այդպես ասել, հանրության վերաբերմունքը այս կամ այն դրսեւորմանը: Ավելի ճիշտ, նախկինում ինչպիսին էր լինում արձագանքը եւ ինչպիսին է այն այս «թավշահեղափոխական»՝ կեղծավորությամբ թաթախված ու շինծու «սիրո եւ համերաշխության» դիմակով հանդերձավորված իրականության մեջ:
Սկսենք հասարակ բաներից:
Եթե նախկինում հանկարծ հայտնի դառնար, որ մայրաքաղաքի կենտրոնական տոնածառի ձեռքբերման եւ տեղադրման համար, ըստ որում՝ բոլոր վարչական շրջանների տոնածառերի ծախսերն էլ հետը, ասենք, մի 100 միլիոն դրամ է հատկացվել, մի այնպիսի ոռնոց ու վայնասուն կբարձրացնեին «ակտիվ հասարակության» ներկայացուցիչները, ներկայիս որոշ նախարարացուներ ու պատգամավորներ, այնպիսի ծաղրուծանակային ծամածռություններ կաներ այժմյան ոչ բարով քաղաքագլուխը, ու ժողովրդավարասեր, վճարովի հիմունքներով Սորոս քեռու մոտ «քաղհասարակություն» աշխատողները, որ էլ ասելու չէ: Այնքան մաղձ կթափեին, որ իսկի չէիր կամենա այդ տոնածառին նայել:
Բայց դա առաջ՝ արյունարբու եւ բռնատիրական իշխանությունների օրոք: Իսկ հիմա... կարելի է: Կարելի է առանց մրցույթի գնել շատ ավելի թանկ տոնածառ, քրդի քոլոզի նման ու «գեղո զարդարել»: Ու՝ ոչի՜նչ: Բոլորը գոհ են, ուրախ, երջանի՜կ:
Իսկ ով էլ գոհ չէ, նրանց կարելի է պախարակել, անվանարկել, անվանել թուրք, հայհոյել, եւ դեռ պիտի գոհ լինեք, որ չեն կախում, գնդակահարում կամ տանում համակենտրոնացման ճամբարներ, սպանում: Շուտով դրան էլ կհասնի, պետք չէ շտապել:
Եթե հանկարծ նախկինում որեւէ պաշտոնյա ասեր, թե երկրի պետական պարտքը մի կես միլիարդ դոլարով ավելանալու է, Նիկոլ Փաշինյան-ընդդիմադիր պատգամավորը նրան այնպես «կնախշեր», որ «կարգին քաղաքապետի» այս ոչ մրցութային գնմամբ տնկված տոնածառի «զարդարանքը» դրա մոտ կխամրեր: Իսկ հիմա... կարելի է: Բա ո՜նց, պետական պարտքը պիտի ավելանա: Ու, առհասարակ, դա ոչ մեկին չի էլ հետաքրքրում:
Առաջներում եթե զինված ուժերում, այն էլ՝ ոչ մարտական իրավիճակներում, թեկուզ մեկ զոհ լիներ, աղմուկ-աղաղակը պատրաստ էր: Բացի Հայաստանի գոյության ու բանակի դեմ հաստիքավոր աշխատող քայքայիչներից, սորոսական ակտիվից ու այլեւայլ հակապետական թափթփուկներից, այդ աղմուկին անպայման կմիանային գերազանցապես արտասահմաններում չաղ ու բախտավոր տեղավորված, բայց ամեն օր սոցցանցերով բնակության նախկին երկրի ու հասարակության վրա թույն ու մաղձ արտաշնչող ոչ բարով հայրենակիցները:
Իբր, սրտները ցավում է ու՝ «վա՜յ, Աստված իմ, այս ինչ է կատարվում, մինչեւ երբ...» եւ նման այլ սրտաճմլիկ բացականչությունների պակասություն հատկապես սոցցանցերում չէր լինի:
Հիմա էլ, ցավոք, զինված ուժերում ունենում ենք կորուստներ, ըստ որում՝ մարտական գործողությունների հետ չկապված կորուստներ: Ու՝ ոչի՜նչ: Գրեթե ձայն-ծպտուն չկա, ոչ մի վայվլիկ, ոչ մի՝ «վայայսինչէկատարվում»:
Կարճ ասած՝ առաջներում իշխանության ներկայացուցիչներին, առնվազն բանավոր ու հակաքարոզչական առումներով, «կխաչեին» ամեն մի արարքի համար, որեւէ սայթաքում կդարձնեին մատի փաթաթան, որեւէ սխալ կուռճացնեին մինչեւ այն աստիճան, որ յուրաքանչյուրին թվար, թե ազգն ու պետությունը կործանվում են:
Իսկ հիմա: Հիմա ամեն ինչ կարելի է Նիկոլ Փաշինյանին, իր թիմակիցներին, ազգականներին, մերձավորներին, հարազատներին: Կարելի է, կարելի:
Երեկ, երբ չորրորդ մարդը սկսեց բողոքել, չդիմացա: Ասում եմ՝ բայց դո՞ւք չէիք, որ սիգնալ էիք տալիս, կաթսա էիք զարկում գիշերվա կեսին: Դուք էիք, չէ՞:
Դո՞ւք չեք գնացել ու ամբողջ գերդաստանով «բա էլ՝ ո՞ւմ» ասելով՝ քվեարկել Նիկոլ Փաշինյանի եւ նրա սելֆիի ձողի դերը կատարող ցուցակի օգտին: Հիմա՞ ինչից կամ ումի՞ց եք դժգոհ, կամ եթե դժգոհ եք, ինչո՞ւ չեք գնում ձեր սիրելիին, ձեզ գրկող ու համբուրողին դժգոհում, ինչո՞ւ կաթսա չեք զարկում, վերջապես:
Ձեր ուզածն է, ախր: Ստացել եք այն, ինչ ուզում էիք: Էհ, թողեք, թող աշխատեն...
Հիմա կարելի է հարկեր ու տուրքեր բարձրացնել, կարելի է, պատկերավոր ասած, «պոպոք ջարդել հասարակության գլխին» ու այդ ամբողջ «դըմփ-դըմփ-հու» զանգվածը ծպտուն չի հանի, նույնիսկ կուրախանա, ավելին՝ կսկսի պաշտպանել «սիրելի իշխանություններին»:
Ի դեպ, «քաղհասարակության» մասին, ավելի ճիշտ՝ այն «թեւի», որ կոչվում էին իրավապաշտպաններ ու իրավապաշտպան ՀԿ-ներ: Հիմնականում օտարերկրյա դրամաշնորհային սնուցմամբ:
«Թավշյա» իշխանափոխությունից հետո չափազանց արագ ակնհայտ դարձավ, որ դրանք իրականում իշխանապաշտպաններ են կամ իշխանապաշտպանական կազմակերպություններ: Համենայն դեպս այս ընթացքում արձանագրված ամենատարբեր աղաղակող, այսպես ասենք՝ թեմատիկ, իսկը իրավապաշտպանության ոլորտին վերաբերող դրսեւորումների հետ կապված, նրանց ձայն-ծպտունը գրեթե չի լսվել:
Եթե առաջներում հանկարծ այնպիսի մի խայտառակ բան հրապարակվեր, ինչպես, ասենք, ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները, «իրավապաշտպանները» ոչ թե իշխանություններին կամ այդ պաշտոնյաներին ասուլիսային հարթակներում ու սոցցանցերում «կխաչեին», այլ «կքառատեին»:
Հիմա՝ ոչինչ:
Ասենք, եթե այդ կարծեցյալ կամ դիմակավորված «իրավապաշտպանների» պանծալի ներկայացուցիչները կամ գոնե նրանցից մեկը (արձանագրված փաստի առումով) հենց քննչական ծառայության պետից է ցուցումներ եւ «ուստանովկաներ» ստանում, ինչի՜ մասին է խոսքն ընդհանրապես:
Եթե առաջներում...
Բայց դա՝ մի կողմ: Կարեւոր է, թե ինչ է լինելու՝ «հետոներում»: Մենք անձամբ չենք զարմանա, եթե այդ «հետոներում» պարզվի, որ այս կամ այն «իրավապաշտպանը» վերակացու է կարգվել «Նոր Հայաստանի» որեւէ համակենտրոնացման ճամբարում:
Չենք զարմանա, եթե «հետոներում» պարզվի, որ այս կամ այն «իրավապաշտպանը» վերակացու է կարգվել «Նոր Հայաստանի» որևէ համակենտրոնացման ճամբարում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը