27 12 2018

Բողոքողները ոտքի տակ են ընկնում ու խանգարում վայելել կյանքը․ «Հայոց աշխարհ»

Բողոքողները ոտքի տակ են ընկնում ու խանգարում վայելել կյանքը․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Թագավորի համար ամենակարեւորն այն էր, որ իրեն ենթարկվեին անվերապահորեն։ Անհնազանդություն չէր հանդուրժի։ Բայց չափազանց բարի էր, ուստիեւ արձակում էր միայն խելամիտ հրամաններ։   

«Եթե ես հրամայեմ իմ գեներալին փոխակերպվել ծովային ճայի,- ասում էր նա,- եւ եթե գեներալը չկատարի հրամանը, ապա դա կլինի ոչ թե նրա, այլ իմ մեղքը»։  

Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանից» այս տողերում կա երկու բան, որ քչերն են նկատում ու հասկանում։ Թագավորը արձակում էր միայն խելամիտ հրամաններ, քանզի անչափ բարի էր։   

Դա ապշեցուցիչ ճշգրիտ է։ Հպատակների երջանկության համար անհրաժեշտ է բարի թագավոր։ Քանզի խելացի թագավորը կարող է արձակել լիովին անմարդկային հրամաններ։ Պատմությունը լեցուն է խելացի ավազակներով, խելացի մարդասպաններով։   Եվս մեկ, քչերի կողմից նկատված հանգամանք։  

Անտուան դը Սենտ Էքզյուպերին համարում էր, որ գեներալը չի կարող փոխակերպվել ծովային ճայի։   

Նա պարզապես չէր ճանաչում մեր «գեներալներին»։ Մերոնք ե՛ւ պատուհանից դուրս կճախրեն, ե՛ւ ձու կածեն, ե՛ւ ենթականերին կկարողանան ստիպել անել հենց այն, ինչ կարողանում են իրենք՝ փոխակերպվել ճայի։  

Նոր Հայաստանի թագավորները ոչ միայն բարի չեն, այլեւ չափազանց չար ու դաժան են։ Իսկ նրանց արձակած հրամանները կարելի է բնորոշել ոնց ասես, բայց միայն ոչ խելամիտ։ Դե, իսկ յուրային գեներալների փոխակերպում ծովային ճայերի, նրանք պահանջում են մշտապես։  

Ասվածի վկայությունն է մոտ ապագայում հազարավոր պետծառայողների փողոց դուրս շպրտելու որոշումը, զրկելով վերջիններիս աշխատանքից ու փոխարենը չառաջարկելով ոչինչ, ինչպես նաեւ՝ ստեղծելու լիովին անգործունյա սուպերնախարարություններ, որոնք կգլխավորեն ճայերի փոխակերպված գեներալները։  

Նայում ես, թե ինչ անողորմ է վարվում իշխանությունը մարդկանց հետ ու մտածում. Տե՜ր Աստված, այս ի՛նչ են անում։ Մի՞թե չեն ամաչում։ Ինչո՞ւ են մարդիկ ամաչում նայել, իսկ սրանք չեն ամաչում անել։  

Ամոթալին այն է, երբ ինչ-որ մեկը տեսնում է։ Պպզելով անտառում մեծ կարիքը հոգալու, մարդը ամոթ չի զգում։ Բայց լսելով մոտեցող ձայները, կարմրում է ու տենդագին վեր քաշում շալվարը։ Վախենում է, որ իրեն կտեսնեն։  

Սպասեք, բայց քանի դեռ առանց շալվարի էր, նրան տեսնում էին հազարավոր աչքեր. մրջյունները, բզեզները... Չէ, միջատները հաշիվ չեն։ Միջատները ոչինչ են, նույնիսկ եթե նրանք միլիոնավոր են։   

Հիմա հասկանո՞ւմ եք, թե որն է բանը։ Իշխանավորները մնացած մարդկանց համարում են միջատներ, դրա համար էլ չեն ամաչում ոչ մի բանից ու ոչ մեկից։   Իսկ ի՞նչ կարող են անել մարդիկ։   

Հավաքվում են այսօր մշակույթի նախարարության առջեւ, վաղը՝ սփյուռքի նախարարության առջեւ, վաղը չէ մյուս օրը՝ կառավարության շենքի մոտ, բողոքում, ճիշտ ճառեր արտասանում, կոլեկտիվ նամակներ գրում վարչապետի պաշտոնակատարին. եւ ո՞վ է նրանց ուշադրություն դարձնում։ Մարդիկ իրենց գործն արդեն արել են, բերել են սրանց իշխանության, իսկ հիմա ո՞ւմ են պետք։ Միայն ոտքի տակ են ընկնում ու խանգարում վայելել կյանքը։  

Բնությունը մարդուն չափազանց անպաշտպան է ստեղծել։ Դա մատնանշել է դեռեւս Արթուր Շոպենհաուերը. «Մարդու հետ բնությունը վարվում է ոչ այլ կերպ, քան կենդանիների եւ, հետեւաբար՝ նրա նկատմամբ նույնպես տարածում իր նշանաբանը. առանձնյակի կյանքը կամ մահը իր համար նշանակություն չունեն»։   

Հասկանալի կլիներ, եթե կառավարությունը իրադրության հանգամանալից ուսումնասիրությունից, լուրջ վերլուծությունից հետո համապատասխան բարեփոխումներ իրականացներ գերատեսչություններում, որոշակի եւ արդարացված կրճատումներ աներ։ Բայց վերցնել ու պարզապես փակել ամբողջ նախարարություննե՛ր։    

Պատմում են, որ Քաղբյուրոյի անդամ եւ խորհրդային կառավարության ղեկավարի տեղակալ Անաստաս Միկոյանը մի անգամ ժամանեց ոչ մեծ քաղաք։ Մսի կոմբինատի դիրեկտորը, ողջ արիությունը հավաքելով, խնդրեց թույլտվություն տալ ավելացնելու հսկիչների թիվը. չափազանց շատ են գողանում։ Միկոյանը հետաքրքրվեց.  

-Քանի՞ մարդ է աշխատում որպես հսկիչ։  

Դիրեկտորը նշեց թիվը։ Միկոյանը բարեկամաբար խորհուրդ տվեց.  

-Կիսով չափ կրճատիր հսկիչներին։ Ավելի քիչ կգողանան։  

Իմաստուն մարդ էր Անաստաս Իվանովիչը։ Միանգամից խորամուխ էր լինում խնդրի էությանը։ Ներկայումս այդպիսիք չեն մնացել։ Դրա համար էլ մեզանում ոչ թե պետական կառավարում է, այլ պարահանդես աղբանոցում։  

Ի դեպ, ուշադրություն դարձրե՞լ եք մի անոմալիայի։ Ահա գալիս է մարդը կառավարություն։ Կարծես թե սովորական մարդ է, բավական միջակ ինտելեկտով։ Եվ դեմքն էլ ընդհանուր առմամբ նորմալ է, մարդկային, իմաստնության կնիքով չծանրաբեռնված։  

Իսկ երկու-երեք ամիս անց. մամա՛ ջան։ Աչքերում միջուկային ռեակտորի պես փայլատակում է գերմարդկային պետականակերտ գաղափարը։ Միանգամից հասկանում է, որ պետության հզորացման ամենաճիշտ ու կարճ միջոցը ձեռքի տակ ընկած ամեն ինչ քանդելն ու փակելն է, չստեղծելով բացարձակապես ոչինչ։  

Կառավարման ոլորտը նրա համար անծանոթ տեղանք է։ Այստեղ պետք է պահես քեզ ինչպես մուկը։ Անծանոթ տեղանքում մուկը առաջ է շարժվում բառացիորեն քայլ առ քայլ, բեղիկներով շոշափելով ուղին մերթ աջից, մերթ ձախից, եւ ժամանակ առ ժամանակ վազքով անցնելով ճանապարհի մի հատված հակառակ ուղղությամբ։   

Արդեն երրորդ կամ չորրորդ անգամ մուկն անցնում է ճանապարհի կարճ հատվածը գնալով ավելի արագ, բայց հետո միանգամից կանգ առնում։  

Հետագա կրկնությունների ժամանակ արագ վազանցներ է կատարում ճանապարհի այլ հատվածներում նույնպես։ Այնուհետ սրընթաց անցած հատվածների թիվը գնալով ավելանում է, դրանք դառնում են նկատելիորեն ավելի երկար։ Եվ վերջապես մուկն արագ եւ վստահ անցնում է ողջ ճանապարհը։  

Անցած ութ ամիսները ամենեւին չսովորեցրին Նոր Հայաստանի իշխանավորներին կողմնորոշվել անծանոթ տեղանքում։  

Նոր փոցխ չունե՞ք արդյոք, պարոնայք, թե չէ հները մենք արդեն բոլորը կոտրել ենք, իսկ ցատկոտելու ցանկությունը դեռ չի անցել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ