21 12 2018

Պատմությունը սովորեցնում է, որ ոչինչ չի սովորեցնում․ «Հայոց աշխարհ»

Պատմությունը սովորեցնում է, որ ոչինչ չի սովորեցնում․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Թեեւ ընդունված է ասել, թե իբր պատմությունը սովորեցնում է, որ ոչինչ չի սովորեցնում, այդուհանդերձ գործնականում տարբեր կերպ է պատահում։   

Ոմանց իսկապես չի սովորեցնում։ Մյուսները անցյալից, բուլկու չամիչների պես, քչփորում-հանում են միայն դրական օրինակները, դրանով հիմնավորում պատմական գործընթացի սեփական ըմբռնումը։ Իսկ երրորդները փորձում են իմաստավորել հանգամանքների ողջ ամբողջությունը եւ, նկատի առնելով այդ հանգամանքները, կառուցում հասարակական պահվածքի տրամաբանությունը։  

Առավել վատ է իրավիճակը նրանց պարագայում, որոնց միաբջջությունը չի ենթադրում հիշողության գոյություն։ Առաջին հայացքից թվում է, թե այդ դեպքում պիտի պահեն իրենց ինչպես դիակը դիարանում, բայց հենց նրանք են դրսեւորում առավելագույն ակտիվություն։   

Այնուհանդերձ անհրաժեշտ է արձանագրել, որ երկրում դիտարկվում են բավական վտանգավոր միտումներ։ Նոր Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի ավտորիտար կառավարում, եւ միայն կույրերը կամ այդպիսին ձեւացողները կարող են դա չնկատել։    

Իհարկե, մարդկային պսիխիկան միշտ կպաշտպանվի տանջալից ճշմարտությունից նույնպիսի ենթագիտակցական ինքնաբերականությամբ, որով մարդկային մարմինը խույս է տալիս հարվածից կամ այրվածքից։ Բայց ճշմարտությունից իսպառ հրաժարումը կարող է առաջացնել այնպիսի հետեւանքներ, որ հարկ կլինի մոռանալ ոչ միայն պատմության դասերը։ Շատ բաներ հարկ կլինի մոռանալ։   

Թե ում ուր եւ ինչ պաշտոնի նշանակել, ինչ հարաբերություններ ունենալ այս կամ այն երկրի հետ, որ քաղաքական ուժերը պետք է լինեն խորհրդարանում, իսկ որոնք՝ «աղբանոցում», ինչ վճիռներ պետք է ընդունեն դատարանները, ում ներել, իսկ ում ծեփել պատերին, եւ բազմաթիվ այլ հարցեր այսօր երկրում որոշում է միայն մեկ մարդ։ Դա, կրկնում ենք, անչափ վտանգավոր միտում է։  

Առավել եւս վտանգավոր, քանզի այդ մարդն արդեն իսպառ կորցնում է կապը իրականության հետ։ Վերցնենք ամենաթարմ օրինակը։ Կառավարության երեկվա նիստում վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, թե նախարարները պետք է աշխատեն այնպես, որ մարդիկ ամեն օր առարկայորեն զգան կյանքի բարելավումը։ Հենց նույն օրը, այսինքն՝ երեկ, վիճծառայությունը հրապարակեց տնտեսական ակտիվության վերջին տվյալները. էական անկում անխտիր բոլոր բնագավառներում։ Մենք պետք է էլի՞ ինչ-որ բան մեկնաբանենք։ 

Ընդհանրապես քաղաքական կանխատեսումների թեմայով բանավեճը ժամանակին բացել ու փակել է մեծ բրիտանացի Ուինսթոն Չերչիլը. «Քաղաքական գործիչը պիտի կարողանա կանխագուշակել, թե ինչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթ անց, մեկ ամիս անց եւ մեկ տարի անց։ Իսկ հետո բացատրի, թե ինչու դա տեղի չունեցավ»։   

Մեզանում իրավիճակը փոքր-ինչ այլ կերպ է դասավորվում։ Ապրիլ-մայիսին մեզ հայտարարում էին, թե դրախտը Նոր Հայաստանում կկառուցվի բառացիորեն շաբաթների ընթացքում, ամենաշատը՝ մեկ-երկու ամսում։ Իսկ այսօր ոչ թե բացատրում են, թե ինչու դա տեղի չունեցավ, այլ լկտիաբար պնդում, թե դա տեղի է ունեցել, բոլոր խոստումները կատարված են հարյուր տոկոսով։  

Եվ զոմբիացված զանգվածները հավատում են այդ աբսուրդին. դրա վկայությունն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։    

Եվ ահա թե ինչի մասին ես մտածում, թանկագին հպարտ քաղաքացիներ։ Ի՞նչ իմանաս, գուցե հենց հանուն Նիկոլ Փաշինյանի է հայոց աշխարհում բացվում ամեն նոր առավոտը։ Քանզի լուսաբացի ու մայրամուտի միջեւ տեղի ունեցող իրադարձությունների իմաստի որեւէ այլ, ավելի խելամիտ բացատրություն այստեղ չի հաջողվի գտնել երբեք։  

Նիկոլ Փաշինյանի ամենավաղ, առավել հայտնի պատկերներից մեկը ստեղծվել է 1490 թվականին եւ կոչվում է «Հարմոնիա»։ Այն հեղինակել է Լեոնարդո դա Վինչին՝ 34,3X24,5 սմ չափերի թղթի վրա։ Նկարում երկու դիրքով պատկերված է Նոր Հայաստանի ապագա առաջնորդը՝ գրկախառնության համար տարածած թեւերով տեղավորված միաժամանակ շրջանագծի ու քառակուսու մեջ։  

Ապագա առաջնորդը այնտեղ դեռ երիտասարդ է, երկարամազ ու սափրված։   Ինչ վերաբերում է ավտորիտարիզմին, որ հաստատվում է մեզանում, ապա այստեղ ուշագրավ է, թերեւս, միայն այդ բառի ստուգաբանությունը։ «Ավտորիտարիզմ» բառը լատիներեն ծագում ունի. auctoritas՝ «ավտորիտետ», ինչը առաջին հերթին նշանակում է մարդու հատկանիշ, որը ուրիշներից ավելի «մեծ» ու «բարձր» է։   

Auctoritas բառը կապված է լատիներեն aug արմատի հետ, որը բովանդակում է «աճի» գաղափարը. augere՝ «աճել», «աճեցնել»։ Իր հերթին այդ արմատն ընկած է augustus՝ «օգոստոս», «կայսր» տերմինի հիմքում. այդպես էին իրենց անվանում կայսրության դարաշրջանի հռոմեական տիրակալները։   Իրականում augustus-ը այն մարդն է, որը մի գլուխ բարձր է մնացած բոլորից, անհատ, որի շնորհիվ «աճում» է քաղաքը, համայնքը, հասարակությունը, պետությունը։ Բայց այդ արդյունքներին հասնելու համար տիրակալը պիտի հատուկ գիտելիքներ ունենա, նա պարտավոր է «իմանալ, թե ինչպես է պետք»։  

Նա պետք է լինի ոչ միայն «ավտորիտար», այլեւ «ավտորիտետ»։ Եվ իր գիտելիքները պիտի թելադրի ենթականերին, հպատակներին։ Այստեղից էլ լատիներեն մյուս բառը. dictator, այսինքն՝ թելադրող, նա, ով պարտադրում, հրամայում է ուրիշներին, թե ինչ է պետք անել, ըստ որում՝ ոչ մեկի հետ չխորհրդակցելով։  

Հին Հռոմի պատմության մեջ այդ կոչումը պաշտոնապես ստացած դիկտատորի տիպիկ օրինակ է Ցինցինատոսի կերպարը, որն ապրում էր իր կալվածքում եւ խաղաղ զբաղվում հողագործությամբ։ Բայց իրավիճակը փոխվեց, երբ էկվի եւ վոլսկի ցեղերը սկսեցին սպառնալ Հռոմին։ Սենատը խնդրեց Ցինցինատոսին զբաղեցնել դիկտատորի պաշտոնը՝ քաղաքը փրկելու համար։ Նա համաձայնեց եւ վեց օր անց ջախջախեց երկու ցեղերին էլ։ Կառավարման 14 օրը լրանալուց հետո նա կրկին վերադարձավ գյուղատնտեսական աշխատանքներին։  

Ինչպես տեսնում ենք, «ավտորիտարիզմ» բառը ի սկզբանե ունեցել է դրական իմաստ, սակայն ժամանակի հետ դրա բովանդակությունը լրիվ փոխվեց։   Ինչո՞վ այս ամենը կավարտվի։ Պատմության դասերով, որոնց մասին գրել ենք հոդվածի սկզբում։  

Փաշինյանը բազմիցս նշել է, որ Հայաստանում հեղափոխության լիմիտն արդեն սպառված է։ Սակայն նման հմայախոսություններն անիմաստ են։ Դրանք հավասարազոր են աղոթքները գրավիտացիայի օրենքին հակադրելու փորձի։   

Չէ՞ որ հեղափոխությունը սոցիալական սուր բորբոքում է, որն առաջանում է բնականորեն։ Այն չի ենթարկվում ոչ մի բանի, բացի հենց իրենից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ