13 12 2018

Պապիկներն ու թոռնիկները․ «Հայոց աշխարհ»

Պապիկներն ու թոռնիկները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Խորհրդարանական ընտրություններին հաջորդած ներկա սուր պաշտոնակռվի ընթացքում իշխանության վերին սանդղակներում դրսեւորվում է մի տարօրինակ օրինաչափություն։   

Արդեն իսկ ուրվագծվող Ն.Փաշինյանի կադրային բազան ներկայումս մի փոքր ընդլայնվել է՝ ներառելով քաղաքական գործիչների երկու հստակ շերտ.

առաջինը երիտասարդ ակտիվիստների կիսամորուքավորների բանակն է, որը լավագույն դեպքում բաղկացած է նախկին իշխանությունների օրոք կեղծ դիսերտացիաներ թխած կիսագրագետներից, մի մասն էլ՝ ուղղակի փողոցից հավաքված պատահական մարդկանցից, երկրորդ շերտն աստիճանաբար բյուրեղանում է 1998-ից առաջ՝ Տեր-Պետրոսյանի օրոք պաշտոնավարած կադրերի վերադարձի տեսքով, որոնք տարիքով այնքան են մեծ առաջինի երիտասարդ ներկայացուցիչներից, որ նվազագույնը պապիկի դեր կարող են խաղալ նրանց համար։  

Այնպես որ պրոֆեսիոնալներ ասելով՝ իշխանավորները նկատի ունեն ոչ թե կոնկրետ ոլորտների մասնագետներին, այլ միայն իրենց փորձառու յուրայիններին, որոնց եւ անփորձ յուրայինների միջեւ տարիքային տարբերությունը 20 տարուց պակաս չէ։   

Այն, որ տերպետրոսյանական կադրերի լայն ներգրավումը համաձայնեցված է վերջինիս հետ՝ մեր մեջ կասկած չի առաջացնում։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ անցած 7 ամիսների ընթացքում արտաքին քաղաքականության բնագավառում թույլ տրված առաջին սխալներից եւ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանի հեռանալուց հետո այս ոլորտում համեմատաբար տանելի կացություն է ստեղծվել։   Տանելի ենք ասում ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սկսել է հստակ տեսք ստանալ, այլ որովհետեւ նվազել են ակնհայտ ձախողումները։ Իսկ սա նշանակում է, որ առաջին նախագահը եւս ներգրավված է Փաշինյանին խորհուրդ տվողների ցանկում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։   

Դրականն անկասկած որոշակի փորձի գոյությունն է, իսկ բացասականը՝ քաղաքականության ուղղվածությունը, որը մինչեւ դեկտեմբերի 9-ի ընտրությունները նրբորեն քողարկվում էր ընդհանուր բնույթի կարգախոսների տակ, բայց շուտով կդրսեւորի իր բուն դեմքը՝ Ղարաբաղի, հայ-թուրքական հարաբերությունների եւ այլ սուր հարցերի վերաբերյալ վաղուց հայտնի դիրքորոշումների տեսքով։  

Ստացվում է, որ տերպետրոսյանական պաշտոնյաների սերունդը, պայմանականորեն ասած՝ պապիկները, օգտակար կարող են լինել աղաղակող սայթաքումներից խուսափելու համար, եթե նրանք մնան խորհրդականների դերում։   

Բայց ինչպե՞ս հասկանանք այն փաստը, որ նորընտիր Ազգային ժողովի համար առանցքային՝ պաշտպանության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովների ղեկավարությունը նույնպես նախատեսվում է հանձնել ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանին ու Հովհաննես Իգիթյանին։  

Ավելի քան տարօրինակ է նրանց պատկերացնել խաղացող-մարզիչների դերում, որովհետեւ 20 տարի ոլորտից բացակայող մարդկանց վերադարձը չի կարող որեւէ կերպ ապահովել իրականացվելիք քաղաքականության որակը։   

Ի վերջո, այդ տարիների ընթացքում այնքան ջուր է հոսել, այնքան արագ է փոխվել Հայաստանը շրջապատող անվտանգության միջավայրը, որ դժվար է ասել, թե ովքեր են նրանք այժմ՝ նախկին ՀՀՇ-ականնե՞ր, թե՞ ներկա փաշինյանականներ։   Իսկ պապիկներին ասպարեզ բերելու փոխարեն հնարավոր չէ՞ր գտնել անցած 20-ամյակում այդ ոլորտներում աշխատած եւ իրավիճակին տիրապետող բանիմաց պաշտոնյաների՝ նախկին զինվորականների ու դիվանագետների կորպուսից։ Իսկ որ այդպիսիք կան եւ ամենեւին էլ վարկաբեկված չեն՝ շատերին է հայտնի։   Պարզվում է, որ պապիկների ու թոռնիկների արանքում, իշխանությունների պատկերացմամբ, միայն ու միայն «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչներ են։   

Այսինքն՝ կոնկրետ անհատներին ուղղվող մեղադրանքը տեղափոխվում է մի ամբողջ սերնդի վրա՝ նրան աստիճանաբար դուրս թողնելով կադրային բանկից։   

Բայց այդպես առաջնորդվելու պարագայում ո՞վ է չափելու հենց իրենց՝ տերպետրոսյանական կադրերի կոռումպացվածության աստիճանը։ Թե՞ նրանք սրբեր են, որոնք 20 տարի թաքնվել էին քարանձավներում ու աղոթում էին՝ Տեր-Պետրոսյանի թոռնիկի՝ Նիկոլի գալուն սպասելով։  

Հետաքրքրական է նաեւ, որ Ազգային ժողովի աթոռները գրաված հավակնոտ երիտասարդների բանակը արդեն սկսել է տրոհվել պաշտոնների համար պայքարող առանձին խմբերի, որոնք ներկայացնում են անցած տարիներին Ն. Փաշինյանի հետ ծանոթություն ու կապեր ունեցած բոլորովին պատահական մարդկանց։   

Եվ այդ պատահական մարդիկ առաջիկայում պատրաստվում են արմատապես կրճատել պետական ապարատը, որը բաղկացած է տարիների փորձ ունեցող պետական ծառայողներից։ Այսինքն՝ երեկվա պլակատ բռնողները առաջիկայում որոշելու են քաղծառայության աստիճանակարգով վեր բարձրացած պրոֆեսիոնալների ճակատագիրը՝ նրանց դատապարտելով գործազրկության կամ արտագաղթի։   Բայց դա դեռ ոչինչ՝ նրանք որպես պատգամավոր պետք է օրենքներ գրեն պետական կառավարման այնպիսի բնագավառների մասին, որոնց ծանոթ են միայն թերթերից ու հեռուստաէկրանից, այսինքն՝ կրկնելու են 1990-ականների սկզբներին նույն դերում հայտնված իրենց պապիկների հայտնի գործելակերպը։  

Ակնհայտ է, որ հեղափոխական ցնցումների հետեւանքով իշխանության եկած Ն.Փաշինյանի քաղաքական թիմը նրա ուսուցչի՝ ՀՀՇ-ական կադրերի նման ոչ միայն ավերելու է տարիներով հղկված պետական ապարատը, այլեւ արագորեն ընդօրինակելու է կոռուպցիոն գործելակերպը։   

Կադրային քաղաքականության մեջ գարնանից մինչ օրս արդեն մեկ անգամ տապալված իշխանավորները իրենց տերպետրոսյանական պապիկներով ու փաշինյանական թոռնիկներով հաշված ամիսների ընթացքում կարող են այնպիսի ավերներ գործել մեր երկրում, որ իրավիճակը շտկելու համար տասնամյակներ կպահանջվեն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ