«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Այսպես ասած՝ թավշահեղափոխական ալիքով իշխանության եկած գործիչներին, չգիտես ինչու, թվում է, որ եթե իրենց որեւէ քայլի վերաբերյալ ինչ-որ բան ասացին, ուրեմն՝ վե՛րջ, դա հենց այդպես էլ «հալած յուղի» տեղ ընդունվելու է, անցնի-գնա: Այդ «գործում», ինչ խոսք, անվիճելի առաջատարն ու չեմպիոնը Նիկոլ Փաշինյանն է:
Վերցնենք թեկուզ իր հերթական խորհրդականի (արդեն տասնյակն անցնում է նրանց թիվը) նշանակման աղմկահարույց վերջին պատմությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը օրերս իր խորհրդական է նշանակել Արշակ Կարապետյանին, որը ապրիլյան պատերազմից առաջ եւ այդ օրերին Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր, իսկ դրանից որոշ ժամանակ անց, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվեց պաշտոնից:
Ասել, թե այս նշանակումը, հատկապես սոցցանցային տիրույթում ակտիվ հանրությունը սվիններով ընդունեց, կնշանակի՝ ոչինչ չասել: Սոցցանցերում արտահայտվող, ապա նաեւ ցանցային լրատվամիջոցներով տարածված արձագանքներում հիմնական դիտողությունն ու դժգոհությունն այն է, որ հետախուզական առումով ձախողված պատասխանատուին ինչպե՞ս կարելի է խորհրդական նշանակել եւ ինչո՞ւ: «Հետք» պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, օրինակ, գրել է. «ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել: 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է: Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին պաշտոնից: Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել եւ ոչ մի հետախուզական տվյալ չկար: Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»:
Իսկ, օրինակ, քաղաքագետ Հայկ Բալանյանն էլ այսպես է արտահայտվել. «Ադրբեջանական հարձակումը բաց թողած մարդուն խորհրդական նշանակելը երեւի թե ինչ որ իմաստ ունի: Իմ համար անհայտ: Բայց մեկը չեղավ, ասի, որ պիտի սկզբից այդ մարդու վրայից բծերը հանես ու չկայացած, բայց սպառնացող քրեական գործից մաքրես:
Ինքը՝ նորաթուխ խորհրդականը, իր մասով առաջին խորհուրդը չկարողացավ տալ, որ բացասական դրվագ կա, ու նշանակումը վատ է ընկալվելու, մարդիկ հիշում են, ՊՆ համակարգից հետախուզության տապալման համար հեռացված մարդ եմ, պիտի քայլեր արվեն, ռեաբիլիտացվեմ, մաքրվեմ, մեղավորները ասվեն ու հասարակությանը բացատրություն տրվի՝ այդ ինչպես եղավ, որ քնած մնացինք: Խորհրդականի առաջին իսկ քայլը սխալ դուրս եկավ, չգիտի սեփական հասարակությունը ու սեփական անձի իմիջը: Բայց վարչապետին խորհուրդներ է տալու»:
Եվ սա դեռ հնարավորինս կոռեկտ, թերթի էջերում մեջբերելի ձեւակերպումներն են: Ի դեպ, արժե արձանագրել եւ այն, որ Փաշինյանի այդ նշանակման վերաբերյալ սուր արտահայտվողների շարքերում քիչ չեն այնպիսի անձինք, որ, չասենք՝ կրծքով պաշտպանում էին, բայց ըստ կարելվույն խրախուսում էին Փաշինյանի՝ իշխանության գալը: Ըստ որում՝ այդ անձանց մի մասը իրենց շրջանակում տրամադրություն ու կարծիք ձեւավորող են: Դե ինչ, Փաշինյանը որքան հաճախակի նման սուր հակազդեցություն հարուցող քայլեր կատարի, այնքան ավելի շուտ կսպառի այժմյան վարկանիշը: Բայց դա՝ դեռ իր հերթին:
Երեկ Փաշինյանն առիթ ունեցավ անդրադառնալու իր այդ խնդրահարույց նշանակմանը հաջորդած արձագանքներին: Ինչպես սովորաբար լինում է իշխանության ներկայացուցիչների շրջանում, Փաշինյանի ցանկացած արտահայտություն ավելի բարդացնում է իր վիճակն ու դիրքը թե՛ այդ, թե՛ նաեւ այլ հարցերում:
Նա էլի հիշեց «0038 հրամանի» մասին, քանի որ այնտեղ եւս նույն Արշակ Կարապետյանը հիշատակված է որպես կայազորի պետ: Փաշինյանի արձագանքն այն էր, թե՝ «0038 հրամանի» հետ կապված, Զինված ուժերի մի շատ մեծ հատված ներգրավված է եղել այդ պրոցեսներին, ի՞նչ անել՝ այդ հատվածը անջատե՞լ զինված ուժերից: «0038 հրամանի հետ կապված քննություն է ընթանում, որը վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնց գործողություններում առերեւույթ ի հայտ են գալիս հանցագործության հատկանիշներ, ու կապ չունի, թե այդ մարդը ով է: Մենք խոսում ենք մարտի 1-ին զինված ուժերի ներգրավվածության մասին: Զինված ուժերի այդ ներգրավված ներկայացուցիչների 90 տոկոսն այսօր էլ շարունակում ծառայել»:
Մի խոսքով, ինչպես իրեն հարմար է: Մեկն ու մյուսը, ուրեմն, քննության ենթակա են, երրորդն ու չորրորդը՝ ոչ: Բայց դա՝ իր հերթին: Շարունակությունն ավելի «ճոխ» է, քանզի Փաշինյանը երեկ նաեւ մասնավորապես նշեց. «Նրանք, ովքեր ասում են, որ քառօրյա պատերազմի պատասխանատուն Արշակ Կարապետյանն է, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկը պատասխանատու չէ: Նրանք, որոնք հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանն աշխատանքից հանել է այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանն արդար դատավոր է եւ արդար որոշում է կայացրել:
Ես քառօրյա պատերազմի մասին կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասի մասին: Մենք ունենք շատ հարցեր՝ ապրիլյան պատերազմի մասին, եւ մենք պետք է շատ հանգիստ, հանդարտ պետք է գտնենք այդ հարցերի պատասխանները եւ թույլատրելի մասը ներկայացնենք հանրությանը»: Շատ բնութագրական է: Գրեթե լիովին տերպետրոսյանական ոճով՝ փոփոխել քննադատության շեշտադրումները, հետո՝ լղոզել զանազան դատողություններով: Իսկ հիմնական դիտողությունն այն է, որ տվյալ զինվորականը պատասխանատու է եղել հետախուզական տվյալների ամփոփման եւ համապատասխան վերադասին ներկայացնելու համար, եւ այն, որ ադրբեջանական լայնածավալ հարձակումն ամեն պարագայում անսպասելի էր մեր զինուժի համար, վկայում է այդ առումով կոնկրետ բացթողման մասին:
Թե հիմա քանի՞ կիլոգրամ կամ տոննա գաղտնի տեղեկություններ է կարդացել վարչապետի պաշտոնակատարը, այլ հարց է: Ի դեպ, հետաքրքիր է՝ այդ գաղտնի փաստաթղթերում եղած տվյալները գոնե համոզե՞լ են Նիկոլ Փաշինյանին, որ ապրիլյան պատերազմի, այսպես ասած, «պայմանավորված լինելու» մասին իր՝ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում ներկայացրած մեղադրանքները, այսպես ասենք՝ իրականությունից հեռու են, եթե չասվի՝ մտացածին:
Այլ հիշեցումներ էլ եղան: Երեկվանից ակտիվ շրջանառվում էր «հեղափոխական քայլերթի» օրերին արված մի տեսանյութ, որում պատկերված են խարույկի շուրջ նստած Նիկոլ Փաշինյանը, իր զինակից Արայիկ Հարությունյանը։ Վերջինս դատողություններ է անում, որ այն նույն Արշակ Կարապետյանին պատժելու փոխարեն ընդամենը նախկին պաշտոնից ազատել եւ այլ պաշտոնի են նշանակել (ռազմական կցորդ)...
Երեկ Նիկոլ Փաշինյանին տեսանյութի վերաբերյալ էլ հարց տրվեց: Նա էլ, թե. «Խարույկի շուրջ նստած խոսել ենք, այո, ես էլ եմ այնտեղ եղել: Նախկինում հնչած հայտարարությունները, անգամ իմ ու իմ թիմակիցների կողմից, որեւէ մեկի նկատմամբ դատավճիռ չէ: Քառօրյա պատերազմի մեկնարկից առաջ առնվազն մեկ ամիս, եթե ոչ ավելի, ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, որը իմացել են բոլորը: Ես հիմա իրավունք չեմ վերապահի գնահատականներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ»:
Ծիծաղելի կլիներ, եթե ասեր, թե ինքն այնտեղ, խարույկի շուրջ չէր: Իսկ մնացյալը...
Մնացյալը՝ ի՞նչ: Մի՞թե առաջին անգամ է: Մարդը խոստանում էր վերացնել կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը, բայց իշխանության գալուն պես, առաջինը հենց այդ պարտադիրը հաստատեց: Մարդ, որ իբր դատավորներին չի զանգում, բայց իր գաղտնի ծառայության պետի հետ նման հարցեր է քննարկում: Մարդ, որ իբր քաղաքական վենդետային դեմ է, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնականում նման դրսեւորումներով է աչքի ընկնում:
Երկար կարելի է թվարկել: Այնպես որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության դեպքում իրենց իսկ երեկվա ասածները այսօր հաշիվ չեն, իսկ վաղը հաշիվ չեն լինելու այսօրվա ասածները:
Ինչ վերաբերում է խորհրդականին, ապա ինքը՝ իր խորհրդականը: Որքան դա անհաջող նշանակում լինի, այնքան, երեւի թե՝ լավ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը