«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Երեկ հետմիջօրեին տարածված տեղեկատվությունը, նախ, ուշադրություն գրավեց անհաջող ձեւակերպմամբ, թե՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրենց անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակել:
Նման բան, իհարկե, չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ կազմակերպության գլխավոր քարտուղարին նշանակում են ՀԱՊԿ անդամ-պետությունների լիազորված ղեկավար-ներկայացուցիչները՝ կոնսենսուսով կայացվող որոշմամբ: Հասկանալի է, որ սկզբնական թողարկումներում ինչ-որ բան շփոթել էին:
Քիչ անց պարզ դարձավ, թե իրականում խոսքն ինչի մասին է, ինչ է եղել: Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային հանդիպում է ունեցել Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Բելառուսի նախագահը հրապարակային աջակցություն է հայտնել Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելուն եւ ստորագրել է ՀԱՊԿ խորհրդի որոշման համապատասխան նախագիծը:
Նշվում է նաեւ, որ Ստանիսլավ Զասն արդեն եղել է Ղրղըզստանում, Ղազախստանում, Տաջիկստանում, Ռուսաստանում, եւ վերոհիշյալ պետությունների ղեկավարներն աջակցություն են հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը:
Բելառուսի ներկայացուցիչը Հայաստան չի այցելել եւ, դատելով պաշտոնական Երեւանի ներկայացուցչի հայտարարություններից, չի էլ այցելելու: Համենայն դեպս վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ասել է. «Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչեւ հիմա հանդիպում տեղի չի ունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»:
Լավ, հանդիպում չի եղել, եւ չի էլ նախատեսվում: Դրանից տրամաբանորեն բխում է, որ
ա) Հայաստանը պաշտոնապես դեմ է Բելառուսի ներկայացուցչի նշանակմանը,
բ) Հայաստանը, անկախ ամենից, կողմ է այդ նշանակմանը ու հատուկ հանդիպման կարիք չկա:
Հավանականը, իհարկե, առաջին տարբերակն է: Սակայն եթե կա ընթացակարգ, ապա լավ չէ, որ Հայաստանի դեպքում այն չի պահպանվում: Էլի թող Հայաստանը դեմ լինի: Իսկ այսպես ստացվում է, որ Հայաստանի իշխանությանը պարզապես հաշվի չեն առնում ու դա ցուցադրում են հրապարակավ: Այսինքն՝ ակնարկում են, թե՝ Հայաստանի իշխանություն, քո կարծիքը՝ եղած-չեղած:
Ճիշտ է, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով: Այո, կոնսենսուսով, այսինքն՝ բոլորի համաձայնությամբ է լուծվելու: Այդպիսին է կազմակերպության ամրագրված կանոնակարգը:
Բայց պատկերացնենք մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ մյուս բոլոր անդամները կողմ են առաջադրված թեկնածուին, եւ միայն Հայաստանն է դեմ, ու կոնսենսուսը չի կայանում: Դա մի կողմից նշանակում է, թե՝ Նիկոլ Փաշինյանը բնավորություն ցուցադրեց ու դիրքերը չզիջեց, իսկ մյուս կողմից էլ նշանակում է որոշակիորեն փչացնել հարաբերությունները ՀԱՊԿ նաեւ այն անդամների հետ, որոնց հետ համեմատաբար նորմալ փոխհարաբերություններ կային:
Լավ, մի՞թե պարզ չէ, որ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում, այդ կազմակերպությունների մյուս անդամ-երկրների մեծ մասը Հայաստանի նորընծա իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին պարզապես չեն վստահում կամ վստահելի գործընկեր չեն համարում:
Թե ի՞նչ բարեկամներ է Հայաստանը ձեռք բերել անցած 6-7 ամսում, այնքան էլ պարզ չէ, բայց որ եղած քիչ թե շատ բարեկամական տրամադրված արտաքին գործընկերներին էլ կարող է կորցնել կամ առնվազն վանել է՝ մինչեւ «պաղ քաղաքավարական» չոր «բարեւ-բարլուսի» հեռավորության վրա, թերեւս տեսանելի է:
Ըստ որում՝ այս շիլան հենց Փաշինյանն է եփել: Կարելի էր, իհարկե, շատ ավելի մտածված ու հեռատեսորեն գործել՝ նախ հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին, ներկայացնել Հայաստանի կողմից մեկ այլ թեկնածու նրա փոխարեն: Հետո նոր միայն սկսել Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը:
Բայց եթե Նիկոլ Փաշինյանի ամբողջ մտավախությունն այն էր, թե հանկարծ Խաչատուրովը չփախչի (գաղտնալսված տխրահռչակ հեռախոսազրույցը ԱԱԾ տնօրենի հետ), պարզ է, որ ՀԱՊԿ-ը, տվյալ կազմակերպության հեղինակության հարցը, տվյալ կազմակերպության անդամ գործընկեր-պետությունների հետ հետագա հարաբերությունների հարցը նրան չի էլ հետաքրքրել կամ հիսուներորդական նշանակություն է ունեցել:
Պարզ է նաեւ, որ առնվազն ՀԱՊԿ անդամ պետությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեսնում են մեկին, որին կարող են հանգիստ «ֆռռացնել», սեղանի ծայրին ու առանձին նստեցնել եւ այլն: Վատն այն է, որ դա մեր պետության հանդեպ վերաբերմունքի վրա է անդրադառնում: Ամենից վատն այն է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը էապես թուլանում են:
Ի դեպ, «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը երեկ մի գրառում էր արել՝ բավական դիպուկ ամփոփելով Փաշինյանի քարոզչության մուտացիան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում:
Սկզբում Նիկոլ Փաշինյանի քարոզիչները համոզում էին, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը չպիտի որեւէ ազդեցություն ունենա ՀԱՊԿ-ում Հայաստանի մեր դիրքերի վրա: Որոշ ժամանակ անց պնդում էին, որ ամեն դեպքում Հայաստանի ներկայացուցիչ կնշանակվի։ Հետո արդեն խոսակցություններ սկսվեցին, որ առանց մեր հաստատման գլխավոր քարտուղար չի նշանակվի:
Հետո սկսեցին պատմել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ հեչ, «50-երորդական կարեւորության հարց է»:
«Իսկ հիմա, փաստորեն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը պայմանավորվել են, որ Բելառուսի ներկայացուցիչն է լինելու կազմակերպության գլխավոր քարտուղարը, Հայաստանի կարծիքն էլ ոչ մեկին չի հետաքրքրում: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքականության, հայ-ռուսական՝ «որեւէ խնդիր չունեցող» հարաբերությունների մասին»,- նկատել է Կարեն Վրթանեսյանը:
Ինչ վերաբերում է պաշտոնական դիրքորոշման ու տեսակետի՝ 6 ամսվա մեջ 6-7 անգամ փոփոխվելուն, ապա դա էլ է շատ բան վկայում: Պարզապես արդեն անտանելի է դառնում այս պուդրայած «սիրո եւ համերաշխության» տակ վատ քողարկված ատելությունը, չարությունը, անձեռնահասությունն ու կեղծավորությունը: Վատն այն է, որ այդ ամենը փառաբանելու հետեւանքների շիլան ոչ այնքան փառաբանող «դհոլչիներն» են համտեսելու, այլ բոլորս:
Դա էլ, երեւի հանուն այն բանի, որ 100 տարվա մեջ մի երկրորդ ու վերջին անգամ համոզվենք, որ ոչ միայն անգլիական, այլեւ ամերիկյան նավերը Հայոց լեռները չեն բարձրանում:
Իզուր չէ ասված՝ եթե Աստված ուզում է պատժել մեկին, նախ՝ խելքն է «տանում»: Դա միայն անհատներին չէ, որ վերաբերում է»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը