26 12 2018

Առանց սփյուռքի և մշակույթի․ 168․am

Առանց սփյուռքի և մշակույթի․ 168․am

168․am-ը գրում է․ «Սփյուռքի և մշակույթի նախարարությունները փակվեցին, և նրանց ճակատագրին հետևելու են ևս մի քանի նախարարություններ։ Փորձենք միայն մի քանի մեկնաբանություն ավելացնել հարցի վերաբերյալ մամուլում հնչած տեսակետներին։

«Կողմ» տեսակետներում երկու հիմնական փաստարկ կա՝ շատ երկրներ չունեն մշակույթի և սփյուռքի նախարարություններ, և դա նրանց չի խանգարում բարգավաճել, և՝ օպտիմալացում, այսինքն պետական միջոցների խնայողություն։ Այս երկու փաստարկն էլ ունեն գոյության իրավունք, սակայն նշենք նաև, որ սփյուռքի և մշակույթի նախարարություններ ունեն մի շարք երկրներ, նրանք, որոնք այս բնագավառում նպատակ ունեն իրականացնել որոշակի հստակ քաղաքականություն։

Ինչ վերաբերում է միջոցների խնայողությանը, և դրա հետ կապված՝ գործազուրկների բանակի ավելացմանը, ապա պետք է նշել, որ իսկապես պետական համակարգը գերուռճացված է, սակայն այն ունի նաև որոշակի սոցիալական նշանակություն, որն է՝ մեղմել գործազրկությունը։ Այլ խնդիր է, որ հասկանալի չէ, թե ի՞նչ են անելու խնայված գումարները՝ դրանք ուղղվելու են պետական պարտքի մարմա՞նը, սոցիալական խնդիրնե՞ր են լուծելու, պաշտպանունակությո՞ւնն են ավելացնելու, թե՞ մի նոր տոնածառ դնելու, ասենք, տրընդեզի կապակցությամբ, կամ՝ որպես պետական գրանտ՝ հատկացվելու են Տիգրան Ավինյանին։ Կամ այս հարցերի օրինական լուծումներ պետք է արտացոլված լինեին բյուջեում, սակայն պատասխանները դեռևս չեն տրվել, իսկ դա չի կարող կասկածներ չառաջացնել կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։

Պետք է նկատել, որ կան ևս մի քանի գործոններ, որոնք կարող են բացատրել իշխանությունների այս որոշումը։ Շատ էական գործոն է իշխանությունների կողմից կառավարական պաշտոնների նշանակության ընկալումը։ Հեղափոխությունից հետո այս պաշտոններին Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեցին իր այն թիմակիցները, ովքեր չունեին որևէ կոնկրետ մասնագիտություն և ունակություններ։

Մյուս կարևոր գործոնն այն է, որ Փաշինյանի հետ քայլածների թիմը սահմանափակ է, նա այլևս չունի համապատասխան մարդիկ՝ այս պաշտոններում նշանակելու համար։ Ազգային ժողովի ընտրոթյունների ժամանակ պատգամավորների ցուցակը լրացնելու համար նա անգամ ստիպված էր «անասնագողությամբ» զբաղվել։ Այժմ թիմակիցների մեծ մասը տեղավորվել է խորհրդարանում և պետական ավելի յուղոտ պաշտոնների, ու Փաշինյանը պարզապես չունի նախարարների հարմար թեկնածուներ։ Եվ, ի վերջո, եթե կառավարական բոլոր կարևոր և երկրորդական որոշումները` ընդհուպ մինչև տնօրենների նշանակումը,  ընդունում է վարչապետն ինքը, ապա այս դեպքում այս նախարարություններն իրոք ավելորդ են դառնում։

Սակայն ամենաակնհայտ փաստարկը Բոլթոնի ասած ուժեղ մանդատի փորձարկումն է։ Սա շարունակությունն է այն թեստային գնդակի, որն ընտրական շրջանում Սասուն Միքայելյանը նետեց հասարակությանը՝ հայտարարելով ղարաբաղյան շարժման նկատմամբ թավշյա հեղափոխության գերակայության մասին։ Այն ժամանակ գնդակը ետ թռավ՝ հանդիպելով որոշակի հասարակական դիմադրության։ Այժմ ևս Նիկոլ Փաշինյանը փորձում է իր նոր մանդատը, ստուգելով՝ արդյո՞ք իր հակաժողովրդական քայլերը կբերեն դժգոհության լուրջ ալիքի։ Այն առանձնապես կարևոր է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում նոր կտրուկ, ոչ պոպուլյար քայլերի նախաշեմին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ