22 12 2018

«Դըմփ-դըմփ-հու»-ից «տաշի-տուշի» կես քայլ է․ «Հայոց աշխարհ»

«Դըմփ-դըմփ-հու»-ից «տաշի-տուշի» կես քայլ է․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մինչ Արցախի գլխին օր օրի թանձրացող սեւ-մութ ամպեր են կուտակվում, «տնտեսական հեղափոխության» պատրաստություններ տեսնող Հայաստանում տնտեսությունը խեցգետնի պես հետ-հետ է գնում՝ ազատ անկման մեջ է, գործընկեր երկրների հետ հարաբերություններն էլ մազից կախված վիճակում են, դեկտեմբերի 9-ի ընտրությունների «արդյունքում» բացարձակ քաղաքական մենաշնորհ ստացած «նիկոլապետության» ակտիվիստները լուրջ գործի վրա են. պաշտոններ են բաժանում։  

Պաշտոնների վերաբաշխման «ցավոտ գործընթացից» ազատ ժամանակ էլ մասնագիտանում են «տաշի-տուշի»-ներով, «դըմփ-դըմփ-հու»-երով, հեղափոխական ծափերով ու օվացիաներով ամրապնդված ուտուշ-խմուշների վրա։   

Ավելին՝ կարելի է ասել, որ Հայաստանն անցումային շրջանում է՝ «դըմփ-դըմփ-հու»-ական ժողովրդաիշխանությունը դասական իմաստով, որպես ամբոխավարության գործիք, սկսում է տեղի տալ իշխանություն ունեցողների «խնջույքասիրության» թափանցիկ, եթե չասենք՝ ցուցադրական ակցիաներին։   

Հայաստանում եւ Հայաստանի շուրջ առավել քան երբեւէ մտահոգիչ զարգացումներից անկախ ու անկապ, կյանքը սրանց համար ուրախ է, ապրուստը, եթե ձրի չէ, հաստատ՝ ավելի ճոխ ու ծախսատար է, քան առաջներում, երբ իշխանական կերակրամանին մոտենալու մասին երազել անգամ չէին կարող։  

Համապատասխանաբար՝ քեֆները միշտ տեղն է, «դուխներն» էլ, ինչպես Լեւոն պապին կասեր՝ «հելել, իրանց ուտում ա». չմարող ոգեւորությամբ տոնում են «սիրելի ժողովրդի» անունը շուրթերին՝ ժողովրդի դեմ տարած ջախջախիչ հաղթանակը, ու չեն կշտանում։   Հընթացս՝ ձեռի հետ, «հայրենասիրական» երգեր են երգում ու խրոխտ բաժակաճառեր արտասանում, փառաբանում զմիմյանս եւ աղոթում «բարձրյալի»՝ ամենայն հայոց վարչապետի եւ գլխավոր հրամանատարի պաշտոնակատարի երկարակեցության ու քաջառողջության համար, որ այդ ուրախ-անհոգ կյանքը պարգեւել է իրենց, ձեռ առնում ձվի մեջ մազ փնտրող «մտահոգներին» ու ծիծաղում էս անխելք աշխարհի՝ անորոշության եւ քաոսի ճանապարհը բռնած հայոց աշխարհի վրա։   

«Հպարտ քաղաքացիների» մասին էլ, ի դեպ, չեն մոռանում. «հեղափոխական ուտուշ-խմուշների» կուլմինացիոն դրվագները նկարահանում ու գցում են «Յութուբ», որ աչքը ջուր կտրած ապրիլյան հեղաշրջման պտուղներին սպասող զոմբիների բազմությունն էլ անմասն չմնա այդ տոնից։   

Պե՞տք է, չէ՞, որ ամեն մեկն իր չափով, «հեղափոխության» մեջ ներդրած լումային համապատասխան, ստանա երջանկության հորմոնների իրեն հասանելիք մասնաբաժինը՝ «կիսելով» ռաբիսի առինքնող հնչյունների տակ թռչկոտող ու ծափ զարկող «Նոր Հայաստանի» կառավարիչների ու նրանց ազնվազարմ տիկնանց ուրախությունը, եւ լայքեր դնեն «ազգային մշակույթի» այդ գոհարների տակ։    Համաձայնեք, դժվար է հնարել հեղափոխական էյֆորիան կայուն բարձր մակարդակի վրա պահելու ավելի գործուն միջոց, քան՝ ի ցույց դնել ընտանեկան բյուջեի համեստ միջոցները կոպեկ առ կոպեկ հաշվող, ռեստորանային խրախճանքներին անհաղորդ «հպարտ քաղաքացիներին», թե «ռեյտինգային» ցուցակներով տասնյակ հազարավոր ձայներ ստացած «ստաժավոր» երեսփոխաններն ու նորաթուխ պատգամավորները (որոնց գերակշիռ մեծամասնությանը ընտրողները ո՛չ դեմքով են ճանաչում, ո՛չ էլ երբեւէ նրանց մասին լսել են) ի՜նչ «դուխով» են բաժակ բարձրացնում Արցախյան ազատամարտից շատ ավելի մեծ արժեք ներկայացնող պյուռոսյան հաղթանակի՝ ընտրություններում գրանցած գլխապտույտ հաջողության համար։   

Իհարկե՝ դեռ կան «պետական մտածողությունից» կիլոմետրերով հեռու «անպատասխանատու» մարդիկ, որոնք ոչ մի կերպ չեն հասկանում՝ էդ ո՞նց եղավ, որ քայլելով ու «դըմփ-դըմփ-հու» անելով իշխանության եկած երեկվա «բոմժերը» հանկարծ մեկեն հայտնվեցին ռեստորանային աղմկոտ տոնախմբությունների թոհուբոհում։   

Նորահայտ քեֆչի-հասաններն այստեղ խնդիր չեն տեսնում. տեղնուտեղը հակադարձում են՝ «թափանցիկ եւ հրապարակային» ներկայացնելով ոմանց կպչուն հետաքրքրության դաշտում այս կամ այն միջոցառման ծախսերի հաշվեկշիռն ու ֆինանսավորման աղբյուրները։ Իբր՝ եղածը մեծ բան չէ. «ընդամենը» այսքան միլիոն դրամ ենք ծախսել, այն էլ՝ սեփական գրպանից։   

Նույնը՝ արտասահմանյան թանկարժեք գործուղումների դեպքում։ «Արտաբյուջետային» ծախսերը, որոնց մասին ընդունված չէ հրապարակային հաշվետվություններ ներկայացնել, բնականաբար, հաշիվ չեն։   

Իսկ «արտաբյուջեում», դատելով ամենից, այլընտրանքային ֆինանսական հոսքերի պակաս չի զգացվում։ Երբեւէ լսե՞լ եք, օրինակ, որ վարչապետի պաշտոնակատարը կամ ԱԱԾ ղեկավարը հաշվետու լինեն՝ «ապօրինի հարստանալու» մեջ կասկածվող նախկին պաշտոնյաները եւ մի գիշերում բարեխիղճ գործարարներ դարձած նախկին օլիգարխներն ի՞նչ փրկագին են վճարել փաշինյանական «ընտրովի-զանգովի արդարադատության» մամլակի տակ չհայտնվելու համար։   

Ամենաբարձր մակարդակով ասվեց՝ նրանք, ովքեր «կամավոր կմուծվեն», կազատվեն ժողովրդին թալանելու համար քրեական պատասխանատվությունից։ Եթե հավատանք «հեղափոխականների» պնդումներին, թե նախկինների 99 տոկոսը գող ու թալանչի է եղել՝ ինչքան կարողացել է, հարստացել է ժողովրդի հաշվին, ազատության համար վճարելու պատրաստ կամավորականներից տեղուդադար պիտի որ չլիներ։   

Հարց է ծագում. որտե՞ղ են, ինչպե՞ս են տնօրինվել կամ տնօրինվում պետականորեն իրականացվող «ռեկետից» գոյացած միջոցները։ Միայն թե չասեք՝ դրվել են բանակի եւ բանակաշինության զոհասեղանին։ Եթե կա մեկը, ով հավատում է այդ հեքիաթներին, ոչնչով օգնել չենք կարող»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ